Բաժիններ՝

ՀՀ-ում անշարժ գույքի գործարքների մի մասը հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով

Անշարժ գույքի գործարքները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն, Հայաստանում հնարավոր կլինի կնքել էլեկտրոնային եղանակով։ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Նանե Ղազարյանը։

«Հիփոթեքի բազմակողմ պայմանագրի կնքման գործընթացը կդառնա առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում կստորագրվի աշխարհի ցանկացած վայրում»,– ասաց նա։

Ղազարյանի խոսքով` նման գործարքներ կնքելու համար բավական կլինի ազգային նույնականացման «Ես եմ» հարթակում նույնականացումը, իսկ այնուհետև փաստաթղթի տակ դնել էլեկտրոնային ստորագրություն։ Ըստ նրա` այդ կերպ փաստաթղթերի գրանցումը կիրականացնեն ոչ թե կադաստրի աշխատակիցները, այլ ավտոմատ էլեկտրոնային համակարգը։

Նշենք, որ ՀՀ կառավարության` 2011 թվականին ընդունված որոշմամբ հաստատվել են այն պայմանագրերի նմուշները, որոնք նոտարական վավերացման կարիք չունեն` ներառյալ նվիրատվության և անշարժ գույքի բաժանման գործարքները, ինչպես նաև հիփոթեքային վարկերի դեպքում գույքը գրավ դնելու մասին պայմանագրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս