«Ծառաներն ու տերերը փոխել են իրենց տեղերը, իսկ գողերը գողացել են հողերն ու չեն տալիս փողերը». Ռոլանդ Գասպարյան
«Ռեինկարնացիա» խումբը թեև ավելի քան 10-11 տարվա պատմություն ունի, այնուամենայնիվ, խմբին ավելի մեծ ճանաչում բերեց «Տաքսի «Էլի լավա» ֆիլմի սաունդթրեքը հանդիսացող` «Էլի լավա» երգը: Ընդ որում, այդ երգը ճանաչում բերեց թե ֆիլմին, թե խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանին: Սկզբնական շրջանում «Ռեինկարնացիան» ռոք էր նվագում, այնուհետև անցավ ռեգգի ոճին: Մի քանի տարի առաջ Ռոլանդի մասին ասում էին, թե նա կրկնօրինակում է Բոբ Մարլիին: Այդ խոսակցություններին ի պատասխան՝ Ռոլանդն ասել էր. «Չարաչար սխալվում են: Մենք ռեգգի ենք նվագում:
Իսկ ռեգգին Յամայկայի երաժշտությունն է: Այն, ինչ նվագում է մեր խումբը, կարելի է անվանել հայկական էթնիկ երաժշտության և բալկանյան երաժշտության միքս: Նվագում ենք այնպես, ինչպես զգում ենք: Ովքեր ծանոթ են մեր խմբի կատարումներին, և, առհասարակ, ովքեր ճանաչում են մեզ, երբեք նման համեմատություններ չեն արել: Եթե նկարիչը սիրում է Լեոնարդո Դա Վինչիի կտավները և իր նկարների մեջ կիրառում է նրա ոճը` դա դեռ չի նշանակում, որ նա կրկնօրինակում է Դա Վինչիին»:
«Ռեինկարնացիա» խմբի ներկայիս աշխատանքների, կյանքի, քաղաքի մասին ունեցած պատկերացումների մասին 168.am-ը զրուցեց Ռոլանդ Գասպարյանի հետ:
– Միշտ ուրախ, բարի դեմքով մարդու համար այս կյանքն իսկապե՞ս այնպիսին է, ինչպիսին ներկայացնում ես հանդիսատեսին:
– Ես միշտ ուրախ չեմ, ես պարզապես դեմ եմ լացուկոծով գործերն առաջ տանելուն: Եթե ամեն ինչին ժպիտով չնայես, ապա կխելագարվես: Դրա համար փորձում եմ կանոններին հակառակ խաղալ, իսկական պարտիզանների պես: Չեմ կարող լացելով պայքարել նրանց դեմ, ովքեր այս քաղաքը գողացել են: Դրա համար ժպիտը դեմքիս եմ պայքարում:
– Ինչի՞ց ես տխրում, ի՞նչը քեզ դուր չի գալիս քո շրջապատում:
– Իմ շրջապատում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես, իմ շրջապատի հետ միասին, մաքուր եմ պահում այն, ինչ ունեմ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքին, ապա շատ խնդիրներ կան, որ ինձ հուզում են, և որոնց մասին ես խոսում եմ: Ինձ հուզում է, որ ծառաներն ու տերերը փոխել են իրենց տեղերը, իսկ գողերը գողացել են հողերը ու չեն տալիս փողերը:
– Հանդիպման ժամանակ դու ասացիր՝ «սա իմ քաղաքն է, ես այստեղ եմ ապրում»: Ի ՞նչ է քեզ համար քո քաղաքը:
– Քաղաքը ես եմ, դու ես, մենք ենք: Դրա համար մենք պարտավոր ենք ինքներս մեզ մաքուր պահել, որ մեր քաղաքն էլ մաքուր մնա:
– Ի՞նչ ես կարծում, մարդը կարո՞ղ է իրեն մաքուր պահել: Դու քեզ մաքուր մարդ համարո՞ւմ ես:
– Այ, ամբողջ խնդիրը դրանում է, որ իսկական արժեքները մոռանում ենք, երբ թանկ չուլ ու փալաս ենք տեսնում: Վզներիս երկու հատ ջնջիլի կտոր է հայտնվում, տակներս էլ՝ մի հատ հարուստի գազել… ու միանգամից ամեն ինչ մոռանում ենք : Ու ինչքան են մոռանում ամեն բան, որ մտքներով անցնում է՝ այս քաղաքը մի քանի հոգով մեջ-մեջ անեն: Անմեղ մարդիկ չկան: Համենայնդեպս, ես փորձում եմ ինձ ու միտքս մաքուր պահել:
– Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք այնքան ուժ ունենք, որ կկարողանանք այդ ամենը կանգնեցնել, ի՞նչ ես կարծում, որտեղի՞ց պետք է սկսենք:
– Այս սիստեմի մեջ դրա դեմ պայքարելը հեշտ բան չէ: Կարծում եմ՝ առաջինը պետք է սկսենք քաղաքական ստից և մարդասպաններից: Ես կցանկանայի, որ մարդիկ ամեն օր իրենց նայեին հայելու մեջ ու չմոռանային, թե ո՞վ են և որտեղի՞ց են եկել: Մենք՝ հայերս, մեր հայ լինելուց շատ ենք հեռացել և ամեն ինչ անում ենք, որ մեզ եվրոպացնեն: Բայց նման մարդիկ այնքան հիմար են, չեն հասկանում, որ մենք ավելի բարձր արժեքներ ունենք՝ լավ ապրելու, նորմալ պետություն դառնալու համար, քան նրանք, ում մենք բարձր ենք համարում:
– Ի՞նչ ես կարծում, միգուցե մեզանում եղած բոլոր վատ երևույթները գալիս են հենց մարդու` չտես և ժլատ լինելո՞ւց:
– Ես հայ եմ, և իմ իմացած հայը ոչ ժլատ է, ոչ էլ չտես: Հայը արվեստի ու արհեստի, զուսպ, կիրթ ու ամեն լավ ու վատ օրերի հետ հարմարվող հասարակ մի մարդ է , որից այսօր, ցավոք սրտի, շատ քիչ կա: Այսօր աշխարհում ամեն ինչն է դարձել բիզնես, դրա համար մարդկային արժեքները մոռացել են, մարդկանց դարձրել են զոմբիներ և դեռ զոմբիացնում են: Գլոբալիզացիան դրա ամենամեծ հաջողությունը կլինի: Երբ բոլորը նույն տեղում լինեն` նրանց ավելի հեշտ կլինի կառավարել:
– Ի ՞ նչ խորհուրդ կամ իմաստ ես դնում երգերիդ մեջ, թե ՞ դրանք ուղղակի թեթև երգեր են:
– Բոլոր երգերն այսօրվա, երեկվա և վաղվա մասին են: Մեր ապրած ամեն մի օրը, ժամը, վայրկյանը երգեր են, պարզապես պետք է ճիշտ մարդկային լեզվով, պարզ ու մաքուր խոսել դրա մասին: Երևի «Ռեինկարնացիա» ընտանիքիս հաջողությունների գաղտնիքը դրա մեջ է: Մենք խոսում ենք նրա մասին, ինչ շատ մարդիկ ունեն իրենց սրտի խորքում ու նախընտրում են ինչ-ինչ պատճառներով չխոսել դրա մասին:
– Ո ՞րն էր ձեր խմբի հաջողության գաղտնիքը. այն, որ բոլորի համա ՞ր եք երգում, թե ՞ այն, որ մարդկանց հուզող խնդիրների ու նրանց ցանկությունների մասին եք երգում:
– Մենք գաղտնիքներ չունենք: Մենք խոսում ենք նրա մասին, ինչը մեզ հարազատ է, ինչը բոլորիս հուզում է, կապ չունի` դրա լավ կամ վատ կողմը: Քանի որ ես էլ եմ ժողովրդի մի մասնիկը, ապա խոսում եմ այն ամեն ինչի մասին, ինչ հուզում է ժողովրդին: Ես ծնվել եմ այն տարիներին, երբ ամեն ինչ լավ է եղել, հետո լույսերն անջատեցին, իսկ հիմա բոլոր լույսերը տվել են, բացի սրտներիս լույսից… Ես պայքարում եմ դրա դեմ:
– Ի՞ նչ նորություն եք ներկայացնելու հանդիսատեսին:
– Նոր ալբոմն ենք վերջացրել, որը լույս կտեսնի տարվա վերջին, այն կոչվում է «Աղ ու հաց»: Աշխատում ենք նաև մի ֆիլմի վրա, որն անցյալ տարի ենք նկարահանել Եվրոպայում մեր ունեցած շրջագայությունների ընթացքում:
– Ինչո ՞ւ՝ հենց «Աղ ու հաց»:
– Որովհետև աղն ու հացը մեզ այսօր շատ անհրաժեշտ է: Իսկ ֆիլմը պատմում է մեր`Եվրոպայում ունեցած շրջագայությունների մասին, ամենավերջում` երևանյան մեծ համերգի մասին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես ենք մենք ապրում, և ինչպես են անցնում մեր համերգները Երևանից դուրս:
– Այն մեծ էկրան կբարձրանա ՞:
– Ոչ, այսօր ամեն ինչ այնքան է զարգացել, որ համացանցում եղած ամեն ինչ մի քանի րոպեում բարձրանում է սեփական մեծ էկրան:
– Համագործակցություններ հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչների հետ ունենալո՞ւ եք:
– Ես տենց բարդ գործերով չեմ զբաղվում: Չեմ ցանկանա այսքան հաճելի զրույցը կեղտոտել` պատասխանելով, թե ի՞նչ եմ մտածում հայկական շոու-բիզնեսի մասին:
– Ի՞նչ կմաղթես երկրպագուներին:
– Ուզում եմ խնդրեմ բոլորին, որ միշտ ժպտանք և հույսներս չկորցնենք: Սերը դեռ րոպեավճարով չեն դարձրել, կարող ենք հանգիստ սիրել: