
Մայր Աթոռի վրա հարձակվողը «ժողովուրդը» չէ. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է. «Իրավիճակն այսօր եւ 7 տարի առաջ խիստ տարբեր է: 2018 թվականին Փաշինյանն ուներ լայն հասարակական աջակցություն. շատերը հույս ունեին, որ իշխանափոխության միջոցով հնարավոր կլինի ազատվել մեր զարգացմանը խանգարող արատներից: Բայց մենք ոչ միայն չազատվեցինք ախտերից, այլեւ ընկանք այնպիսի փոսի մեջ, որից դուրս գալը, անկեղծ ասած, նույնիսկ Փաշինյանի հեռացմամբ երաշխավորված չէ:
Աջակցությունն, այդպիսով, էապես նվազել է: Կա եւս մի վճռորոշ տարբերություն:
2018 թվականի, ասենք, մարտին կամ ապրիլին Նիկոլ Փաշինյանի ձեռքում պետական լծակներ չկային: Եթե նա մի տեղ գրեր կամ հանրահավաքում ասեր, որ այսինչ մարդը, ենթադրենք, գող է, ապա ամբողջ պետական պատժիչ մեքենան չէր լարվի՝ այդ ենթադրյալ գողին բռնելու համար:
Հիմա նրա հույսը ոչ թե «ժողովուրդն» է (որի շարքերը, կրկնեմ, նոսրացել են), այլ իր սեփական քմահաճույքները կատարող «ուժայինները», դատախազությունը, դատարանները: Եթե վարչապետը ֆեյսբուքյան «ստատուս» է գրում, որ այսինչ մարդը պետք է նստի, ամբողջ պետական համակարգը «հավսար-զգաստ» է կանգնում՝ «գործ կարելու» համար:
Կոնկրետ Մայր Աթոռի վրա հայտարարագրված հարձակմանը նախորդել է երկու եպիսկոպոսների ձերբակալությունը, որը «ժողովուրդը» չէ, որ իրականացրել է՝ դա արել են պետական կառույցները:
Այնպես որ՝ եթե ինչ-որ զանգված՝ թեկուզ 3 միլիոն մարդ, շարժվի դեպի Վեհարան, այդ օպերացիան «ժողովրդինը» չէ, դա անելու է գործադիր իշխանությունը, որի ղեկավարը ցանկանում է փոխել կրոնական կազմակերպության առաջնորդին: Եվրոպացինե՛ր եւ եվրոպամետնե՛ր, ինչպե՞ս եք դրան վերաբերվում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: