Անիծված Հայաստան

Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական-հանրային կյանքը, ըստ էության, ընթանում է 10-ամյա ցիկլերով: Եթե առանց մանրամասները թվարկելու՝ պարզապես վերհիշենք Հայաստանի անկախացմանը նախորդած ու հաջորդած կարևորագույն, երկրի կյանքում ինչ-որ բան փոխած (դրական կամ բացասական) իրադարձությունները և մեկնակետ համարենք 1988 թվականի ղարաբաղյան շարժումը, ասվածն ավելի ակնհայտ կդառնա:

88-ը, իհարկե, էպոխալ տարեթիվ է ոչ միայն Հայաստանի համար, սակայն առաջին հերթին՝ Հայաստանի համար: Ղարաբաղյան շարժումը, Հայաստանի անկախացման գործընթացը սկսվեց հենց 1988 թվականին, որին հաջորդած մի շարք պատմական իրադարձություններ հիմք դարձան այսօրվա պետության ստեղծման համար: Հագեցած բազմաթիվ գործընթացներով հանդերձ, 1988-ին հաջորդած տասնամյակը կարելի է, թերևս, տեղավորել նույն վեկտորի մեջ՝ անկախացում, հաղթանակ Ղարաբաղյան պատերազմում, Սահմանադրության ընդունում, շուկայական տնտեսության ենթակառուցվածքների, պետական կառավարման համակարգի ձևավորում, և այլն:
1998 թվականի իշխանափոխությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը, ըստ էության, սկզբնավորեցին նոր ցիկլի մեկնարկը:

Դրակա՞ն էր դա, թե՞ բացասական, ավելի բարենպա՞ստ էր երկրի համար, քան նախորդ տասնամյակը, թե՞ հակառակը՝ քննարկման միանգամայն այլ նյութ է: Տվյալ դեպքում, խնդիրը տասնամյա ցիկլի հաջորդափոխության արձանագրումն է: 1998 թվականից հետո Հայաստանը թևակոխեց զարգացման կամ հետադիմության այլ՝ նախորդից որակապես տարբերվող փուլ, որը գլոբալ առումով շարունակվեց մինչև 2008 թվականը: Եթե առաջին տասնամյակի ավարտը նշանավորվեց իշխանափոխությամբ, ապա երկրորդ տասնամյակը, դժբախտաբար, ավարտվեց 2008 թվականի մարտի 1-ի սպանդով: Իրականում, իհարկե, 2008 թվականի մեխանիկական «իշխանափոխությամբ» իշխանության ներքին կառուցվածքը, հանցավոր բնույթը և այլ արատները պահպանվել են, այդուհանդերձ, պայմանավորված ոչ այնքան՝ ներքին, որքան՝ արտաքին զարգացումներով, 2008-ից հետո Հայաստանն այլ «վիճակում» է:

Հիմա 2014 թվականն է: Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տասնամյա երրորդ ցիկլի ուղիղ կեսում: Եթե ցիկլայնության օրինաչափությունը պահպանվի, ապա հաջորդ փոփոխությունը, լավ կամ վատ, սակայն նոր վիճակի հաջորդ անցումը տեղի է ունենալու 2018 թվականին: Դա համընկնում է նախագահի հերթական ընտրության ժամկետի հետ: Հերթական լինելով՝ այն, ըստ էության, նախագահի առաջին ընտրությունն է լինելու, որին, գոնե այս պահին առկա ֆորմալ ինստիտուտների հաշվառմամբ, ՀՀ երեք նախագահներից որևէ մեկը չի մասնակցելու:
Հիմա քաղաքական դաշտում առերևույթ աշխուժություն կա:

Շատերը, այդ թվում՝ քաղաքական հիմնական խաղացողների մի մասը, խոսում են արտահերթ զարգացումների, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների հավանականության մասին: Եթե այդ կանխատեսումները տեղի ունենան, ապա տասնամյա ցիկլը կարող է ընդհատվել: Առաջին անգամ: Կհաջողվի՞ դա արդյոք:

Լայն իմաստով՝ Հայաստանում տասնամյա ցիկլի ընդհատման մի դեպք է եղել՝ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները: Լեգիտիմ ընտրությունները: Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ցանկանում էին և կարող էին փոխել Հայաստանի զարգացման ընթացքը: Սակայն դա թույլ չտրվեց: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ Հայաստանը «վերադարձվեց» տասնամյա ցիկլի ռեժիմին: Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի զարգացման կամ դեգրադացման հատկապես այս՝ տասնամյա ցիկլը: Այս հարցի պատասխանը կարող է լույս սփռել ինչպես՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունների վրա, այնպես էլ՝ բացահայտել Հայաստանի զարգացումը, Հայաստանը նորմալ պետություն դարձնելու հեռանկարը խորտակողների անուն-ազգանունները: Կամ տեղը՝ աշխարհի քարտեզի վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս