
Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է Թուրքիայում ռուսական կողմի հետ «ևս մեկ փոխանակման և նոր հանդիպման նախապատրաստումը»։
«Ումերովը զեկուցել է, որ հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի։ Վաղը (խմբ.՝ հուլիսի 22-ին) ավելի շատ մանրամասներ կլինեն», – ասել է Զելենսկին։Նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ նոր բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել գերիների վերադարձը, Ռուսաստան արտաքսված երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հանդիպումը։
Զելենսկիի խոսքով՝ միայն ղեկավարների հանդիպման ժամանակ է հնարավոր հասնել կոնկրետ արդյունքների Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համար։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Կիևի հետ բանակցություններում քննարկել պատերազմի ավարտի վերաբերյալ հուշագրերը, որոնք կողմերը նախկինում փոխանակել էին, և որոնք տրամագծորեն տարբերվում են։