Բացառիկ հուշեր Կոմիտասի մահվան և հուղարկավորության մասին

1915 թվականի ապրիլի 24-ին մոտ 600 հայ մտավորականների հետ ձերբակալվեց նաև Կոմիտաս վարդապետը: Կոմիտասն աքսորվեց Կ. Պոլսից 800 կմ հեռավորության վրա գտնվող Չանղըր բնակավայր:

Աքսորից մոտ 2 շաբաթ անց նա արևմտյան մի շարք երկրների դեսպանների միջնորդությամբ ազատ արձակվեց և վերադարձավ Կ. Պոլիս: Աքսորից վերադառնալուց հետո նրա առողջական և հոգեկան վիճակը վատացավ, և 1916 թվականի աշնանը նա տեղափոխվեց Ստամբուլի խոշորագույն հայկական համայնքներից մեկի՝ Շիշլիի հիվանդանոց, որտեղ մնաց մինչև 1919 թվական: 1919 թվականից մինչև 1922 թվականը Կոմիտասը մնաց Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում, իսկ 1922 թվականից մինչև կյանքի վերջ՝ 1935 թվական, նա մնաց Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում: Կոմիտասի մասին ժամանակակիցների հուշերը շատ են, որոնք բազմազան են և ամբողջական պատկեր են տալիս Կոմիտաս մարդու, վարդապետի, երաժշտագետի և հայի մասին: Կոմիտասի մահվան հանգամանքների մասին մինչ օրս տեսակետները շատ են: Կոմիտասի մահվան և հուղարկավորության մասին հետաքրքրական հուշեր ունի նաև հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը, ով մասնավորապես նշում է.

Կարդացեք նաև

«Կոմիտասի վախճանը ամենքիս հայտնի է: Նա գժվեց Կոստանդնուպոլսում: Սրա պատճառը տարբեր ձևով են բացատրում: Առաջին՝ այն, որ նա 15 տարի հայկական ձայնագրության գաղտնիքները լուծելու վրա աշխատելուց և գաղտնիքներն էլ լուծելուց հետո հանկարծ գտնում է մի բան, որով իր ամբողջ աշխատանքը ոչնչանում է: Դուրս է գալիս, որ ստացված արդյունքը սխալ էր: Սրա վրա գժվել է: Երկրորդ՝ որ ամենից ավելի ստույգն է թվում, հայկական ջարդն է 1914 թվականի: Տաճիկները մի գիշերվա մեջ ձերբակալեցին և աքսորեցին Կոստանդնուպոլսից 500 գրական և քաղաքական գործիչների, որոնց թվում էր նաև Կոմիտաս վարդապետը: Գերմանացիների դեսպանը միջամտեց և ազատեց Կոմիտասին, բայց Կոմիտասը տեսած լինելով այն ահավոր տանջանքները և սարսափները, որոնց ենթարկվեցին իր ազգակից ընկերները, գժվեց:

Հայտնի է, որ Փարիզի հայերը Կոմիտասին փոխադրեցին Փարիզ և տեղավորեցին մի նշանավոր գժանոցում, ուր ամսական մի մեծ վարձով պահեցին նրան ամենայն հոգատարությամբ մինչև իր մահը: 1925–1926 թվականներին Երևանում ես տեսա նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, որ պատմեց, թե ինքը Փարիզում գնացել է նույն գժանոցը, Կոմիտասին տեսության: Կոմիտասը ճանաչել է նրան, ինչպես ասում էր Թերլեմեզյանը, բայց ոչ մի խոսք չի խոսել և ամբողջ մի ժամ լուռ մնալուց հետո, Թերլեմեզյանը տեսնելով նրա համառությունը, մնաս բարով է ասել և հեռացել: Կոմիտասը մեռավ նույն գժանոցում: Փարիզի հայերը սքանչելի մի դագաղի մեջ դրեցին նրա մարմինը և փոխադրեցին Երևան, ուր շքեղ հանդեսով թաղվեց հին գերեզմանատան պանթեոնում»: («Էջմիածին», 1969, N 71, էջ 27-28):

Աճառյանի կողմից Փանոս Թերլեմեզյանի անվան հիշատակությունը պատահական չէ, քանի որ նկարիչն ու Կոմիտասն ունեին շատ մտերիմ հարաբերություններ: Թերլեմեզյանը ևս բացառիկ հուշեր ունի Կոմիտասի մասին, որով տեսնում ենք վարդապետի մարդկային և ստեղծագործական բացառիկ հատկանիշները:

Կոմիտասի մասին ամենամեծ հուշագրություններից մեկի հեղինակը դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանն է:

Իր դաշնամուրային նվագակցությամբ նա հաճախ է մասնակցություն ունեցել Կ. Պոլսում Կոմիտասի կազմակերպած համերգներին: 1935 թվականի հոկտեմբերին մահանում է Կոմիտասը, ում աճյունը Հայաստան է փոխադրվում 1936 թվականին: Կոմիտասը հուղարկավորվում է քաղաքային պանթեոնում, որը հետագայում անվանվում է Կոմիտասի անունով: Աղավնի Մեսրոպյանը հետաքրքիր հուշ ունի այն մասին, թե ինչպես են ինքը, Փանոս Թերլեմեզյանն ու Խրիմյան Հայրիկի թոռնուհին՝ Կարինե Խրիմյանը, 1936 թվականին այցելում Երևանում գտնվող Կոմիտասի շիրիմին: Նրանց այցելության օրը Կոմիտասի թաղման 40-րդ օրն էր.

«1936-ին, Կոմիտասի թաղման 40-օրյակին, ինձ մոտ եկան Կարինե Խրիմյանն ու մեր տան մեջ բնակվող նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, և առաջարկեցին միասին այցելել Կոմիտասի գերեզմանը: Հին գերեզմանատան Պանթեոնին մեջ, Կոմիտասի հողակույտին վրա, պարզվեցավ հուզական պատկեր մը. Կարինեն ու Փանոսը նախ այնտեղ բացին իրենց հետ բերած ծրարը, որ կպարունակեր լավաշ հացի մեջ փաթաթված մսեղեն և ալյուրե հալվա, և կանչելով այնտեղեն անցնող քանի մը հոգի՝ բաժնեցին անոնց: Հին գերեզմանատան համատարած լռությունը իր խորհրդավորությամբ համակեց մեզ: Ծերունազարդ Փանոսը, հուզումեն դողդողացող շրթներով, պատմեց իրենց մասին անցուցած երանելի օրերեն: Արցունքները կհոսեին իր զառամած դեմքեն վար: Կարինեն նույնպես կհեկեկար՝ վերհիշելով իր ծնողական տան անմոռանալի օրերը….:

Իսկ ես, քարացած այդ սև հողակույտին առջև, կարծես երազի մեջ, վերացած էի հոգվույս մեջ, կուտակված Կոմիտասյան այն առինքնող պատկերներով, որոնք վաղ երիտասարդական տարիներես կապվեցան անոր մեծ արվեստի նրբահյուս թելերուն….: Երեկո էր, երբ մեկնեցանք դարավոր գերեզմանատան Պանթեոնեն: Մեր ճամբու երկայնքին երկար դիտեցինք հայրենի երկրի երկու հավերժությունները՝ վեհանիստ Արարատն ու Հրազդանի փրփրուն ջուրերը, որոնք փոխադարձաբար, ատեն-ատեն կխաչաձևեին մեր խոհերը…. Հայրենի այդ հավերժություններուն հետ, և անոնց պես վեհ ու կենդանի, առհավետ կապրի նաև Կոմիտաս՝ իր երգերու հմայքով»: («Էջմիածին», 1955, N 12, էջ 36):

Կոմիտասի մասին յուրաքանչյուր հուշ, տեղեկություն սրբազան մասունք է հայի համար: Կոմիտասն իր գործունեությամբ հայ ազգային, ժողովրդական երգի զարգացման ու բացահայտման գործում ամենամեծ ներդրումն ունեցավ:

Նա ո՛չ միայն հայոց երգի խորհրդանիշն է, այլ նաև ցավալիորեն Հայոց ցեղասպանության ողբերգության խորհուրդը ևս կրում է իր մեջ: Ցեղասպանությունից հետո վարդապետի մոտ եկան լռության տարիները, սակայն նրա երգերը երբեք չեն լռի, այլ հավիտենական կհնչեն այնքան ժամանակ, քանի դեռ կա հայ մարդը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս