
Սիրիայում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարաային

Հոկտեմբերի 20-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Խարազյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Ալ-Շարաայի հետ, որին ներկա է գտնվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Ալ-Շեյբանին:
Առանձնազրույցի ընթացքում Սիրիայի նախագահը հաջողություն է մաղթել դեսպան Խարազյանին իր առաքելության մեջ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր ավանդը կբերի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Ռուբեն Խարազյանն իր հերթին ընդգծել է հայ-սիրիական համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ նշելով, որ երկու երկրները կապված են դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններով։ Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին: