Լավրովը և Ռուբիոն պայմանավորվել են շարունակել հեռախոսային շփումները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել է շարունակել հեռախոսային շփումները։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել այս հեռախոսային շփումները՝ ավելի լավ հասկանալու համար, թե որտեղ ենք գտնվում և ինչպես շարժվել ճիշտ ուղղությամբ», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ին իրենք «քննարկել են իրադրությունը, թե ինչպիսին է այն այսօրվա դրությամբ»։

«Եվ թե ինչպես կարող ենք պատրաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև սկզբունքորեն համաձայնեցված հերթական հանդիպման տարբերակը, որը Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է անցկացնել Բուդապեշտում», – հայտարարել է նախարարը։

Մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կարող է հետաձգվել, Լավրովը հայտարարել է, որ «լավ հայտնի է արևմտյան բազմաթիվ ԶԼՄ-ների անփութությունը»։

«Ես ուզում եմ պաշտոնապես հաստատել՝ Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում երկարատև բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների համեմատությամբ։ Այս փոխըմբռնումները հիմնվում են այն ժամանակ ձեռք բերված համաձայնության վրա, որը նախագահ Թրամփը շատ հակիրճ ձևակերպեց, երբ ասաց, թե հարկավոր է երկարատև, կայուն խաղաղություն, այլ ոչ թե անհապաղ հրադադար, որը ոչ մի տեղ չի տանի։ Մենք լիովին հավատարիմ ենք մնում այս բանաձևին։ Եվ ես այն հաստատեցի երեկ Մարկո Ռուբիոյի հետ զրույցում», – հայտարարել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031