Ինչպես Ռոբերտ դե Նիրոն, մի աղջկա տուն ճանապարհելիս, հայտնվեց Վրաստանում, և ինչպես դերասանին շփոթեցին Հավլաբարի Արտաշի հետ
Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի է ունեցել հեռավոր 1987 թվականին, առանձնանում էր իր աստղային կազմով: Կինոփառատոն են այցելել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելինին, Մարչելլո Մաստրոյանին, Ժերար Դեպարդիեն, Տոնինո Գուերան, Ջուլիետա Մազինան, Ջուզեպպե Դե Սանտիսը, Էմիր Կուստուրիցան և ուրիշներ։
Փառատոնի գրանդ-ժյուրին նախագահում էր Ռոբերտ դե Նիրոն։ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի հերոսի կողքին «Ռոսիա» կինոթատրոնի բեմում հավաքվել էր խորհրդային դերասանուհիների մի ամբողջ բազմություն։ Ժյուրիի նախագահին խնդրել են ընտրել ամենագեղեցիկ կնոջը, ում հետ նա կցանկանար անցնել կինոփառատոնի կարմիր գորգով։ Ռոբերտ դե Նիրոն հարցրել է, թե հնարավո՞ր է ընտրություն կատարել հանդիսատեսից, այլ ոչ թե բեմին կանգնած դերասանուհիների միջից։ Հաստատական պատասխան ստանալուց հետո ժյուրիի նախագահը մատնացույց է արել երրորդ շարքում նստած 20-ամյա սևահեր մի աղջկա: Պարզվել է, որ նա Թբիլիսիից քիչ հայտնի դերասանուհի Իյա Պարուլավան է։

Կինոփառատոնի անցկացման ընթացքում Դե Նիրոն և Պարուլավան շատ ժամանակ են անցկացնում միասին: Դերասանը մի երեկո առաջարկել է Իյային տուն ուղեկցել: Պարուլավան պատասխանել է, որ ուրախ է առաջարկի համար, բայց դա քիչ հավանական է։ Նրա տունը Մոսկվայում չէր, այլ շատ ավելի հեռու՝ Թբիլիսիում։ Թռիչքը տևում էր երկու ժամ։ Ռոբերտ դե Նիրոն մտածել է, անմիջապես ոչինչ չի պատասխանել։ Կինոփառատոնից հետո նա վրացի դերասանուհու հետ նստել է ինքնաթիռն ու մեկնել Թբիլիսի։

Օսկարակիր դերասանի՝ Կուր գետի ափին ժամանելու լուրը լույսի արագությամբ տարածվել է Վրաստանում: Դերասանին դիմավորել է վրացական կինոարդյունաբերության ամբողջ բոմոնդը:
Ամերիկացի հյուրին ցուցադրել են հին Թբիլիսին, Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթան և Քութաիսին: Հոլիվուդյան աստղը Թումանիշվիլիի թատրոնում դիտել է ներկայացում, ապա վարպետության դաս անցկացրել դերասանների համար՝ ուղիղ բեմի վրա: Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, որի ընթացքում նրանք խմել են կարմիր գինի: Սնունդը մատուցվել է անմիջապես բեմի հատակին:

Մի երեկո Ռոբերտ դե Նիրոյին Թբիլիսիի իր տանը հյուրընկալել է նկարիչ և քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։ Դերասանին տան մուտքի մոտ դիմավորել է մարդկանց բազմությունը: Երբ ամերիկացի հյուրը դռնից ներս է մտել, տեսել է հսկայական մի սեղան՝ լի համեղ ուտեստներով։ Նա հետաքրքրվել է, թե ի՞նչ տոն է այդ օրը նշվում երկրում։ Ծերեթելին Ռոբերտ դե Նիրոյին բացատրել է, որ այսպես են դիմավորում իր նման պատվավոր հյուրերին, ինչը ազգային ավանդույթ է։ Սակայն Դե Նիրոն այդպես էլ չի կարողացել գնահատել վրացական խոհանոցի համեղ ուտեստները, քանի որ այդ ժամանակ բուսակեր էր։

Ռոբերտ դե Նիրոն ապրել է հյուրանոցում, որը գտնվում էր Հավլաբարում՝ Թբիլիսիի՝ հայերով բնակեցված թաղամասում: «Կատաղի ցուլ» և «Տաքսու վարորդը» ֆիլմերի հերոսը մի օր որոշել է դուրս գալ հյուրանոցի իր համարից, զբոսնել փողոցներով, ինչից հետո նստել է նստարանին՝ դիտելու անցորդներին: Ավելի ուշ Ռեզո Տաբուկաշվիլիին (սցենարիստ և ռեժիսոր) Դե Նիրոն պատմել է իր զբոսանքի մասին և զարմանքով հայտնել, որ վրացիները նայել են իրեն, երբ ինքը նստած է եղել նստարանին, բայց չեն ճանաչել: Ռեզո Տաբուկաշվիլին պատասխանել է. «Այո՛, վրացիները նայել են քեզ, բայց եթե չեն ճանաչել, ապա կարծել են, թե դու Հավլաբարի Արտաշն ես»:
…1991 թվականին Ռոբերտ դե Նիրոն իր վրացի ընկերուհուն հրավիրել է Լոս Անջելես, Հոլիվուդ, որտեղ նա երկու տարի պրակտիկա է անցել։ Նա նկարահանվել է մի քանի աննշան երաժշտական տեսահոլովակներում և ֆիլմերում։

1993 թվականին Իյա Պարուլավան վերադարձել է Թբիլիսի, աշխատել է որպես վրացական հեռուստատեսության հեռուստահաղորդավար և նկարահանվել է 19 ֆիլմում։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը:
