ՊԱՏԻԺ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ. ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԾԱԽԵԼ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼ. ՍՐԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ ԽԱՉԻ ԴԵՄ Է. ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դերասան Լևոն Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այո, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ սուպերմարկետներից մեկում մենեջերն աշխատակիցներին ասել է՝ այսուհետ որևէ մեկը խաչով չգա աշխատանքի: Այսինքն՝ պայքարը խաչի դեմ է։ Այսօր շատերը խաչը սկսել են չընդունել։ Մարդուն գործ են առաջարկում, բայց ասում են՝ զգույշ եղիր, եթե ուզում ես՝ աշխատես, խաչով չմտնես էլ այստեղ։ Դա մի 2 ամիս առաջ էր տեղի ունեցել, ու հիմա տեսեք՝ ինչ է կատարվում Եկեղեցու հետ։

Levon Harutyunyan

Կարդացեք նաև

  • Ես մտավորականներից ոչ ոքի չեմ հարցրել՝ ինչո՞ւ չես խոսում, բայց դա ինձ համար ցավ է։ Ես չգիտեմ՝ ինչու իրենք չեն խոսում, միգուցե մտածում են՝ իրենց ասելիքը ասում են բեմում, բայց հուսով եմ՝ մի օր կարթնանան…
  • Հիմա մենք ապրում ենք մի երկրում, երբ մարդը չի հասկանում, որ իր թիկունքին կա պետություն, դրա հերն էլ են անիծել… Մարդը գիտի, որ իրեն դրսում մի բան լինի՝ իրեն տեր լինող չկա։ Դրա համար քաղաքացիական գիտակցությունն էլ է վերացել։
  • Էսօրվա մեր կառավարությունը թքած ունի մշակույթի վրա, այն դեմքերի վրա, ովքեր իրենց կողմնակիցներն են։ Մշակույթի գործիչներից շատերը ծախվում են մի փոր հացի համար, խուրդում են, իրենք էլ խուրդվում են։ Ահավոր ցավ եմ ապրում, որ մենք համակերպվում ենք դրա հետ։ Մշակույթի մարդու մեջ մշակույթը վաղուց սպանել են։ Էսօր թատրոններում չեն թողնում խոսել մեր ցավի մասին։ Եթե ներկայացման մեջ շոշափվում է մեր ցավը, օրինակ՝ Արցախի թեման, մեր մեծ ցավը, էդ ներկայացումը կարող են փակել։ Մեր կյանքում մի մեծ փոս է առաջացրել Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, կորուստները… մենք էդ փոսը ո՞նց ենք փակելու։ Հե՛տ ենք բերելու Արցախը, չի կարող դա չլինել… մի օր դա լինելու է: Եռաբլուր պետք է գնանք ու տղերքի կենացը խմենք ա՛յդ ժամանակ, ասենք՝ տղե՛րք, մենք դա արեցինք։

  • Ես մեր վաղվա օրվա մասին եմ ուզում խոսել, որովհետև եթե մենք մի անգամ էլ սխալ ընտրություն արեցինք, կարող ենք այլևս չլինել։
  • Երբ ասում եմ՝ երկրի տերը պետք է տղա լինի, որձ լինի, էս մարդիկ նեղանում են։ Բայց մեր գլխին ինչ ասես անում են, ոչ ոք չի հակադարձում։
  • Մեր երկրի նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը Դավոսում, Ալիևի կողքին նստած, ասում էր՝ «կներեք, պարոն Ալիև»։ Լո՞ւրջ, 7 տարվա մեջ է՞դ ա ձեր իտոգը։ Ո՞ւր ենք գնում սենց։ Երկու մասի բաժանված, իրար վրա ցեխ շպրտող մեր հայրենակիցները պիտի հասկանան՝ էս ի՞նչ արեցինք մեր երկրի հետ։

  • Այսօր Հայ Առաքելական եկեղեցին որպես ոսկոր՝ աշխարհի կոկորդին է։ Գեներալ Լեբեդ կար, որի գլուխը կերան, մի օր գրատախտակին նկարում էր հարևան երկրներին։ Մեկ էլ մեջտեղում խաչը երևաց ու Հայաստանը, ասաց՝ նայեք, որ օրը էս խաչը՝ Հայաստանը վերացավ, աշխարհի քրիստոնեության վերջը կգա։ Մեր էս փոքր հողակտորի համար պայքար է բոլոր կողմերից։ Բայց ոչինչ չեն կարողանալու անեն։
  • Ուզում եմ մի բան առաջարկել լրագրողներին՝ էդ մարդը որ եկեղեցիներ է գնում, մի գնացեք, մի լուսաբանեք։ Ուզում է կեղծիք անել, թողեք՝ գնա, թող գնա իր ԱԱԾ-ով, ոստիկաններով կանգնի։ Մի՛ նկարեք, ցույց մի՛ տվեք։ Իրենց հանդիսատես է պետք, մի՛ դարձեք իրենց համար հանդիսատես։
  • Ես ուզում եմ, որ հունիսի 7-ից հետո այս կառավարության բոլոր անդամները, իրենց պողպատե մանդատը գրկած՝ մտնեն ձուլարան, ձուլեն այդ պողպատը ու տեսնեն՝ դրանից ինչ դուրս կգա։ Իսկ դրանից խաչ է դուրս գալու։

  • Ժողովուրդ ջան, դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք։ Վաղը գալու է ճիշտ ընտրության օրը։ 7 տարի շարունակ ստող մարդ է ձեր դիմաց։ Եթե այս կառավարությունը հիշողություն չունի, մեր ժողովուրդն ունի հանճարեղ հիշողություն։ Ես ո՜նց եմ ուզում դրանց դատաստանը տեսնել։ Ուզում եմ հասկանալ՝ մեր ժողովուրդը ե՞րբ է արթնանալու։ Ժողովուրդ ջան, սրանց արածներից ինչի՞ չեք վիրավորվում։ Վաղն ի՞նչ եք անելու։ Ես չգիտեմ՝ ինչ են սարքել էս ազգին։ Հպարտություն, ինքնասիրություն, թասիբ չկա, ամեն ինչ վերացրել են։ Մենք բոլորով պիտի ոտքի կանգնենք ամեն բլթոցից հետո։ Մի փոքր խումբ է կանգնում, ԱԱԾ-ով տանում, հերներն անիծում են։ Իմ թոշակառուին վիրավորել են, մեր հեչ պետքը չէ… «Մեզ», «Մենք» հասկացությունները մեր միջից հանել, վերացրել են։ Էսօր էս պետությունը տեր չունի։
  • Վաղը ով էլ գա, ես ուզում եմ մի բան՝ ՊԱՏԻԺ, ու եթե այս կառավարության անդամները չպատժվեցին, ուրեմն մենք էլի նույն ճանապարհին ենք լինելու, իսկ եթե պատժվեցին, ուրեմն մի բան կփոխվի։ Ո՞նց կարելի է հայրենիքը հանձնել, 5000 երեխու սպանել, դավաճանել ու չպատժվել։ Պատիժ պետք է լինի, դատավորը պիտի հասկանա՝ օրենքն է կարևորը, ու օրենքով պետք է շարժվի, ու այդ ժամանակ գլխավոր դատախազը կծառայի ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին։

  • Օդի մեջ բլթոցներ են։ Ինչքան էլ ասեն՝ խաղաղություն, պատերազմն անխուսափելի է։ Չհավատաք էս մարդկանց բերած կեղծ խաղաղությանը։ Մենք կորցրել ենք մի բան, որը հետ պիտի գա։ Ու Արցախը հետ է գալու։
  • Ինձ շատ են ասում՝ քեզ պե՞տք է, գործդ ունես, ինչի՞ ես խոսում։ Ես էդ մարդկանց լսում եմ, բայց չեմ պատասխանում։ Սա իմ որոշումն է, ես չեմ կարող լռել, այլապես վաղն ինձ չեմ ների։ Գոնե ես ինձ հետ անկեղծ եմ։ Ես էս տեսակն եմ, ես ինձ չեմ կարող խաբել։ Իմ հարազատներն էլ են ինձ ժամանակ առ ժամանակ մեղադրում, անհանգստանում են։
  • Ժամանակն է՝ օր առաջ ազատվել այս համակարգից, որը մեր երկիրը տակնուվրա է արել։ Մենք հիմա բոլորս ենք շոկի մեջ։ Խոսում ենք ոտքի կանգնելու մասին, բայց ոչինչ չենք անում։ Մեզ պետք է լիդեր, որ իր հետևից կտանի ու ճանապարհի կեսից չի հոգնի, կտանի մինչև վերջ, ոչ թե կհասնենք մի կետի, կասի՝ գնացե՛ք տուն։ Օր առաջ սրանց պիտի մաքրենք, որ մենք կարողանանք մեզ կողքից նայել։ Եկել է մի փոքր մասսա, որ ամեն ինչ խուրդելով գնում է։ Նույնիսկ ցանկություն ունեմ՝ բանը ընտրության չհասնի։ Ամեն մի օրը մեր քթից գալիս է։ Ամեն օր մի բան գցում են դաշտ, ու մենք մոռանում ենք կարևորի մասին՝ Հայրենիք, Եկեղեցի, նոր սերունդ։

  • Ինձ մոտ զգացողություն է, որ վաղը-մյուս օրը մենք էս օրերին երանի ենք տալու։ Մենք հասել ենք նրան, որ «հես ա թուրքը կգա, կբնաջնջի, նոր կհասկանաք» արտահայտությունը ակտուա՞լ է դարձել։
  • Էսօր Սփյուռքը մեր ամենաթանկ կետն է, որը սրանք էլի ուզում են ոչնչացնել։ Սփյուռքն էլ է ոսկոր մեր թշնամիների կոկորդում։ Երկու ձեռքով պետք է կառչենք Սփյուռքից։
  • Երգիչ-դերասան-բլոգեր գնում են Ալեն Սիմոնյանի ծնունդին, թող գնան։ Մեր լավ օրերը դեռ առջևում են։ Չեմ ուզում իրենց դատապարտել, բայց վաղն իրար երեսի ենք նայելու։
  • Հերի՛ք է խաբեք էս ժողովրդին։ Կուզեմ, որ նա, ով պիտի գա, չխաբի էլ էս ժողովրդին։
  • Վաղամեռիկ Արմեն Գրիգորյանը էս օրը վաղուց էր տեսել, վաղուց էր զգում։
  • Ով հող է հանձնում, պետք է պատժվի։ Նոր սերունդը պետք է տեսնի, որ չի կարելի հայրենիքը ծախել ու հանգիստ ապրել։ Եթե բանը հասավ ընտրությունների, մեր ժողովրդին պիտի կարողանանք բացատրել՝ քո ամեն մի ձայնը շատ կարևոր է։ Պիտի գնաս ընտրության, գաս քո տուն։ Իսկ ով որ չի գնում, իր փոխարեն ընտրություն անելու են այն մարդիկ, ովքեր հիմա իշխանության են։ Էլ բան չունեն անելու սրանք, պրծնում են, ավարտվում են։

 

Տեսանյութեր

Լրահոս