
Հարավային Կորեայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 19-ի

Կորեայի Հանրապետությունում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 19-ի: Եվս 9 մարդ անհետ կորած է, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Տուժած շրջաններում ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Նախարարության տվյալներով՝ տարերքի հարվածների պատճառով, որոնք առավել ուժգին են եղել հուլիսի 16-20-ը, վնասվել է մոտ 7000 շենք: Ավելի քան 14 000 մարդ տարհանվել է, որոնցից 2500-ը մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց տները:
Հուլիսի 21-ին Հարավային Կորեայի նախագահ Լի Չե Մյոնը կառավարությանը հանձնարարել է տեղատարափ անձրևներից առավել տուժած շրջանները ճանաչել աղետի հատուկ գոտիներ:
Դա թույլ կտա մոբիլիզացնել լրացուցիչ միջոցներ՝ հեղեղումների հետևանքների վերացման, վերականգնողական աշխատանքների իրականացման և քաղաքացիներին օգնության ցուցաբերման համար: