Այաթոլլահ Խամենեի սպանությունն ունի ևս մեկ համատեքստ՝ մեզ համար գուցե մի փոքր անծանոթ, բայց հարազատ համատեքստ. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Այաթոլլահ Խամենեի սպանությունն ունի ևս մեկ համատեքստ՝ մեզ համար գուցե մի փոքր անծանոթ, բայց հարազատ համատեքստ։

Չպետք է մոռանալ, որ տարածաշրջանի տասնյակ միլիոնավոր շիաների համար Խամենեին մարմնավորում էր կրոնական հավատքի լեգիտիմությունը և գաղափարախոսական շարունակականությունը։

Այլ բառերով ասած՝ այաթոլլահ Խամենեի սպանությունը կարող է դուրս գալ աշխարհաքաղաքական ու զուտ ամերիկա-իսրայելա-իրանական հակամարտության սահմաններից ու դառնալ տարածաշրջանային կրոնական նոր հակամարտության պատճառ։ Ազգային անվտանգությունից ավելի սա կարող է վերածվել ինքնության, հավատի ու զոհաբերության խնդրի։ Սրան եթե գումարենք պրոիրանական ռազմական բջիջները Սիրիայից մինչև Եմեն, կունենանք պոտենցիալ մեծ բախումների հավանականության մեծացում։

Մերձավոր Արևելքում, Խամենեի սպանության պես մեծ իրադարձությունները հազվադեպ են ավարտվում բուն կատարված գործողությամբ։ Նման դեպքերը փոխում են ինքնություններ ու արված տասնյակ հաշվարկները կարող են առոչինչ լինել, քանի որ հնարավոր չէ լիարժեք հաշվարկել միլիոնավոր մարդկանց ինքնությանւ հարվածելու արձագանքը։

Էնպես որ ոչինչ չի ավարտվել, այլ նոր է սկսվում. մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, որտեղ 1991 թ. հետո ստեղծված աշխարհը, որին բոլորս սովոր էինք, այլևս բացառապես հիշողություն է լինելու՝ անկախ նրանից դուր է գալիս դա մեզ, թե ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս