Պռոշյան-Բաղրամյան հատվածում ոստիկանների և երթի մասնակիցների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ոստիկանները թույլ չէին տալիս շարժվել փողոցով՝ պահանջելով դուրս գալ մայթեզր: Դիմելով ոստիկաններից մեկին՝ Բարսեղյանը զայրացած ասաց. «Բան ասի՞ր, բան ես ասում՝ ֆորմեդ հանի՝ գնանք-ասա: Դե նայի, բան չասես»:
Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դրեցին երթի մասնակից քաղաքացիները: Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակից երթով դեպի Մյասնիկյանի արձան շարժվող հանրահավաքի մասնակիցները այս պահին լուռ, բռունքները վեր պարզած անցնում են Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Հանրահավաքի կազմակերպիչները մեխակներ են բաժանում ցուցարարներին:
«Փառապանծ գեներալի բնորոշմամբ՝ վերջին բոլշևիկը պետք է հեռանա»,- այսօրա հանրահավաքում մեջբերելով գեներալ Մանվել Գրիգորյանին՝ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նշեց, թե իր խորին համոզմամբ՝ իշխանափոխության պահը ՀՀ-ում լիովին հասունացած են, քանի որ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականցնել, կամ նրանցից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում: ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները, քաղաքական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը՝ հոգով ու ոտքով ընկալեն ՀՀ փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի իմաստը, որովհետև պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է բոլորիս վրա:
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագրծակցությունը համարում է սերտ: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:
ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Ազատության կազմակերպված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Նա նշեց, որ Մարտի մեկի ոճրագործության էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ դատարանի առջև կկանգնեն ոճրագործության կազմակերպիչները, որոնք մինչ օրս պատասխան չեն տվել:
Ձեր այո-ն նշանակում է, որ ՀՀ-ում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը, բոլորը պետք որոշեն՝ ժողովրի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը:
Հրանտ Բագրատյանը նաև նախազգուշացրեց. «Եթե մենք ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվել, կամ մենք փոխում ենք, ու այստեղ Ռուսաստանի գործոն չկա ու սա միակ դեպքն է, որ ՌԴ-ն կուզենար, որ այստեղ որևէ ժողովրդավարական շարժում հաղթեր, հեչ դեմ չէր լինի, դրան, հավատացեք՝ չխաբվեք, կամ՝ մնում է նույնը»:
Վեց տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից, որի արդյուքնում տասը անմեղ անձինք զոհվեցին: Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե գործող իշխանությունները Հայաստանը տարան կործանման, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ-ից 246.000 մարդ հեռացավ:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ:
Իշխանությունները փակել են Երևան մտնող ճանապարհները, որպեսզի մարդիկ չմասնակցեն ՀԱԿ կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ազատության հրապարակում ՀԱԿ հրավիրած հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներքի ներքո: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը թվարկեց տասը զոհերի անունները, ապա նշեց, թե այսօր Ազատության հրապարակում են տասը զոհերի ծնողները, ամուսինները: Էդիկ Հարությունյանը, ով Մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայրն է, հարթակից հայտարարեց, թե ինքը զոհվածի ծնող լինելուց բացի՝ նաև այս երկրի քաղաքացի է և մասնակցում է հանրահավաքին:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հրավիրած հանրահավաքը, որին կարող եք հետևել «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռարձակմամբ:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ ԵՄ դրոշը ձեռքին մոտեցավ Բաղրամյան 26-ում հավաքված երթի մասնակիցներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպել էր երթի մասնակիցներին. նա այդ ժամանակ ավտոմեքենայից էր դուրս պարզել ԵՄ դրոշը:
«Բազմիցս հայտարարել եմ, որ ԲՀԿ ղեկավարությունը մեղսակից է Մարտի 1-ի համար՝ սկսած այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից: Ավելին՝ ԱԺ-ում նաև հնչեց կարծիք, ինչին ես համաձայն եմ, որ՝ ԱԺ մեծամասնությունը ամեն ինչ անում է, որ Մարտի 1-ը կոծկեն»:
Մյասնիկյանի արձանի մոտից երթի դուրս եկած ցուցարարներն արդեն Բաղրամյան փողոցում են՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմացի մայթեզրին: Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տալիս անցնել փողոցը և մոտենալ նախագահական նստավայրին:
Քիչ առաջ Պռոշյան փողոցում երթի մասնակիցներին միացան մի քանի ցուցարարները՝ «Մարտի 1-ի մեղսակիցներ են բոլոր անտարբերները» վերտառության ցուցապաստառներով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք Պարույր Հայրիկյանի համախոհներն են:
Մարտի 1-ին նվիրված երթի մասնակիցները քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանդիպեցին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին, ով իր ավտոմեքենայից պարզեց Եվրամիության դրոշը և ողջունեց երթի մասնակիցներին:
Մենք դատապարտում ենք Պուտինի կողմից իրականացվող ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, համարում ենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն է կազմակերպել կիևյան սպանդը, որը երբեք չի մոռացվելու և Ռոբերտ Քոչարյանի հանցախմբի հետ միասին Պուտինն էլ է ենթարկվելու պատասխանատվության: Մենք կոչ ենք անում՝ ձեռքներդ հեռու Հայաստանից և ձեռքներդ հեռու Ուկրաինայից:
ԱԺ ոչ իշխանական բոլոր խմբակցությունները ներկայացուցիչներ են ունենալու` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից առաջարկած գազի ժամանակավոր հանձնաժողովում: Ներկայացուցիչ է ունենալու նաև հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցությունը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ անդրադառնալով իշխող մեծամասնության կողմից հնչեցված գնահատականներին ասել էր, թե դրանցից հետո «լվացվելու ցանկություն է առաջանում», որովհետև դրանց մեջ «քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր»:
Ուրեմն, ես ծնվածս օրվանից լարված իրավիճակ զգում եմ, լարված իրավիճակ միշտ էլ կա, ընդամենը կրակին բենզին մի լցրեք: Էս 23 տարվա ընթացքում շատ ցավ տեսանք, հիմա պատերազմ չկա, ժողովուրդը ափերից դուրս ա եկել՝ ով ինչ ուզում-անում ա, պատերազմ կար, բոլորը սիրով նստած էին, բոլորս մեկ էինք, ի՞նչ եք բողոքավոր դառել էսօր: Էդ նրանից ա, որ ընդդիմությունը եկավ իշխանության, իրան ինչ պետք էր վերցրեց, հիմա որ հանել-քցել են դուրս, էլ չի կարա վերցնի, բողոքում ա, դուք էլ դրան եք հավատում, հա՞
«Մայդանը ձեռնոց էր Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին, ու Ռուսաստանում էլ շատ բաներ դեռ կփոխվեն Մայդանից հետո: Բայց Մայդանը դեռ հեղափոխության առաջին փուլն է, դեռ որևէ բան վերջնականապես լուծված չէ, Ուկրաինայի հասարակությունը երկար ճանապարհ պետք է անցնի, մենք էլ` իրենց հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն գնահատականներին, թե մարդիկ հեռանում են Հայաստանից սոցիալական անարդարության պատճառով, ասաց, թե սոցիալական անարդարություն յուրաքանչյուր երկրում կա:
«Մենք չենք ասում, թե չբացահայտված հանցագործությունների համար անպայման մենք մեղադրում ենք իշխանությանը»,- Մարտի մեկի հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին խորհրդարանական քննարկումներին անդրադառնալով՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի անգամ հարց հնչեցրին, թե ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008 թվականի հանրահավաքների կազմակերպիչն էր, չի կանչվել հարցաքննության, ինչո՞ւ չի մասնակցել նախորդ գումարման ԱԺ-ում ստեղծված Մարտի 1-ի դեպքերն ոսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստերին:
Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ հանձնաժողովը չկայանա, կայացման համար մարդիկ համոզում են, բանակցում, ոչ թե զրպարտում, զազրախոսում: Իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը:
Երեկ ՀՀԿ խմբակցոևթյան ղեկավար Գալուստ Սահակյանը, դիմելով ոչ իշխանական չորս ուժերին, հայտարարել էր. «Մայդանը թող ձեր բոստանը լինի»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավաստիացնում է, որ իրենք չեն ցանկանում Մայդանի կրկնություն Հայաստանում:
Փառք աստծո, չեմ կասկածում Նիկոյանի անկեղծությանը և նա կարող է հաստատել՝ ինչ առաջարկներ են եղել մեր կողմից, ինչ ենք ասել, ինչի տակ չենք ստորագրել: Դրա համար ենք ասում՝ եկեք նպաստենք, ստեղծենք հանձնաժողով, բաց հրապակային քննարկենք, որովհետև բոլորս էլ ասելիք ու ասելու բան կունենանք: