
ԱՄՆ-ի դաշնակիցները պատրաստ են զորք մտցնել Գազա, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի հրադադարը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի մի շարք դաշնակիցներ պատրաստ են զորք մտցնել Գազայի հատված, եթե ՀԱՄԱՍ շարժումը խախտի խաղաղության համաձայնագրի պայմանները: Նա այդ մասին գրել է իր «Truth Social» սոցցանցում։
«Մերձավոր Արևելքի և հարևան տարածաշրջանների մեր մեծ դաշնակիցներից շատերն ուղիղ և մեծ ոգևորությամբ հայտնել են ինձ, որ իմ խնդրանքով պատրաստ են խոշոր ուժեր մտցնել Գազա և ՀԱՄԱՍ-ի հարցերը լուծել, եթե նա շարունակի իրեն վատ պահել՝ խախտելով պայմանավորվածությունները», – գրել է Թրամփը:
ԱՄՆ–ի առաջնորդը նշել է, որ այդ երկրներին հորդորել է առայժմ չշտապել և հուսալ, որ ՀԱՄԱՍ-ը կկատարի համաձայնագրի կետերը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը ճիշտ ընտրություն չանի, ապա կունենա արագ, կատաղի և անողոք ավարտ», – ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին: ՀԱՄԱՍ–ը գործարքի շրջանակում ազատ արձակեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում պահվող 20 պատանդներին: Բանտարկյալների գործերով պաղեստինյան գրասենյակը հաստատեց, որ Իսրայելի իշխանություններն էլ, հետևելով պայմանավորվածությանը, ազատ են արձակել 1718 բանտարկյալի, որոնք վերադարձել են Գազա, ինչպես նաև ցմահ ազատազրկման կամ երկարատև ժամկետով դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների: