Միայն Զելենսկին իրավունք ունի բանակցություններ վարել Ուկրաինայի տարածքների համար․ Մակրոն

Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ բանակցությունները կարող է վարել միայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

«Եթե տարածքային բանակցությունների հարց առաջանա, ապա միայն նախագահ Զելենսկին կարող է վարել այդ բանակցություններն իր երկրի անունից։ Ուրիշ ոչ ոք իրավունք չունի դա անելու։ Հետևաբար, Ուկրաինան պետք է որոշի իր և իր տարածքի համար, իսկ եվրոպացիները՝ իրենց և իրենց անվտանգության համար», – ընդգծել է Մակրոնը՝ հավելելով, որ հենց այս շրջանակներում պետք է ընթանան գործերը։

«Միակ հնարավոր խաղաղությունն ամուր և երկարատև խաղաղությունն է, որը պաշտպանվող կողմի համար անվտանգության երաշխիքներ է ապահովում։ Սա հենց այն է, ինչի շուրջ մենք՝ եվրոպացիներս, համաձայնության ենք եկել «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում։ Այս կոալիցիան կհավաքվի ուրբաթ օրը (հոկտեմբերի 24-ին), և մենք այն կհամանախագահենք վարչապետ Քիր Սթարմերի հետ, և, իհարկե, նախագահ Զելենսկու մասնակցությամբ», – նշել է նա։

Մակրոնի խոսքով՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, ռազմական, պաշտպանական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային կշարունակվի։ Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն անտեսում է պատերազմի ավարտի խաղաղ ուղին։

Հոկտեմբերի 17-ին Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցություններից հետո Թրամփը կոչ է արել պահպանել առկա առաջնագիծը։

Տեսանյութեր

Լրահոս