Բաժիններ՝

«… Եվ 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանը որդի ունեցավ»

Տատիկիս՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակից Արփիկ Ավետիսյանի (1912-1991) արխիվում մի մաշված, քրքրված կապիչներով թղթապանակ կար: Այն բացելու անհրաժեշտությունը միշտ հետաձգվում էր, քանի որ մյուս` առավել հաստափոր ու չափազանց հետաքրքիր բովանդակությամբ նյութերը ժամանակ չէին թողնում բացելու այս մեկը:

Եկավ նաև դրա հերթը. դեղին, խունացած էջերին տատիկիս գրամեքենայի ծանոթ տառատեսակն էր: Վերնագիրը չափազանց հետաքրքրեց` «Իմ հուշերը կապված Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի հետ»: Հուշերի հեղինակը Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկն էր: Տեքստից ակնհայտ էր` նա հուշերը տատիկիս է հանձնել այն տարիքում, երբ նրբանկատ ու խելացի երևալու ցանկությունն արդեն ուսերի ետևում էր: Ո՞վ է այս կինը` Գայանե Ավետիսյանը (1908-1986): Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի: Ինչո՞ւ է իր հուշերը վստահել տատիկիս: Հուշերն ընթերցելիս` պարզվեց, որ տատիկս ու Գայանե Ավետիսյանը նույն դպրոցում են սովորել: Հետևաբար, կարող եմ միայն ենթադրել, որ արդեն հասուն տարիքում նրանք հանդիպել են, և Գայանե Ավետիսյանը պատմել է իր հիշողությունները վաղեմի ընկերուհուն:

Gayane Avetisyan

Չգիտեի` Գայանե Ավետիսյանի պատմությունը հայտնի՞ է Դեմիրճյանի կենսագիրներին: Դիմեցի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանին: Պարզվեց, որ Գայանե Ավետիսյանի մասին գրավոր նյութեր առանձնապես չկան. Դեմիրճյանն իր հուշերում նրան հիշատակել է միայն անվան առաջին տառով կամ ներկայացրել` որպես «Գարուն»: Գայանե Ավետիսյանը Վարպետի օրինական կինը չէր: Կարինե Ռաֆայելյանը պատմեց, որ, ըստ Վարպետի քրոջ աղջկա` Նատալյա Շիրինյանի` Դեմիրճյանը զերծ է եղել բոլոր կարգի թուլություններից:

Կարդացեք նաև

Ո՛չ ալկոհոլ, ո՛չ ծխախոտ, սուրճն անգամ միայն կաթով էր խմում: Բայց Վարպետն ունեցել է մեկ թուլություն` կանայք: Դեմիրճյանը երկու անգամ օրինական ամուսնություն է ունեցել. առաջին կինը Մարիամ Կանայանն էր` Դրաստամատ Կանայանի քույրը: Մարիամը շուրջ 15 տարի փոքր էր Դեմիրճյանից. եղել է նրա սանուհին Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան դպրոցում:

Ունեցել են երկու որդի` Արտաշեսը, որը մահացել է 2 տարեկանում, և Վիգենը, որը ապրել է մոտ 60 տարի և ունեցել է մտավոր խնդիրներ: Մարիամը վաղ է մահացել: Նրա մահից մի քանի տարի անց Դեմիրճյանը հանդիպել է երկրորդ կնոջը` ազգությամբ ռուս Մարիա Միխայլովնա Իվանովային: Մինչ Դեմիրճյանին հանդիպելը` տիկին Մարիան արդեն ամուսնացած էր և որդի ուներ, սակայն որդուն թողնելով ամուսնու մոտ` սկսել է ապրել Դեմիրճյանի հետ:

«Եթե հավատանք բանավոր պատումներին,- շարունակում է Կարինե Ռաֆայելյանը,- այդ կնոջը Դեմիրճյանի համար Չարենցն է փախցրել: Սա վարկած է, որը դեռևս լուրջ հիմնավորումներ չունի: Դեմիրճյանը 37թ., հասկանալի պատճառներով, շատ խնամքով թաքցրել է իր և Չարենցի մտերմությունը»: Ի դեպ, Մարիա Միխայլովնան հրաժարվել է Դեմիրճյանից զավակ ունենալ, քանի որ մտավախություն է ունեցել, թե երեխան կարող է ոչ առողջ լինել, ինչպես Վիգենը:

Գայանե Ավետիսյանը` մինչ Դեմիրճյանի հետ կապվելը, ևս ամուսնացած էր և ուներ որդի: Նրա ամուսինը 1941թ. զոհվել է Հայրենական պատերազմում: 1943թ. ծնվել է 35-ամյա Գայանե Ավետիսյանի և 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանի որդին` Վիգենը: Այս երեխային ևս Վիգեն են կոչել: Հետաքրքիր պատմություն կա. Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել են որդի ունենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի, ում անունը ևս Վիգեն էր: Երեքն էլ ունեցան արու զավակ: Երեքն էլ նրանց տվեցին Վիգեն անունը: (Լևոն Շանթի Վիգենը 1943-ին ռմբակոծության ժամանակ իր հարսնացուի հետ մահացավ):

Vigen Demirjyan-krtser

Վիգեն Դեմիրճյանը մահացավ մոտ մեկ տարի առաջ: Հենց նա էլ իր մոր` Գայանե Ավետիսյանի լուսանկարները փոխանցել է Դեմիրճյանի տուն-թանգարանին:
Ստորև ներկայացնում ենք Գայանե Ավետիսյանի անտիպ հուշերը Դերենիկ Դեմիրճյանի մասին՝ մասնակի կրճատումներով ու խմբագրումներով:

Իմ հուշերը` կապված Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի հետ
Ես փոքր հասակից զրկվել եմ հարազատ հորից, և իմ խնամքը տարել է իմ մեծ եղբայր Մաթևոս Հարությունի Ավետիսյանը, որն ավարտել է Էջմիածնի ճեմարանը: Նրա ուսուցիչն էր մեծ Կոմիտասը: Մեզ մոտ էին հավաքվում երաժիշտներ Ռոմանոս Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, Շարա Տալյանը, որոնք մեր տանը կատարում էին «Անուշ» օպերայի փորձերը:

Եղբայրս ջութակ էր նվագում, հաճախ էր լինում անգլիական մանկատանը (ներկայիս Թումանյան փողոցում, անցյալում` Դոկտրսկայա 20): Մանկատունը գտնվում էր մեր տան դիմաց, որի սաները բեմադրում էին ներկայացումներ, գլխավոր դերերում խաղում էին մանկատան սաներ Պարոնիկյան Մայրանուշը (Թութուշ), այժմ ՀՍՍՀ վաստակավոր դերասանուհի: Ես էլ մինչ դպրոցն ավարտելը մասնակցում էի թատերական խմբակներում (ինքնագործ): Երբ բեմադրեցինք Պանջուլազյանի «Մասոն վարդապետի հարսանիքը», ես սովորում էի 8-րդ դասարանում, ես խաղում էի Նազլուի դերը, իսկ գլխավոր դերը կատարում էր Գուրգեն Մելիքսեթյանը` Աբել: Դպրոցն ավարտելուց հետո ինձ ձգում էր արվեստը, և ես ընդունվեցի Վավիկ Վարդանյանի թատերական ստուդիան, որտեղ ինձ հետ միասին ուսանում էին Ժենյա Մկրտչյանը, Թամարա Դեմուրյանը, Էդիկ Համբարձումյանը (օպերետայի դերասան), և հենց առաջիկա երկու ամսվա ընթացքում ինձ տվեցին մեկ պատասխանատու դեր, որից հետո Արվեստի վարչությունը ինձ մեկ տարով ուղարկեց Նոր Բայազետի թատրոն` աշխատանքի:

1936-37թթ. Նոր Բայազետի թատրոնում աշխատելուց հետո ընդունվեցի Գ. Սունդուկյանի անվան թատրոն: Սկզբում աշխատում էի որպես կրտսեր դերասանուհի, ապա դերասանուհի:

1941թ. մենք մեկնեցինք Մոսկվա` հայկական արվեստի տասնօրյակին մասնակցելու, որտեղ և լսեցինք, որ սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը: Մենք արդեն ավարտել էինք մեր 10-օրյակը: Վերադառնում էինք Երևան, կայարանում էինք: Ահավոր խառնաշփոթություն էր: Այդ ժամանակ ինձ մոտեցավ Դերենիկ Դեմիրճյանը, օգնեց ինձ ճամպրուկներս դնելու գնացքում և ասաց. «Դուք գնացեք, իսկ մենք կգանք մյուս գնացքով»: Նա իր գրպանից հանեց մի փոքրիկ բլոկնոտ և խնդրեց, որ հայտնեմ իմ հասցեն՝ իբր ցանկանում էր հեռագրել հարազատներիս, որ գան ինձ դիմավորելու: Իսկապե՞ս այդ էր պատճառը, թե՞ մեկ ուրիշ բան, ես չգիտեի:

Երբ մենք հասանք տեղ, աննկարագրելի էր, թե ինչ էր կատարվում կայարանում. լաց ու ողբ, բոլոր ապրանքատար և մարդատար գնացքները լիքն էին ռազմաճակատ մեկնող երիտասարդներով: Այդպես էլ ինձ ոչ ոք չդիմավորեց, և մենք ընկերներով ամենքս գնացինք մեր տները:

Ես գնում էի թատրոն՝ փորձի: Մի օր մայրս ասաց, որ մի շատ պատկառելի մարդ եկել տուն ու ինձ է հարցրել: Երբ նկարագրեց նրա արտաքինը, անմիջապես կռահեցի, որ դա ինքը` Վարպետն է եղել: Մենք բեմադրում էինք «Երկիր հայրենին», և Վարպետը միշտ լինում էր մեր փորձերին:

Մի անգամ, փորձից հետո, ինձ մոտեցավ Դեմիրճյանը և հարցրեց, թե իմ անունն ինչ է: Ես նրան պատասխանեցի, որ իմ անունը Գայանե է, բայց իմ հարազատները «Գարուն» են ասում:

Նա փորձերի ժամանակ միշտ սև բերետ էր կրում, բայց մի քանի ամիս հետո փորձերին սկսեց մասնակցել առանց բերետի, և աղջիկները կատակով ասում էին (Դորա Այարտյանը, Բելա Իսահակյանը (Ավ.Իսահակյանի հարսը.- Լ.Ա.), Ժենին և այլն). «Գայանեն Վարպետին ջերմացրել է ըստ երևույթին, նա էլ բերետ չի հագնում: Եվ ոչ մի հետին միտք:

Վարպետն իր վարքագծով և վարվելաձևով այնպես կարողացավ ինձ իր հետ կապել, որ ես մեծ բավականությամբ զրուցում էի նրա հետ: Մի անգամ, փորձից հետո նա առաջարկեց ինձ իր հետ միասին գնալ իր տունը` Աբովյան փողոցում. քանի որ ես երաժշտություն շատ էի սիրում, նա խոստացավ ինձ համար ջութակ նվագել:

Բայց ես փորձից հետո մյուս մուտքով գաղտնի հեռացա թատրոնից, որպեսզի նա ինձ չտեսներ և իր տունը չտաներ, այն բանի համար, որ նրա տանը հիվանդ տղա կար` իր տղան` Վիգեն անունով: Ճիշտն ասած` ես վախենում էի, որ կգնամ ու կտեսնեմ նրան:
Հաջորդ օրը Վարպետը մինչև փորձի ավարտը ասաց, որ կռահել է, թե ինչու չեմ գնացել իր տուն: Ինչպես էր նա այդ կռահել, չգիտեմ: Նա թատրոնից դուրս ինձ Գարուն էր անվանում (իր «Գարուն» ժողովածուն նվիրել է ինձ ու գրել` «Հեղինակից՝ Գարունին») և շատ էր ցանկանում ինձ հարազատ լինել և ասաց. «Գարո՛ւն, դու վախեցար իմ որդուց, հիմա նրանք տանը չեն և Մարիայի հետ գտնվում են քրոջս մոտ»:

Ես համաձայնվեցի և գնացի նրա հետ իր տուն: Ներս մտնելուն պես, իր սովորության համաձայն, նա լվացվեց, ինձ առաջարկեց ևս լվացվել, որից հետո անցանք իր առանձնասենյակը:

Նա վերցրեց ջութակը և ասաց. «Դուք գնացեք ճաշասենյակ և այնտեղից ավելի լավ կլսեք իմ նվագը»: Ես գնացի, և նա սկսեց նվագել «Ալմաստ» օպերայից Աշուղի արիան: Ես այդ պահին կարծես վերացել էի աշխարհից, թե ինչ էր կատարում, ուղղակի հրաշք էր, և ես ցանկացա դռան ճեղքից նայել ու համոզվել` իրո՞ք այդ նա էր նվագում, եթե այո, ապա ինչո՞ւ ինձ ասաց. «Գնացեք ճաշասենյակ»: Եվ ես համոզվեցի, որ իսկապես ինքն էր նվագում, բայց ինչպիսի դեմքի միմիկա ուներ, դա հնարավոր չէ նկարագրել:

Վարպետն ինձ համար գրամեքենա գնեց, և ես այդ մեքենայի վրա հաճախ տպագրում էի նրա աշխատությունները: Մի անգամ Վարպետը հարցրեց, թե ե՞ս եմ Սարմենին ասել, որ գրամեքենան ինքն է գնել, ես պատասխանեցի` այո՛:

Նա միշտ, որ գալիս էր մեր տուն, առաջին հերթին հետաքրքրվում էր մեծ որդուս ուսման գործերով, նոր միայն զբաղվում փոքրիկ Վիգենով: Մայրս փոքրիկ Վիգենին սովորեցրել էր խավիծ ուտել. մի «պոչով» աման ունեինք, որով կերակրում էինք նրան: Դեմիրճյանն ասում էր. «Գնա տատիկին ասա՝ քո պոչով ամանով քեզ խավիծ ուտացնի», իսկ ինքը զբաղվում էր մեծ տղայիս` Ռադիկի դաստիարակման հարցերով, որը 11 տարեկան էր: Հայրը զոհվել էր 1941թ. դեկտեմբերին` Կերչում:

Նա մեր ընտանիքում իրեն այնպես էր հարազատորեն դրսևորել, որ տղաս հոր բացակայությունը չէր զգում: Իսկ եթե մի օր չէր գալիս, անմիջապես տղաս հարցնում էր. «Մամա, ինչո՞ւ Դերենիկ քեռին չեկավ»:

Մի անգամ մեծ տղայիս բերանում թուղթ նկատեցի և ասացի, որ հանի բերանից, տղաս պատասխանեց. «Ապա ինչպե՞ս է մեծ Վիգենը միշտ թուղթ ուտում» (Դեմիրճյանի հիվանդ որդին նման սովորություն ուներ.- Լ.Ա.): Այն ժամանակ ներս մտավ Վարպետը և ասաց, որ ես իրենց մենակ թողնեմ (նախասենյակում նա լսել էր մեր խոսակցությունը): Նրա գնալուց հետո տղաս պատմեց, որ Վարպետը նրան հարցրել է, թե` «Այդ թուղթը, որ դրել էիր բերանդ, ի՞նչ էիր զգում` գրա՞ծ թուղթ էր, թե՞ մաքուր», և որպեսզի տղաս դուրս գա այդ վիճակից, պատասխանում է, որ թուղթը գրած էր ու շատ համով է: Հաջորդ օրը Վարպետը դարձյալ հետաքրքրվեց, թե Ռադիկը նորի՞ց է թուղթ ուտում, ես ասացի, որ դա ուղղակի պատահականություն էր, որ ես նրա բերանում մի փոքր թղթի կտոր էի նկատել և բարկացել վրան:

Մեծ Վիգենին մի անգամ բերեց մեզ մոտ. առաջին անգամ էր: Դեմիրճյանը ցանկանում էր, որ մեր աչքն էլ սովորի: Երբ ես թատրոնից եկա տուն, մայրս ինձ զգուշացրեց, որ վարպետն ու տղան մեր տանն են: Երբ ես ներս մտա, մեծ Վիգենը ժպտալով սկսեց դիվանի վրա թռչկոտել: Ես մի պահ վատ զգացի: Հենց որ Դեմիրճյանն ասաց. «Վիգե՛ն, չի կարելի», նա անմիջապես թողեց:

Եվ նա զգաց, որ մեզ համար դժվար է, հատկապես փոքր Վիգենի համար, նրա հետ միասին լինելը:

Մի անգամ ասացի, որ երեխաները կոշիկներ չունեն, մրսում են (պատերազմի տարիներն էին), նա խորհուրդ տվեց կոշիկների մեջ և մեջքին թերթեր դնել, այն տաք կպահի: Ես կատարեցի նրա խորհուրդը, և իսկապես որ դա շատ էր օգնում:

(շարունակելի)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս