«Փաշինյանը մեզ դարձրեց խաղալիք. ազգովի վճարում ենք նրա փոքրիկ խմբակի սխալների գինը». Նժդեհ Գարագավորյան

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալների գինը վճարում է հայ ժողովուրդը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումները ցույց են տալիս, որ ամենից ամոթալի դեպքը լինելու է Էջմիածնի վրա հարձակումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նժդեհ Գարագավորյանի խոսքով՝ Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման հարցը և իշխանությունների կողմից կատարվող զիջումներով ու գործողություններով պարզ է դառնում ՀՀ իշխանությունների մեղսակցությունն այն աշխարհաքաղաքական ծրագրերին, որոնցով ՌԴ-ն ամբողջությամբ դուրս է մղվում տարածաշրջանից:

«Մենք էլի դառնում ենք խաղալիք եվրոպացիների ձեռքում: Այսօր պարզ է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական երկու այլընտրանքի առաջ է՝ կա՛մ գնում ենք Ուկրաինայի ճանապարհով, ամեն գնով օգտագործվում ենք Եվրոպայի կողմից և պարզապես խաղաքարտ ենք դառնում ՌԴ դեմ, կա՛մ ինչպես մեր դրացի վրացիներն արեցին, մենք էլ կհասկանանք, որ շրջանի մեջ անպայման չէ հակառուս լինել: Վրաստանի իշխանությունների մասին ասում են՝ ռուսամետ, բայց կա ոչ հակառուս լինելու էություն, և կարծում եմ՝ այդտեղ է մեր փրկությունը: Այս իրավիճակը կարող է շատ վատ բաների հանգեցնել 2026-ի ընտրություններից առաջ, և երևի դրա համար է, որ ինքն արդեն այս օրերին խուճապահար հարձակվում է բոլորի վրա, որովհետև հավանաբար ինքը գնում է մեծ զիջումների»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ ՀՀ իշխանությունների գործողությունները քաջալերող հայտարարություններին, նա նշեց, որ Զելենսկուց հետո Մակրոնը Եվրոպայի վերջին մարտիկներից է, որ կարծում է, թե կարող է մի բան փոխել ՌԴ դեմ ճակատամարտում.

«Մեզ համար պարզ է, որ Մակրոնի համար մենք պարզապես խաղաքարտ ենք՝ ընդդեմ ՌԴ-ի: Մենք Մակրոնի երիտասարդական թևի մարդկանց, նրա կողմնակիցներին և հենց Մակրոնին տարբեր միջոցներով ներկայացրել ենք իրականությունը: Նիկոլի հանդեպ իրենց այս քաղաքականությունը պետք է դիտարկել ավելի գլոբալ՝ հակառուսական մեծ պայքարում: Այլ քաղաքական ուժերի կեցվածքը Ֆրանսիայում այդպես չէ»:

Նա նշեց, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Ֆրանսիայի իշխանություններին ներկայացնի, թե իբր Հայ Առաքելական եկեղեցին ՌԴ կողմից է ղեկավարվում, թե իբր ՌԴ հետ կապ ունեն նաև Ֆրանսիայում գործող հայ ընդդիմադիրները.

«Այդ ամենը սուտ է, և այդ ամենն արվում է պարզապես իշխանություն պահելու համար: Ասում ենք՝ Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվել նաև Մակրոնի քավորությամբ, բայց ես վստահ եմ, որ 2020թ. պատերազմի ժամանակ, եթե լիներ ճիշտ քաղաքականություն, այնտեղ կարելի էր Ֆրանսիայից էլ որոշ բաներ քաղել:

Նախկինում, երբ մենք ցուցաբերել ենք մեր պատրաստակամությունը պայքարելու, ցույց ենք տվել մեր կամքը՝ կռվելու հանուն մեր իրավունքների, Ֆրանսիան մեզ չի օգտագործել այս կամ այն ծրագրերի համար, իմացել է իր տեղը: Ֆրանսիայի ղեկավարները գիտեին, որ Արցախում հայերը հազարամյակներով ապրում են, և իրենց համար էլ տեսանելի չէր, որ կարող են նման բաներ լինել: Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսի հետևից բերած արհավիրքները բոլորի դիմաց մեզ դարձրին խաղալիք: Երբ դու բոլորին ասում ես՝ ես պատրաստ եմ զիջել, նշաձող իջեցնել, հեռավոր Ֆրանսիայում նստած ղեկավարի համար, անշուշտ, դառնալու ես խաղալիք»:

Նժդեհ Գարագավորյանն անդրադարձավ Սյունիքով ճանապարհի արտապատվիրակման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք համարելով հակապետական.

«Էս մարդուն պետք է  հիշեցնել, որ մենք Ցեղասպանություն ենք ապրել, 1.5 մլն մարդ է նահատակվել, որպեսզի պանթուրքիզմի երազը չիրականանա: Ինքն այսօր ամեն տեղ ասում է, որ ընդունակ է, որ այդ պանթուրքիստական երազը իրականանա՝ այդ ճանապարհը զիջելով, Հայաստանի ինքնիշխանության վրա թքելով: Մեզ համար այս մոտեցումն ընդունելի չէ:

Եթե Հայաստանը չունենա իր պինդ կեցվածքն այս ճանապարհի մերժման գործընթացում, ՀՀ աշխարհաքաղաքական կշիռը կորչելու է: Այսօր մենք դարձել ենք խաղալիք. մի քիչ վիրավոր իրանցիների փեշից բռնված պետություն, սուլթան Էրողանի փեշից բռնված իշխանություն, Իլհամ Ալիևի քմահաճույքին ենթակա պետություն: Սա՞ է անկախությունը: Սրանք միայն խոսում են Ռուսաստանից անկախանալու մասին, բայց թշնամին Ռուսաստանը չէ՝ թուրք-ադրբեջանական խմբավորումն է, որը մեզ հալածում է, սպառնում է, ջարդում է: Այո, մենք ունենք խնդիրներ ՌԴ հետ, բայց կա համատեղ շահ: Քաղաքականության մեջ կա զիջում, կա համատեղ շահ: Քաղաքականությունը մի դաշտ է, որտեղ դու վճարում ես քո գործած սխալների գինը: Ազգովի վճարում ենք Փաշինյանի և իր փոքրիկ խմբակի սխալների գինը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս