
Կասկած չունեմ՝ Մայր Աթոռը սահմանադրորեն ամրագրված իր առաքելությամբ շարունակելու է «Շողակաթի» աշխատանքը. Աննա Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը որոշել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ անել և կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Եվ այս համատեքստում պատգամավորների թիրախում է Մայր աթոռին պատկանող «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռուստաալիքը։
Օրերս Ազգային ժողովի կրթության և գիտության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց իշխանական պատգամավորների առաջարկած փոփոխությունը, որն էլ հենց իշխանական պատգամավորների կողմից ստացավ դրական եզրակացություն։ Առաջարկվող փոփոխությունը քննարկվեց նաև այսօր՝ ԱԺ լիագումար նիստում։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրեն Աննա Սարգսյանը դժվարանում է ասել, թե ինչու է նման որոշում կայացվել, պատասխանատվությունը կրում են որոշում կայացնողները, դրա համար էլ հանրային իշխանությունների պաշտոնը համարվում է գերպատասխանատու։ Հետևաբար՝ իրենք են պատասխանատու կայացրած բոլոր որոշումների համար, այդ թվում՝ այն օրինագծի, որը քննարկվում է։
«Հավանաբար նախագիծը կընդունվի, քանի որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն է կազմում քաղաքական այն ուժը, որը մշակել է այդ նախագիծը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աննա Ղազարյանը։
Հարցին՝ արդյո՞ք «Շողակաթ» հեռուտաընկերության վերաբերյալ այս նախագիծը պայմանավորված է իշխանությունների կողմից Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներով, Աննա Սարգսյանը պատասխանեց՝ այս հարցի պատասխանատուն էլ է իշխանությունը, քանի որ այս ամենը հենց նրանց վերաբերմունքն է։
«Այս փոխկապակցվածության թեման, որը բարձրացնում եք դուք և բարձրացնում են հանրային տարբեր ուժեր, այդ թվում՝ խորհրդարանում, նաև հասարակական կազմակերպությունները, որոնք հանդես էին եկել նախագծի դեմ հայտարարությամբ, նրանց տողատակում էլ դա կար։
Այնպես որ, սա հանրության մեջ առաջացած օբյեկտիվ ենթադրություն է, կարծում եմ՝ հանրությունը կարող է ենթադրություններ անել և պատասխանատվությունը՝ այդ ենթադրությունները կա՛մ հաստատելու, կա՛մ անհիմն համարելու, կրկին իշխանություններինն է։
Եթե այդպես է, ուրեմն շատ ավելի վատ իշխանության այն մարմինների համար, որոնց առաջին խնդիրը ոչ թե հանրային շահի սպասարկումն է, այլ քաղաքական կոնյունկտուրան կամ անձնական վերաբերմունքը հասարակական ուժերի նկատմամբ։ Այստեղ շատ կարևոր է այն, որ, եթե մենք խոսում ենք եկեղեցու մասին, խոսում ենք հանրային ինստիտուտի մասին։ Այսինքն՝ եկեղեցին չի կարող դիտարկվել՝ որպես քաղաքական հակառակորդ, եթե քաղաքական իշխող ուժը հանրային ինստիտուտի դեմ օրենքի ուժով՝ օրենսդրական հիմքեր ստեղծելով, պետության գործիքակազմը շահարկելով է հանդես գալիս, ապա մենք ավելի ցավոտ իրականության մասին ենք խոսում»,- հավելեց Աննա Սարգսյանը։
Նա հույս հայտնեց, որ առողջ համագործակցությունը շարունակելու հնարավորություն կլինի, քանի որ որպես հանրություն՝ դատավճիռ չպետք է կարդան, այլ պետք է շարունակեն պահանջել հանրային շահի սպասարկման այն պարտավորությունները, որոնք ունեն իշխանությունները։
Հարցին՝ նախագիծն ընդունվելուց հետո արդյո՞ք կա այլընտրանք, որպեսզի հեռուստաալիքն իր որակյալ արտադրանքը կարողանա հասցնել հանրության լայն շերտերի, Աննա Սարգսյանը պատասխանեց՝ այստեղ խնդիրն այն չէ, որ հեռարձակման այլընտրանք կփնտրեն և կգտնեն, հատկապես նոր տեխնոլոգիաների դարաշրջանում։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ կգտնե՞ն, թե՞ ոչ, այլ հանրային շահի մասին է։
«Հանրային հեռարձակողի ինստիտուտի վնասման գործընթաց է տեղի ունենում, երբ օրենքի նախագծով նվազեցվում ու պարտադիր չի համարվում հանրային հեռարձակող ունենալ՝ հոգևոր-մշակութային ուղղվածությամբ։ Սա հանրային հեռարձակողի ինստիտուտի վնասում է, այսինքն՝ պետական իշխանության մարմինները հանրային շահի վնասման ճանապարհ են ընտրել։
Հանրությունը, որը մեկ անգամ հարկեր վճարելու տեսքով պատվիրակում է, որպեսզի պետական իշխանության մարմիններն ապահովեն իր համար հանրային հեռարձակում, հիմա ստիպված է մեկ անգամ էլ վճարել, որպեսզի կարողանա ձեռք բերել այն հաղորդումները, որոնք կան։ Ենթադրենք՝ մենք անցնելու ենք կաբելային հեռարձակման, հանրությունը պետք է ցանցային օպերատորին վճարի, որպեսզի կարողանա այդ հաղորդումները դիտել։ Իրենք հանրությանը ստիպում են կրկնակի վճարել՝ այդ բովանդակությունը սպառելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ Աննա Սարգսյանը նշեց՝ այս ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտով հետագայում ազդելու է մեդիա ոլորտի, տեղեկատվության անվտանգության վրա։
«Անվտանգության երաշխավորը և իրավունքի երաշխավորը պետությունն է, եթե տեղեկատվության անվտանգության կարևորության այս դարաշրջանում այսպիսի քայլերի են գնում՝ նշանակում է պետական իշխանություններն օրենսդրական ճանապարհով ելք են գտել իրենց իսկ պարտավորությունները նվազեցնելու հարցում։
Սա շատ ավելի խորքային հարց է։
Ինչ վերաբերում է «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությանը, ոչ թե որպես հանրային հեռարձակող, այլ որպես արտադրող, մենք բոլորս գիտենք, որ այդ հեռուստաընկերության հիմնադիրը Մայր Աթոռն է, կասկած չունեմ, որ Մայր Աթոռը սահմանադրորեն ամրագրված իր առաքելության մեջ՝ ազգայինը պահպանելուն ու զարգացնելուն ուղղված, անկախ ամեն ինչից, տարբեր ձևաչափերով շարունակելու է «Շողակաթի» աշխատանքը»,- ընդգծեց Աննա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այս պահին անազատության մեջ են գտնվում Առաքելական եկեղեցու երեք հոգևոր՝ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի առաջնորդները։ Կալանավորված է նաև մեկ քահանա։
Մայիսից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հայտարարել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հեռացնեն Ամենայն Հայոց կաթողիկոսին։