«Իշխանությունն իր իսկ հետքի վրա է դուրս եկել, չի հաջողվել թաքցնել բուրգի գլխին կանգնած Փաշինյանին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց, որ 3 տարի շարունակ իշխանությունը հնարավոր բոլոր ամբիոններից հայտարարում էր, որ ԱԺ-ում ստեղծել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով, և տրվելու են բոլոր հարցերի պատասխանները՝ տարածքային ու մարդկային կորուստներից՝ մինչև դիվանագիտական տապալումներ։

«Բացի այն, որ իշխանությունը միտումնավոր հետևողականություն չդրսևորեց և զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց և ըստ այդմ էլ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթի ծանոթությունը ցույց է տալիս, որ մեղադրանքների, լուտանքների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր,  կա՛մ զեկույցում տեղ չեն գտել, կա՛մ դրանց մասին խիստ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել։

Զեկույցում ներկայացված այն պատասխանատուները, որոնց ծանր բնույթի մեղադրանքներ են վերագրվում, բոլորը նշանակվել են գործող իշխանության կողմից»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, զեկույցի ներածական և որոշ չափով եզրափակիչ մասի գեղարվեստական հատվածին չի անդրադառնա, քանի որ այն նույն մարդու բառապաշարով է, ով արտահայտվում է տարբեր հարթակներից, նաև ԱԺ ամբիոնից, որի տակ, որպես կանոն, փաստեր չկան։

Կարդացեք նաև

«Նույնիսկ մեծամասշտաբ խեղաթյուրումներն իշխանություններին հնարավորություն չեն տվել թաքցնելու ողբերգական պատերազմի իրական պատասխանատուներին, իսկ ավելի կոնկրետ՝ բուրգի գլխին կանգնած Փաշինյանին։

Այս իշխանության պարագայում այլևս զարմանալի բան չի մնացել։ Նախկինում իրենց հռչակած հերոսները հանցագործ են հռչակվել, իսկ նախկինում իրենց իսկ կողմից զրպարտվածները հերոսացվում են։ Հայտնի խոսք կա, որը մեր օրերում հատկանշական է հնչում՝ «գլխավորը՝ նախաքննության ընթացքում ինքներդ ձեզ վրա դուրս չգաք»։

Ինչո՞ւ հիշեցի այս թևավոր խոսքը, որովհետև տարբեր հակասական, անհիմն ձևակերպումներով իշխանությունն իր իսկ հետքի վրա է դուրս եկել։ Դուք էիք մեր երկրի համար վճռորոշ օրերին, իշխանությունը ստանձնելու համար, ձեզ կոտորում, հասարակության մեջ թշնամություն ու ատելություն սերմանում։

Վաղ թե ուշ պատերազմի պատճառահետևանքների ողջ ոդիսականը պարզվելու է, իսկ դրա պատասխանատուները հայտնվելու են համապատասխան վայրում»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս