
Իսրայելը քննադատել է 25 երկրների կոչը՝ Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Իսրայելը մերժել է 25 երկրի արտգործնախարարների կոչը՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու և անկլավի բնակիչներին մարդասիրական օգնության շարունակական հոսքն ապահովելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Իսրայելը մերժել է հայտարարությունը՝ նշելով, որ այն «կտրված է իրականությունից և սխալ ուղերձ է հղում ՀԱՄԱՍ-ին»։
«Հայտարարությունը չի կենտրոնացնում ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա…. Ընթացիկ բանակցությունների այս զգայուն պահերին ավելի լավ է խուսափել նման հայտարարություններից», – ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը մեկնաբանել է հայտարարությունը՝ նշելով, որ փաստաթուղթը «չի պարունակում ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու մասին ոչ մի խոսք, սա ոչ միայն անարդար է, այլև վնասակար»։
Գենդելմանը նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ին «հրադադարի յուրաքանչյուր փորձ խափանելու, Իսրայելի կողմից բազմիցս ներկայացված հստակ և արդարացի առաջարկները մերժելու մեջ»։
Հայտարարությունը ստորագրել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատարը։
Ընդ որում, մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Չեխիան, Հունգարիան և Սլովակիան, չեն ստորագրել փաստաթուղթը։
Հուլիսի 21-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմը Գազայում «պետք է անմիջապես ավարտվի», քանի որ քաղաքացիական բնակչության տառապանքներն էլ ավելի են խորացել։
«Գազայում քաղաքացիական բնակչության տառապանքները հասել են նոր չափերի։ Իսրայելի կառավարության օգնության տրամադրման մոդելը վտանգավոր է, սնուցում է անկայունությունը և զրկում է Գազայի բնակիչներին մարդկային արժանապատվությունից», – նշվել է հայտարարության մեջ։
«Մենք դատապարտում ենք օգնության կաթիլային մատակարարումը և իրենց ջրի և սննդի ամենաէական կարիքները բավարարել փորձող խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների անմարդկային սպանությունը», – ասվում է հայտարարության մեջ՝ «սարսափելի» որակելով այն փաստը, որ «ավելի քան 800 պաղեստինցիներ են սպանվել օգնություն փնտրելիս»։
Հայտարարությունը, որը նաև դատապարտում է Իսրայելի՝ Գազայի հարավում «մարդասիրական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ինչպես նաև Արևմտյան ափին բնակավայրերի գործունեությունը, միաժամանակ կոչ է արել ազատ արձակել պատանդներին։
«Մենք պատրաստ ենք լրացուցիչ գործողություններ ձեռնարկել՝ աջակցելու անհապաղ հրադադարին և իսրայելցիների, պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի համար անվտանգության և խաղաղության քաղաքական ուղուն», – եզրափակել են արտգործնախարարները։