
Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի դուռը փակ է, երկու ոստիկան են այնտեղ նստած. Քաղաքապետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալը. Լիլիթ Աղեկյան

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելուց հետո, նրա պարտականությունները կատարելու է առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Քաղաքապետարանն իր բնականոն աշխատանքով աշխատում է, բոլորն իրենց տեղերում են, քաղաքապետի պարտականություններն անցել են առաջին տեղակալին։
Անօրինությունը ֆիքսված է, մարդիկ տեսել են, տեսել են նաև փաստաբանները, նրանք ասել են, որ իրավունք չունեին Վարդան Ղուկասյանին տանելու դատարան։ Անօրինականությունն այն է, որ, ինչպես փաստաբանները նշեցին, Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տվել, նույնիսկ փաստաբանը ցանկացել է բաճկոնը փոխանցի՝ չեն թույլ տվել։ Սրանք բոլորն անօրինականություններ են»,- շեշտեց Լիլիթ Աղեկյանը։
Նա նաև հավելեց՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ Գյումրու քաղաքապետարանում, հարձակում էր շենքի վրա, ակնհայտ, աշխատանքի ժամին։
«Բնականաբար, այս ամենը ֆիքսվում է, հետո արդեն որոշողները կորոշեն, թե ինչպես են այս ամենին անդրադառնալու։
Քաղաքապետարանի շենքում գործողությունների հետևանքով 4-5 տեղ վնասներ կան։ Կան նաև մարդիկ, ովքեր տուժել են այդ գործողություններից, հարվածներ են ստացել մարդիկ, մաքրուհուն էին քաշքշել։ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակի դուռը փակ է, երկու ոստիկան են այնտեղ նստած, ասում են՝ այնտեղ ինչ-որ գործողություններ պետք է լինեն»,- ընդգծեց Լիլիթ Աղեկյանը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել էին Գյումրու համայնքապետարան և իրականացրել էին խուզարկություն, որից հետո ձերբակալել էին համայնքապետարանի 6 աշխատակցի, համայնքապետին ու գլխավոր ճարտարապետին։
Վարդան Ղուկասյանին դիմակավորված անձինք տարան համայնքապետարանի շենքի դուռը կոտրելու միջոցով, որից հետո համայնքապետարանի շենքի մոտ հավաքված գյումրեցիների բազմության և Գյումրիի հրապարակում կենտրոնացված ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցավ բախում։ Այս պահին ձերբակալված է 33 քաղաքացի։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 1-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյան արձագանքելով Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր.
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Նշենք նաև, որ նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի և Շիրակի մարզեր, ինչպես երեկ գյումրեցիներն էին նշում՝ Նիկոլ Փաշինյանին որևէ գյումրեցի չի դիմավորել։