
Պատմությունը բազմիցս է ցույց տվել՝ ներսից քանդված եկեղեցին երբեք չի վերանում, որովհետև այն շենք չէ, այլ հավատքի մարմնավորում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր, հակաեկեղեցական հարձակումների նիկոլական գործելաոճը չփոխվեց, և հաստատուն քայլերով նա կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին՝ ամեն ջանք գործադրելով եկեղեցին քանդել ներսից։
Հասկանալով, որ Էջմիածնում չի կարող ապահովել անհրաժեշտ քանակությամբ մարդ և, իր բառերով ասած, «Վեհարանն ազատել Վեհից», գործի գցեց գործակալական ցանցը։ Ստյոպա անունով մեկը, ով շարունակում է իրեն «Տեր Արամ» կոչել, այսօր հայտարարեց, թե շարունակելու է ծառայություն մատուցել Հովնանավանքում, ավելին՝ նա հավատացյալներին կոչ արեց մասնակցել կիրակնօրյա պատարագին։
Նշված անձի հայտարարությունից հետո Նիկոլի պատասխանը չուշացավ․ նա հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել Հովնանավանքի կիրակնօրյա պատարագին։
Ձեռագիրը շատ հստակ է․ կիրակի օրը նա կփորձի իր ներկայությամբ «զորավիգ» լինել հիշյալ անձին և իր աջակցությամբ էլ ավելի սրել եկեղեցու դեմ նախաձեռնած դեմարշը։
Ըստ էության՝ իշխանությունն այսօր անուղղակիորեն որոշ կարգալույծ եղած քահանաների ձեռամբ կյանքի է կոչում իր վաղեմի երազանքը․ ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանելու քաղաքականությունն այսօր ուղղվել է նաև եկեղեցու դեմ՝ հետագայում թեմայից խուսափելու նպատակով
Ինչպես մյուս բոլոր ոլորտներում՝ ՏԻՄ-ից մինչև դատական համակարգ, նույն ձևով էլ այժմ նա անցել է եկեղեցուն՝ այն վերածելով իր սրտի հոգևորականներից կազմված ամորֆ կառույցի։
Արդյունքում ստացվում է այն, ինչին իշխանությունը ձգտում էր՝ քանդել առանց պայթյունի, ոչնչացնել առանց աղմուկի։ Պատմությունը բազմիցս է ցույց տվել՝ ներսից քանդված եկեղեցին երբեք չի վերանում, որովհետև այն շենք չէ, այլ հավատքի մարմնավորում, իսկ հավատքը քաղաքական մանիպուլյացիայով չի սպանվում»։