
Փաշինյանը աչքը չի թարթի, ամբողջ ուժային համակարգը կկենտրոնացնի մարդկանց դեմ. գնալու է բախման. ռիսկերն անկանխատեսելի են. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանում Առաքելական եկեղեցու հոգևորականներին կալանավորելուն զուգահեռ, շարունակում են նաև կալանավորել ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչների, նույնիսկ փաստաբանի։
Գրեթե մեկ շաբաթ առաջ 2 ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի քահանաներից մեկը, այսօր էլ 2 ամսով կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այս իրավիճակը, մասնավորապես, Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սկսած գործողությունները հղի են մեծ վտանգներով՝ անկանխատեսելի հետևանքներով։
«Մենք կարող ենք մտածել, որ գուցե եկեղեցու միասնականության հարց դրվի, բայց չենք կարող ասել, թե հոգևոր ոլորտում իրականացվող նմանատիպ գործընթացներն ինչ արդյունք կտան։ Նվազագույն վտանգից մինչև մաքսիմալ վտանգ կարելի է դիտարկել, և ռիսկերն անկանխատեսելի են, որևէ մեկը չի կարող ասել, թե այս գործընթացներն ինչ առավելագույն ռիսկեր են առաջացնում և ինչպես են կառավարվելու այդ ռիսկերը։ Կրկնում եմ՝ այս գործընթացները կենսական վտանգներ են պարունակում և՛ եկեղեցու համար, և՛ պետության ու առհասարակ աշխարհասփյուռ հայության համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետը վստահ է՝ իշխանությունների ձեռնարկած այս գրոհը պետք է կասեցնել միայն դրա դեմ պայքարելով, և այս համատեքստում է, որ արդեն ամիսներ շարունակ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաև հիշեցրեց՝ իշխանության հեռացման համար կան գործընթացներ, որոնք, սակայն, այս պահին միասնական ընդդիմության լիակատար աջակցությունը չեն վայելում: Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Կարծում եմ՝ այսօր իսկական ժամանակն է, որպեսզի ընդդիմությունը միավորվի եկեղեցու շուրջ, նախաձեռնի այնպիսի միավորում, և Վեհափառ հայրապետն ամեն ինչ անի, որպեսզի այդ միավորումը կայանա և ընդդիմության ամբողջական ռեսուրսը կենտրոնացնելով՝ հասնեն իմպիչմենտով իշխանության հեռացմանը։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, կենսական վտանգները կախված են լինելու մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Հետևաբար, այստեղ լուծումը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է լինի վարչապետ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Շարունակելով միտքը, քաղաքագետն ասաց՝ իրավական գործընթաց է առաջարկել ընդդիմությունը՝ իմպիչմենտի գործընթաց, որի շուրջ պետք է համախմբվել, ներդնել ամբողջական ջանքերը և այն կյանքի կոչել, այլ տարբերակ, ճանապարհ չկա։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ իշխանությունը պատրաստվում է գրոհել Վեհարանի վրա, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց.
«Իշխանությունը միանշանակ գնալու է բախման, Նիկոլ Փաշինյանն աչքն էլ չի թարթի, ամբողջ ուժային համակարգը կկենտրոնացնի մարդկանց դեմ, ցավով պետք է ասեմ, որ հաջողության կհասնի։ Որքան էլ քաղաքացիները պատրաստակամ լինեն, ինքնուրույն այդ հարցը չեն կարողանալու լուծել, քանի որ նրանց դիմաց պետությունն է և կազմակերպված ուժայինները։
Շատ լավ է, որ ժողովուրդը պատրաստ է կանգնելու եկեղեցու կողքին, բայց այդ տրամադրությունները, պատրաստակամությունը պետք է առաջնորդող ունենա։ Առանց առաջնորդողի դա որևէ արդյունք չի տա, իսկ առաջնորդող այս պարագայում պետք է միասնական ընդդիմությունը դառնա՝ իշխանափոխությանը միտված, այլ ոչ թե իշխանության համար պայքարող ընդդիմությունը։ Սա է խնդիրը»։