Բաժիններ՝

«Վիգենին լավ նայիր, որ Դեմիրճյան ազգանունը շարունակվի»

Սկիզբը՝ այստեղ.

Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկի՝ Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Գայանե Ավետիսյանի անտիպ հուշերը՝ իր և Վարպետի մտերմության մասին, և թե ինչպես այդ մտերմությունից 1943թ. ծնվեց 35-ամյա Գայանե Ավետիսյանի և 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանի որդին՝ կրտսեր Վիգենը:

Դերենիկ Դեմիրճյանը պատմեց, որ իր տուն մի ուսանող է գնացել և ապշած նայել համեստ կահավորանքին: Վարպետն ասել է. «Հարգելի ուսանող, եթե Դուք եկել եք ինձ հետ զրուցելու, ապա խոսեք ինձ հետ, իսկ եթե Ձեզ իմ տան կահ-կարասին է հետաքրքրում, գնացեք ունիվերմագ»:

Նա առհասարակ շատ համեստ մարդ էր:
Մայրս ծեսերին միշտ յուղոտ փլավներ էր պատրաստում, և որպեսզի մորս չնեղացներ, Վարպետն ասում էր. «Շատ զգույշ իմ ափսեն փոխիր և առանց յուղի փլավ տուր, յուղը վտանգավոր է»:

Կարդացեք նաև

1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք: Մի օր Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ և ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները և դուք սովամահ չլինեք, ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ, որ գնաս «Կարմիր հացագործում» աշխատես, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ ջութակի դասեր ստանա»:

Ես մեծ դժվարությամբ թողեցի բեմը և գնացի «Կարմիր հացագործ»՝ աշխատելու: Կատարում էի ամեն տեսակի աշխատանքներ (սեղան մաքրել, աման լվանալ), որպեսզի մեր գոյությունը պաշտպանեինք, իսկ եթե հանկարծ սպիտակ հաց էր ձեռքս ընկնում, պահում էի Վարպետի համար, որը երբեմն գալիս էր ինձ մոտ: Մեր կյանքը կանոնավորվեց:

Վարպետը միշտ ասում էր, որ փոքր Վիգենի տասնամյակի թամադան ինքն է լինելու, և իրոք, հունվարի 5-ին, երբ Վիգենի տասը տարին լրացավ, առավոտյան երեխաների հետ անցկացրեց, իսկ երեկոյան արդեն հավաքվել էին բավականին մարդիկ: Վարպետը վերցրեց բաժակը. «Իմ իղձը կատարվեց, ես տոնեցի Վիգենի տասնամյակը (մինչև 14 տարեկանը տեսավ Վիգենին)»:

Վարպետը շատ էր սիրում երեխաներին և դեռ բակ չմտած` բոլոր երեխաներ վազում էին` բացականչելով. «Վա՜յ, Վիգենի պապան եկավ»: Եվ նա բոլորին հրավիրում էր պատշգամբ՝ ասելով. «Սպասեք, հիմա կգամ»: Լվացվում էր և ինձ ասում.

«Քաղցրավենիք բեր»: Երեխաները նստում և սպասում էին, որ հիմա Դեմիրճյան պապիկը պետք է մի լավ բանով պատվի իրենց:
Վիգենը հիվանդացավ, և Վարպետը կարգադրեց, որ լուծույթի մեջ թրջված մառլյաներ կապեն դռների բռնակներին, իսկ մայրս դեմ էր այդ բաներին և ասաց.

– Դերենի՛կ, ես 12 երեխա եմ ծնել ու պահել, բայց այսպիսի բան չեմ տեսել, որ բռնակներից վարակվեն:

Վարպետն ասաց. «Քանի՞ երեխա է Ձեզ մնացել», մայրս ասաց. «Ընդամենը չորսը»: Վարպետն ասաց. «Դե՛, մայրիկ, ուրեմն լավ չեք պահել»: Վիգենին լողացնելու ժամանակ միշտ չափում էր ջրի ջերմաստիճանը, որ տաք չլիներ:
Մեր նախասենյակում մեր ուտելիքի պահարանն էր՝ դռները բաց: Այնտեղ հաճախ էի երեխաների համար քաղցրավենիք պահում. շատ դժվար էր, բայց Վարպետը մի կերպ ճարում, բերում էր և ինձ հանձնարարում, որ տամ երեխաներին, հատկապես փոքրիկ Վիգենին, որպեսզի ռախիտ չմեծանա: Եվ ես նրան մի օր ասացի, որ մեր նախասենյակում ապրող երեխան (3-րդ դասարանցի էր) այդ օրվա քաղցրը տարել է:

Վարպետը ոչինչ չասաց: Նա մի մաքուր թղթի վրա մեծ տառերով գրեց` «ՄԻ ԳՈՂԱՑԻՐ, ԱՄՈԹ Է», ու ինձ ասաց. «Վաղը որ կոնֆետ բերեմ, այս գրածը կդնես վրան»: Այդպես էլ արեցի և՛ երկրորդ, և՛ երրորդ օրը: Նկատեցի, որ թղթի դիրքը փոխվել է, բայց ոչինչ չէին տարել: Երբ ես այդ մասին ասացի Վարպետին, շատ ուրախացավ:

Ես, չգիտեմ ինչու (մինչև հիմա էլ չեմ ներում ինձ), Վիգենին տարա ռուսական մանկապարտեզ` Իլյիչի անվան (Թումանյան փողոց, նախկին Ալավերդյան), և արդեն 10-րդ օրն էր` երեխան չէր հարմարվում մանկապարտեզին: Ես ինքս գնացի՝ իմանալու պատճառը: Դաստիարակչուհին ասաց, որ մեր երեխան գալիս է և ոչ մեկի հետ չի մերվում, նստում է ու կամաց-կամաց արտասվում: Ես այս բանը պատմեցի Վարպետին, մայրս նույնպես բողոքեց, որ ես երեխային լացով ու կոծով մանկապարտեզ եմ տանում: Դեմիրճյանն ասաց. «Լա՛վ, Վիգենին կանչիր, և մեզ մենակ թողեք»: Ես գնացի: Մի քանի րոպեից հետո նա ինձ կանչեց. շատ չարացած էր: Կռահեցի, որ իմ հիմարության համար է զայրացել, իսկ Վիգենը նայում էր ներքև: Վարպետը ինձ հարցրեց.

– Երեխային ի՞նչ մանկապարտեզ ես տվել` հայկակա՞ն, թե՞ ռուսական:
Այդ դժվարին վիճակից դուրս գալու համար ասացի, որ այդտեղ կա և՛ հայկական, և՛ ռուսական: Իսկ ինքը իր կտրուկ ու կարճ ոճին համապատասխան` ասաց.

– Հայկականը հայկական է, ռուսականը` ռուսական:
Ես այլևս ելք չունեի արդարանալու և ասացի ճշմարտությունը: Նա միայն ասաց.

– Ճամպրուկդ չես կապել, որ գնաս Ռուսաստան: Իմ որդին պետք է գնա հայկական մանկապարտեզ:
Եվ վեր կացավ, շատ զայրացած, առանց բան ուտելու, ինձ ոչինչ չասաց, մայրիկիս ասաց.

– Դուք վաղը երեխային մանկապարտեզ չտանեք, ես կտանեմ:
Մյուս օրը, առավոտյան, ժամը 10-ին եկավ, ու երեխայի հետ գնացին` առանց ինձ խոսք ասելու: Ժամը 5-ն էր թե 6-ը, եկավ ուրախ տրամադրությամբ, կարծես թե ոչինչ չէր եղել, ինձ նայեց բարի ու լավ աչքերով ու ասաց. «Դե, Գարուն ջան, ես քեզ նեղացրեցի, բայց Վիգենին տարա Աջոյի մանկապարտեզը»: Հաջորդ օրը երեխան վեր կացավ ու ասաց. «Դե, տատիկ ջան, գնանք, այնտեղ ոչ մի ռուս կուկու չկա, բոլորը հայ կուկու են»:
Վարպետը միշտ դուրս էր գալիս՝ ձեռնափայտը ձեռքին և վերարկուն թևին գցած: Մի անգամ ես փորձեցի օգնել անցնել մեր բակի առվակից: Նա խիստ վիրավորվեց և ասաց, որ իրեն օգնելը լինի առաջին ու վերջին անգամը: Ես հասկացա…

nkar2

Եթե մեր մասին խոսակցություններ էին լինում (հատկապես տարիքային տարբերության մասին), նա ինձ ասում էր. «Մարդը կարիճ է, մինչև պոչի թույնը չթափի, չի հանգստանա, այնպես որ, դրանք դատարկ խոսակցություններ են, կանցնի: Կյանք է, կյանքն էլ` մի հեքիաթ, միայն քո ուշադրությունը նվիրի Վիգենին, որպեսզի առողջ մեծանա»:

Վարպետը շատ էր սիրում երգել, և երբ ռադիոն երգ էր հաղորդում, ապա ինքն էլ սկսում էր ձայնակցել իր փոքրիկ ձայնով` «Ա՛յ բաղմանչի, բաղմանչի»…

Նա երեխաներին էր ասում` ամեն իր տեղը դնել, որ եթե հանկարծ լույս չլինի, նրանք իմանան իրերի տեղը և վերցնեն: Շատ բծախնդիր էր մաքրության հարցում, նույնիսկ թութն առանց լվանալ թույլ չէր տալիս ուտել: Նա ինձ շատ էր պատմում Շվեյցարիայի մասին, որտեղ ինքը եղել է 1905 թվականին: «Շվեյցարիայում մարդիկ իրար հանդիպելիս երբեք չեն հարցնում. «Ո՞նց ես», և դա ճիշտ է, քանի որ եթե վատ եմ, ինչո՞վ կարող են օգնել, եթե լավ եմ, դրանից իրենց ի՞նչ օգուտ: Երբեք չեն հարցնում. «Ո՞ւր ես գնում»: Մարդը գուցե այնպիսի տեղ է գնում, որ դու չպետք է իմանաս, կամ գնում է քո գնացած տեղը: Ամենամոտ հարազատները` մայրը, որդին, քույրը, եղբայրը, նախօրոք պետք է զանգեն, նոր միայն իրար այցի գնան, իսկ խմելու ջուրն առաջին տեղն է գրավում»:

Վարպետն ասում էր, որ մարդկանց թվում է, թե իբրև ինքը շատ հարուստ է, և հաճախ իրենից դրամ են ուզում և, որպեսզի այդ տպավորությունը այդպես էլ մնա, եթե այդ օրը չէր ունենում, ասում էր` վաղն եկեք, որպեսզի մի որևիցե տեղից վերցնի և տա:
Վարպետը հաճախ գալիս էր ջութակով, հատկապես Վիգենի համար: Մի օր էլ ասաց. «Վիգենն ինձ է եկել, լավ լսողություն ունի, պետք է տանեմ երաժշտական դպրոց», և ինքն անձամբ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որի դիրեկտորն էր հանգուցյալ Հայկանուշ Դանիելյանը: Դրանից հետո շատ սուղ պայմաններով գնեցինք դաշնամուր` «Ռոստով-Դոն», և այդ դաշնամուրը Վարպետը տարավ իրենց մոտ` Աբովյան 29, որպեսզի Վիգենն ավելի կապված լիներ իրենց տան հետ, սակայն որոշ ժամանակ անց երեխան որոշեց չգնալ՝ մեծ Վիգենի պատճառով: Դաշնամուրը տեղափոխեցինք ինձ մոտ, և երեխան սկսեց պարապել:

Մինչ այժմ այդ դաշնամուրը` որպես մասունք, պահել եմ: Երբ Դեմիրճյանի համար տուն-թանգարան կկազմակերպեն, ես այդ դաշնամուրը կտամ այդ թանգարանին:
Վարպետի 70-ամյակի օրը փոքրիկ Վիգենն իր մոտ էր: Ներկա էին նաև Իսահակյանի ընտանիքը, գրող Հրաչյա Հովհաննիսյանը: Երբ տիկին Սոֆիկը Վիգենին բարձրացնում և կանգնեցնում է աթոռի վրա, Դեմիրճյանն ասում է. «Տեսեք, իսկական իմ պնչից թռած է»:

…Նրա հայրենասիրության մասին մեկ օրինակ:

Իր քրոջ (Դեմիրճյան Սաթենիկի) որդին 1942 թ. եկել էր մի քանի օրով արձակուրդ և ինչ-ինչ պատճառով իր ատրճանակով խփել էր իրեն ու տեղն ու տեղը մահացել: Դեմիրճյանը տուն եկավ շատ հուզված ու ասաց. «Քրոջս տղան ինքն իրեն խփեց, իր կյանքին վերջ տվեց»: Ես ու մայրս մի պահ կորցրեցինք մեզ, բայց Վարպետն, առանց իրեն կորցնելու, ասաց, որ դրա կարիքը չկա, նա համարվում է ազգի դավաճան, նա իր պարտքը չկատարեց, թուլամորթություն արեց: Հետո ճաշեց շատ հանգիստ, բայց երբեմն դեմքի այտոսկրերը բարձրանում և իջնում էին:

Թաղման ժամանակ նա կանգնած էր հեռու և ոչ մի արցունք չթափեց: Երբ մյուս օրը մայրս ցանկացավ նորից խոր վիշտ հայտնել, նա մորս ասաց. «Նա պետք է ընկներ իր հայրենիքի համար` որպես ազնիվ զավակ»: Դրանից հետո ոչ մի խոսք չասաց: Երբ քրոջ տղայի մահվան 7-րդ օրն էր, ես ասացի, որ պետք է գնալ գերեզմաններ: Նա հուզված ինձ ասաց, որ այդպիսիններին չեն ափսոսում, նա թուլամորթություն է ցուցաբերել, չպետք է գնալ: Նա այս ահեղ օրերին իր ժողովրդի ազատության համար պետք է կռվում ընկներ:

Վարպետը շատ էր վախենում մահից, և միշտ Իսահակյանի հետ կատակում էին, թե իրենցից ով է շուտ մահանալու:

Մի անգամ, ներկայացումը վերջանալուց հետո, Վարպետը շուտ էր գնացել տուն: Մեծ մասամբ անպայման ինքն էր ինձ տուն ուղեկցում: Այս անգամ Լևոն Մսրլյանը եկավ և հայտնեց, որ Դերենիկը շուտ գնաց տուն, և խնդրեց, որ ինքը ինձ տուն հասցնի (Լևոն Մարսլյանն էլ ուներ 2-րդ կինը, բայց ոչ պաշտոնականացված, և նրանից` մեկ տղա): Ես ասացի. «Ո՛չ, ես ինքս կգնամ»: Նա ինձ կատակով ասաց. «Դե լավ, մեկ անգամ էլ ես փոխարինեմ Դերենիկին»: Ես պատասխանեցի. «Ոչ մի դեպքում: Ես Դեմիրճյանի նույնիսկ ձեռնափայտն եմ սիրում»:

Եվ այս խոսքն էլ հասել էր Վարպետին… Երբ գալիս էր մեզ մոտ, շատ էր սիրում, որ նստեի իր կողքին, դիվանին, և ամենայն անկեղծությամբ ինձ հետ այնպիսի զրույցներ էր անում, որ ես աշխարհից վերանում էի և երբեք նրա տարիքը չէի տեսնում: Հաճախ ասում էր. «Կարծես թե մենք որոշ հարցերում իրար լավ ենք հասկանում, ես էլ փոքր հասակում (8-10 տարեկան) մեկ-մեկ նեղ շրջանակներում դերասանություն եմ արել, սիրել եմ երաժշտությունը, իսկ 14 տարեկանում կարդացել եմ բոլոր հեղինակներին»:

Մի անգամ էլ ասաց. «Իմ Վիգենին աշխատիր լավ նայես և իմ մահից հետո լավ եղիր Մարիա Միխայլովնայի (Դեմիրճյանի երկրորդ կինը. – Լ.Ա.) հետ, նա կլինի քո լավ բարեկամը»: Եվ իրո՛ք, Մարիա Միխայլովնան իր մարդկային լավ բնավորությամբ ու գիտակցությամբ եզակի էր, և այդպիսի անձնավորություն չկա և չի կարող լինել:
Մարիա Միխայլովնան ազգությամբ ռուս էր:

Որքան էր սիրում փոքրիկ Վիգենին և իմ մեծ տղային, Վիգենի հետ պարապում էր ռուսաց լեզու: Նրա որդին (ո՛չ Դեմիրճյանից) այնքան էր կապված փոքր Վիգենի հետ, որ երբ գալիս էր Երևան, շատ անկեղծ էր դեպի նա:

Մեծ որդիս բավականին երկար հասակ ուներ և հավանել էր մեկ մոխրագույն գծերով կոստյում: Կոստյումը գնեցինք, հագավ մի քանի անգամ և մի օր էլ ասաց, որ իրեն դուր չի գալիս: Դեմիրճյանը ասաց. «Ռադիկ ջան, մ՛ի հագիր, որ դուրդ չի գալիս, ապա ե՛ս փորձեմ», և նա հագավ, վրայով շատ լավ նստեց: Անմիջապես փաթաթել տվեց, իմացավ արժեքը: Հաջորդ օրը դրամը բերեց: Ես շատ վիրավորվեցի: Նա ասաց, որ դա իր գործն է, թող տղան իր ճաշակով ընտրի: Եվ հիմա, երբ Վարպետին այդ կոստյումով ցույց են տալիս հեռուստացույցով, մեծ տղաս ասում է. «Իմ կոստյումն անմահացել է»:

Մի անգամ եկավ մեզ մոտ և ծիծաղելով ասաց ինձ. «Ավետիքը հարցրեց, թե ինչպես է, որ Մարիան ու Գայանեն (Գարունը) այդքան լավ են իրար հետ: Ես ասացի, որ երկուսդ էլ անշահախնդիր մարդիկ եք»: Քանի անգամ Մարիան ինձ ասել է, թե ինչո՞ւ ես փող չեմ վերցնում Դեմիրճյանից, երբ նա տալիս է, ես ասացի, որ աշխատում եմ, այդ պատճառով:

Ցավոք սրտի, ինձ հետ դժբախտություն պատահեցգ (1956թ. Գայանե Ավետիսյանին ձերբակալում են՝ խանութում տեղի ունեցած ինչ-ինչ անճշտությունների համար.- Լ.Ա.): Երբ Վարպետին պատմել էին այդ մասին, երբ նրա մոտ էին գնացել և պատմել իմ մասին, նա միայն ասել էր. «Շուտով ամեն ինչ կանեմ, որ Վիգենս որբ չմնա», և նրա աչքերից արցունքներ էին հոսել: Երբ ես նրա մահվան լուրը լսեցի, բանտի հիվանդանոցում էի, որից հետո այլևս չեմ զգացել` ինչ է կատարվել ինձ հետ, և այդտեղից ինձ տեղափոխեցին (1957 թ.) քաղաքի հիվանդանոց միայն ու միայն Ավ. Իսահակյանի, տիկին Սոֆիկի ու Բելայի խնդրանքով, որը գրել էր. «Մեծարգո Շմավոն ջան, աշխատեք Դեմիրճյանի տղայի մորը շուտ ազատել այդ հիվանդանոցից, Դերենիկը չկա, երեխան մեղք է: Մայրն առևտրում անփորձ է եղել…»:

Պետք է ասեմ, թե որքան մեծ հոգու տեր կին էր տիկին Սոֆիկը, նրա հետ միասին և հարսը` Բելան (նրա հետ թատրոնում միասին էինք աշխատում): Այդ իմ ծանր ճակատագիրը պակաս ազդեցություն չունեցավ իմ փոքրիկ Վիգենի վրա: 14 տարեկան էր` չկային հայրը և մայրըգ և այդ երեխան երբեք չփչացավ, վատ շրջապատ չընկավ՝ մինչև իմ ազատվելը: Ես անմեղ էի և խանութից գլուխ չհանելու պատճառով ընկա այդ արհավիրքի մեջ, այդ խանութում ընդամենն աշխատել էի 6 ամիս և հազիվ 10 անգամ խանութում եղած լինեի: Շատ կարելի է գրել, բայց դառը հուշերը ինձ թույլ չեն տալիս գրելու, և ես հիվանդանում եմ հոգեպես:

Մոսկվայում, 1941թ. առաջին դեկադայի ժամանակ, որքան ուշադիր էր իմ նկատմամբ: Նա ինձ տանում էր բոլոր թանգարանները, տեսարժան վայրերը, բացատրում էր, ինչպես երեխայի (ես առաջին անգամ էի լինում Մոսկվայում), նրա մեղմ ու կիրթ մոտեցումն ինձ կախարդել էր: Լիֆտով բարձրանալիս ես վախեցա, առաջին անգամ էր, նա այնպես հուզվեց և ինձ ասաց, որ իրեն գրկեմ ու աչքերս փակեմ:

Հաջորդ անգամ, երբ մենք Մոսկվայում էինք, տարբեր հյուրանոցներում էինք: Վարպետը և անվանի դերասանները «Մոսկվա» հյուրանոցում էին տեղավորված: Բայց փորձերից կամ ներկայացումից հետո Վարպետն ասում էր. «Գնանք ինձ մոտ հյուրանոց, հենց համարում միասին կճաշենք»: Մի անգամ (իր կարգադրությամբ) պառկեցի հանգստանալու, դեռ չէի քնել, երբ ներքևից բարձրացավ մատուցողը և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում: Վարպետն ասաց. «Տիխը, մադամ սպիտ»: Երբեք ու երբեք չեմ մոռանագ Մի անգամ, երբ միասին նախաճաշում էինք, զանգ եղավ:

Նաիրի Զարյանի կինն էր` Սիրանը, որը ցանկացավ գալ Վարպետի մոտ հյուրանոց: Վարպետն ինձ ասաց. «Գարուն ջան, ինձ ներիր, հիմա դու գնա, որ նա չգա այստեղ մեզ միասին տեսնի, հետո մենք կշարունակենք մեր նախաճաշը»: Մինչ այժմ էլ չեմ հասկանում, թե ինչու նա այդ ասաց: Տիկին Սիրանը միշտ բարևում էր ինձ և իմ նկատմամբ վատ չէր:

Մայրս մահացավ 1950թ.: Զանգեցի Դեմիրճյանին, և չանցած երկու ժամ` Մարիա Միխայլովնան եկավ և շոշափելի գումար բերեց ինձ: Ես գումարը չէի վերցնում և շատ խիստ վիրավորվեցի. ինձ համար լավ կլիներ, որ ինքը գար: Նա ասաց. «Դուք գիտեք, որ նա այդպիսի տեղեր չի գնում, նա կգա թաղումից հետո, մյուս օրը»: Իսկ չէ՞ որ Վիգենի (փոքր) տատիկն էր մահացել, որի ամբողջ խնամքը նա էր տանում:

nkar

Դեմիրճյանը շատ անհանգիստ բնավորություն ուներ, մանավանդ գրական ստեղծագործության ժամանակ, երբ մեկն ինչ-որ դիտողություն էր անում` դրական կամ բացասական, երկուսի համար էլ հուզվում էր և չէր սիրում, երբ իրեն գովերգում էին իր ներկայությամբ:

Շատ էր սիրում, որ մարդիկ խոսեն ճիշտ գրական լեզվով (մանավանդ ուսանողները և աշակերտները): Ահա մի դեպք. միասին գնում էինք թատրոն, տրոլեյբուսում երկու աղջիկներ` աշակերտուհիներ, խոսում էին և իրար ասում, թե վաղը ինչ դասեր ունեն: Մեկն ասաց` «աշխարհ» (այսինքն` աշխարհագրություն), մյուսն ասաց` «թվաբ» (թվաբանություն), և՛ ռուսերեն էին խոսում, և՛ հայերեն:

Վարպետն իր ձեռնափայտը շատ զգուշությամբ մեկնեց այդ աղջիկներից մեկին և ասաց. «Խոսեք իսկակա՛ն հայերեն` թվաբանություն, աշխարհագրություն: Կա՛մ խոսեք լրիվ ռուսերեն ու վերջացրեք ռուսերենով, կա՛մ հայերեն` հայերենով վերջացրեք, բայց, ցավոք, երկու լեզուներով էլ ճիշտ չխոսեցիք»: Մեկն այնպես նայեց զայրացած, բայց անմիջապես շիկնեց և կամաց ընկերուհուն ասաց. «Դեմիրճյանն է»: Եվ հաջորդ կանգառում անմիջապես իջան:

Մինչ այսօր էլ կան մարդիկ որոնք ինձ անհամեստ հարց են տալիս Դեմիրճյանի տարիքի մասին: Ինչ խոսք, տարիքը մնում է տարիք, ո՞վ կարող է ժխտել 30 տարվա տարբերությունը, բայց չէ՞ որ դա Դեմիրճյանն էր: Ես ամաչելով ասում էի. «Չէ՞ որ Դուք ավելի լավ երկրպագուներ ունեիք և նրանցից որդի կունենայիք, գուցե և գրող կլիներ Ձեր կինը, ինչո՞ւ ընտրեցիք ինձ: Այդ գաղտնիքն ուզում եմ իմանալ»: Նա բարի ծիծաղեց ու մազերս շոյեց. «Ես քեզ մի բան պատմեմ, իրական. ես Մոսկվայում էի (թիվը, ճիշտն ասած, չեմ հիշում, բայց Մարիա Միխայլովնան կար»):

Պատմեց, որ մեկի միջոցով ծանոթանում է մի շատ գեղեցիկ տիկնոջ հետ՝ բարձրագույն կրթությամբ. «Որոշել ենք, որ գանք Երևան, նա առանձին կապրի` մինչև մեր հարցերի լուծումը: Մյուս օրը նրա ընկերուհուն հարցնում եմ՝ ի՞նչ տպավորություն եմ թողել այդ կնոջ վրա: Ընկերուհին ասում է. «Նախ` ասաց` տարիքի մեծ տարբերություն կա, բայց գրող է, և ես շատ հակում ունեմ լավ հագնվելու, պետք է Վարպետին հասկացնես, որ վաղը ինձ համար (մինչև Երևան գալը) գեղեցիկ կոշիկներ և զգեստներ գնի»: Հաջորդ օրը հանդիպեցինք, նախաճաշեցինք: Հետո ասացի. «Գնանք որոշ գնումներ կատարենք Ձեզ համար` մինչև Երևան գնալը»: Բարձր տրամադրությամբ գնացինք Մոսկվայի ԳՈՒՄ-ը:

Նախ` ես նրան տարա կոշիկների բաժին, ասացի` ընտրեք քանի զույգ և ինչպիսին Ձեզ դուր կգա: Վերցրեց երկու զույգ կոշիկ, որից հետո գնացինք հագուստեղենի բաժինը: Ասաց. «Ուզում եմ այնպիսին ունենալ, որ Երևանում ոչ մեկը չունենա» (դա այնքան տհաճ էր ինձ համար), բայց ես իմ անելիքը գիտեի: Մի խոսքով, ամեն ինչ գնեցինք, ես ասացի. «Ես շտապ տեղ ունեմ գնալու, տարեք Ձեզ մոտ, գնալուց ես Ձեզ իմաց կտամ նախօրոք: Դեռ երկու օր ինձ չզանգեք. զբաղված եմ»: Եկա, նույն օրը տոմսակ վերցրեցի ու եկա Երևան: Ադմինիստրատորի մոտ մի նամակ թողեցի: Գրել էի` «Ձեր ընկերուհուն ասել էիք, որ ինձ միայն որպես գրող եք ճանաչում, Ձեր ցանկացածները գնեցի: Այլևս մեր մեջ ամեն ինչ վերջացած է»:

Անցավ մի քանի օր: Հեռախոսը զանգում է, լսում եմ նրա ձայնը. «Ձեր գրած նամակը ինձ խիստ վիրավորել է, ես ճիշտ չեմ վարվել և չէի կարծում, որ իմ մտերիմ ընկերուհին կարող է Ձեզ ամեն ինչ պատմել, այլևս նման բան չի կրկնվի»: Ես ասացի. «Ո՛չ Դուք կգաք և ո՛չ էլ ես»: Ահա և բոլորը: Չեմ սիրել, չեմ սիրում այն մարդկանց, որոնք ձգտում են նյութականին, ես սիրում եմ մեծ հոգու տեր մարդկանց, ինչպես իմ և քո սիրելի Մարիա Միխայլովնան»:

Երբ ես ինձ կաշկանդված էի զգում, Մարիա Միխայլովնան ասում էր. «Դուք ոչ մեկի կարծիքը հաշվի միք առնի, միայն Վիգենին լավ նայեք, որպեսզի առողջ լինի, և Դերենիկի ազգանունը շարունակվի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս