
«Բաց սահմանների» գաղափարի տակ իրականում թաքնված է Հայաստանի նոր շրջափակման գաղափարը. Շիրազ Խաչատրյան

Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին:
«Պետք է ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին «օկուպացիայից» ի վեր (չակերտները.- Մ.Պ.), և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն է Հայաստան։ Կարծում եմ՝ սա լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում»,- հայտարարել է Ալիևը:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։
«Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»,- գրել է նա:
Իր հերթին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավելել է. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ պաշտոնապես ճանապարհները բացված չեն, երկաթգծերի բացման ոչ մի կոնկրետություն չկա, դրան զուգահեռ՝ կան չկարգավորված հարցեր, ուստի Բաքվի կողմից, ըստ էության, սա ցուցադրական ժեստ է:
Իսկ Ալիևը Ղազախստանում նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ:
«Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն, և այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, երբ Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետ է նշում, ապա պարզ է, որ գործում է Թուրքիայի հետ լիովին համաձայնեցված ձևով՝ անտեսելով Հայաստանի կարծիքն ու շահերը։
«Բաքուն և Անկարան միասին փորձում են արագ գործարկել Կարս-Իգդիր-Նախիջևան-Զանգելան կոմունիկացիոն ուղին, որը, նրանց պատկերացմամբ, պետք է դառնա տարածաշրջանի հիմնական տրանսպորտային կապը։ Չի խոսվում Հայաստանով անցնող կոմունիկացիաների, Երասխից Նախիջևան և այլ երթուղիների մասին: Ստացվում է, այսպես կոչված, «բաց սահմանների» գաղափարի տակ իրականում թաքնված է Հայաստանի նոր շրջափակման գաղափարը:
Փաստացի ստացվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան բացում են ճանապարհներ միմյանց համար, իբր նաև Հայաստանի համար, բայց Հայաստանին թողնում են շրջանցված և մեկուսացված վիճակում։ Այսպիսով, Ալիևի ձևակերպումները «միջանցքի» բացման ժամկետի մասին ոչ թե տարածաշրջանի խաղաղության, այլ Հայաստանի վրա տնտեսական և քաղաքական նոր լծակներ գործադրելու հերթական դրսևորումներն են։ Իսկ մնացյալ քարոզչական զեղումներին այս պահին իմաստ չկա անդրադառնալու»,- շարունակեց Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը:
Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցների դիտարկմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Թուրքիայի լոգիստիկ դերն ամբողջությամբ կփոխվի, երկիրը կդառնա Եվրոպայի լոգիստիկ կենտրոնը։