
«Հիբրիդային» բռնապետության մոլդովական ուղին՝ օրինակ ՀՀ իշխանությունների համար․ Երևանը դիտարկում է Քիշնևի փորձը

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:
«Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ էության, այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Երևանը փորձի փոխանակության է իրականացնում Մոլդովայի՝ Սանդուի իշխանության հետ, որը եվրաինտեգրացիայի ուղին, ժողովրդավարությունը «պաշտպանելու» հայտարարությունների ներքո մի շարք ճնշումների գնով սեպտեմբերի վերջին հաղթեց ընտրություններում։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Մոլդովայի պատմության ամենաաղմկահարույց խորհրդարանական ընտրություններից մեկը, որում առաջատար դիրքեր ստացավ նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը՝ ստանալով ավելի քան 50 տոկոս ձայն և հնարավորություն՝ պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մինչ ընտրական գործընթացն ու դրա ընթացքում իշխող ուժը ճնշումների աննախադեպ փուլ սկսեց ապատեղեկատվության, Կրեմլի ազդեցության դեմ պայքարի և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հովանու ներքո:
Ըստ Սանդուի իշխանության, բոլոր այլախոհները Կրեմլի գործակալներ են և պետության թշնամիներ։ Այս պիտակը փակցվում է այլախոհներին, ընդդիմադիրներին և պաշտոնական քաղաքականությունը չկիսող, չարտահայտող յուրաքանչյուրին։
Եվ ուշագրավն այն է, որ ըստ մի շարք գնահատականների, Մոլդովայում հենց այս երևույթների հետ են այլևս նույնականացնում ԵՄ-ն, եվրաինտեգրացիան, քանի որ Սանդուի իշխանությունը սա անում է նաև եվրոպական ընտրությունը «պաշտպանելու» փաթեթավորման ներքո։
Գաղտնիք չէ, որ այդ ընտրական փուլում ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսով Մոլդովան իրականացրեց մի շարք սահմանափակիչ քայլեր ընդդիմության հանդեպ՝ հղում անելով ռուսական ազդեցության չեզոքացմանը։
Մոլդովայի իշխանություններն արգելեցին որոշ կուսակցությունների առաջադրումը, փակեցին մի շարք մեդիա հարթակներ և սահմանափակեցին արտահայտվելու ազատությունը՝ այդ ամենը հիմնավորելով սպառնալիքներով։
Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն և Freedom House-ը, արձանագրել են, որ անվտանգության պիտակի տակ իրականացվել են քաղաքական մանևրներ՝ ուղղված ներքին ընդդիմախոսների չեզոքացմանը։
Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները ևս հաճախ են բարձրաձայնում «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ այն ներկայացնելով՝ որպես նոր առաջնահերթություն։ Սակայն այս ձևակերպման ներքո գործնականում թաքնված են ոչ այնքան տեղեկատվական կամ հիբրիդ մարտահրավերների կանխարգելման, այլև ներքաղաքական դաշտի վերահսկման նպատակներ։
Եվ ՀՀ-ի հետաքրքրությունը Մոլդովայի փորձով նոր երևույթ չէ, ավելին՝ նաև պատահական չէ․ Հայաստանի իշխանությունները կարծես դիտարկում են նման մոդելի կիրառման հնարավորությունը՝ ներկայացնելով այն՝ որպես պայքար «արտաքին ազդեցությունների» և «քարոզչական պատերազմների» դեմ։
Սրա համար իշխանությունները նաև ծավալուն աշխատանք են կատարում միջազգային հարթակներում, խոսելով Հայաստանին սպառնացող հիբրիդային մարտահրավերների ու, այսպես կոչված, հայաստանյան ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության ու կամքի մասին։ Իշխանությունը փորձում է միջազգային հարթակներում ներկայացնել, թե Հայաստանը կանգնած է հիբրիդային հարձակման թիրախում, և դրան դիմակայելու համար անհրաժեշտ են «բացառիկ քայլեր»։
Բնականաբար, նման փաթեթավորման դեպքում Արևմուտքից արձագանք ճնշումներից չի լինի, ավելին՝ կլինի աջակցություն։ Սակայն քաղաքական իմաստով սա ոչ թե պաշտպանական, այլ վերահսկողական ռազմավարություն է՝ ուղղված ներքին դիմադրության չեզոքացմանը։
Սա, ինչպես Մոլդովայի դեպքում, վտանգելու է բազմակարծությունը և քաղաքացիական ազատությունները։
Հայաստանում «հիբրիդային սպառնալիքների» թեման օրեցօր վերածվում է ոչ թե անվտանգության, այլ ներքաղաքական կառավարման օրակարգի։
Իշխանությունը փորձում է ձևավորել այնպիսի հանրային ընկալում, որտեղ ցանկացած այլախոհ կարծիք կամ ընդդիմադիր գործունեություն կարող է ներկայացվել որպես արտաքին ազդեցության դրսևորում։
Այս գործընթացը վտանգավոր է հատկապես այն պարագայում, երբ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս՝ ինչպես կարելի է ժողովրդավարության պահպանման քողի տակ իրականացնել ներքաղաքական զտումներ։
Մոլդովայում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի դիսկուրսը դարձավ իշխանական վերահսկողության գործիք․ մի շարք կուսակցությունների արգելվեց ընտրություններին մասնակցել, մեդիա ճնշումներ տեղի ունեցան, իսկ հասարակական կարծիքը բաժանվեց «պետության շահերին ծառայող» և «արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող» խմբերի։ Արդյունքում ժողովրդավարության անունից ձևավորվեց վերահսկվող քաղաքական միջավայր։
Եվ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» թեման դառնում է ՀՀ իշխանության ներքաղաքական ու ընդդիմախոսների դեմ պայքարի նոր գործիքը։
Այն, ինչ Մոլդովայում արվեց «ժողովրդավարության պաշտպանության» անվան տակ, կարող է Հայաստանում կրկնվել։ Այս գործընթացը կարող է բերել բազմաթիվ վտանգներ. հիբրիդային սպառնալիքի դիսկուրսը՝ համեմված ժողովրդավարությունը պաշտպանելու մասին հայտարարություններով, դառնում է քաղաքական վահան, այդ պարագայում ժողովրդավարության մասին ցանկացած դիսկուրս նույնիսկ զրոյանում է։
Սա պետք է մտահոգի նաև Արևմուտքին, որի իմիջը Հայաստանում կարող է էական վնասներ կրել ՀՀ իշխանությունների հռետորաբանության ու գործողությունների հետևանքով։ Հայաստանի իշխանությունները հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու բարձրագոչ հայտարարությունների ներքո հետապնդում են սեփական իշխանությունն ամրապնդելու պարզ նպատակն ընտրություններին ընդառաջ։