Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերին. Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունից են խոսո՞ւմ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նորմալ է վերաբերում ոչ իշխանական չորս ուժերի կողմից հնչող իշխող մեծամասնության հասցեին ուղղված քննադատություններին: «Այդպես էլ պիտի լինի՝ բա ընդդիմությունն ինչի՞ համար ա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ոչ իշխանական ուժերի այն պնդումներին, թե ՀՀԿ-ն համարձակություն չունի բացահայտելու Մարտի 1-ի դեպքերը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Եթե իրենց կմխիթարի դա, թող լինի, որ չունեն: Ջանները դող ա ընկել, հիմա համարձակությունից են խոսո՞ւմ: Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ հանձնաժողովը չկայանա, կայացման համար մարդիկ համոզում են, բանակցում, ոչ թե զրպարտում, զազրախոսում: Իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը»:

Հարցին, թե համաձա՞յն եք այն դիտարկումներին, որ մինչև իշխանափոխություն չլինի, Մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվի, Գ. Սահակյանը պատասխանեց, թե 1996 թվականին իշխանափոխություն եղավ, բայց չբացահայտվեցին այն ժամանակվա ոճիրները:

«Համոզված եմ, որ ոչ միայն հանցագործները կբացահայտվեն, այլև՝ ուղղորդողները: Իսկ թե ինչո՞ւ գործում բացահայտում չկա, պատճառը նա է, որ որևէ անձ, այս տարիների ընթացքում որևէ վկայությոն դեռևս չի տալիս: Բացահայտումը կապված է նրա հետ, երբ մարդիկ վկայություն տան՝ տեսել են, չեն տեսել, դա քննչական պրոցես է:

Եթե այս հանձնաժողովն էլ կազմավորվի՝ կլինի չորրորդը, քաղաքական վերլուծաբաններն ել պիտի հասկանան, որ քաղաքական վերլուծություններով հանցագործություն չի բացահայտվում: Հիմա դուք մտածում եք՝ ես քննչական կազմկերպությո՞ւն եմ ներկայացնում: Նման գործերը երբեք մութ չեն մնում, դա բացահայտվելու է, բայց ես չեմ կարծում, թե այդ գործում հանձնաժողովը մեծ դերակատարում կունենա»:

Ըստ նրա՝ գործի բացահայտումը կապված չէ իշխանափոխության հետ: «Բայց իրենք հեռացան… անունը փոխելով բան չի լինում: ՀՀՇ-ն հեռացավ, հիմա ՀԱԿ են դարձել, որ մոռացության տան: Իրենք հեռացան, իշխանափոխութուն տեղի ունեցավ, բայց այն ժամանակվա որևէ գործ դեռ չի բացահայտվել: Այնպես որ՝ դա իշխանափոխության հետ որևէ կապ չունեցող գործոն է»,- հիշեցրեց նա:

Նա կրկնեց, թե չի տեսել որևէ ընդդիմադիր գործչի, ով ներկայացնելով հանձնաժողովի ստեղծման կարևորությունը ասաց, թե ջանասիրաբար կաշխատի:

«Մեզանից էլ, ընդդիմությունից էլ մարդիկ կային, որ ատահայտվեցին, որ դեմ են հանձնաժողովին: Նոր մոտեցումներ առաջացան, օրինակ, փաստաթղթի մեջ ինչի՞ գրված չէր, որ երեք հանձնաժողովեր են եղել, որ կարելի էր կազմակերպիչներին քննել, իմանալ, որտեղից են ֆինանսավորվել, ինչ-որ բան տեսել են, չեն տեսել, ինչ-որ բան գիտեն՝ չգիտեն, չեմ ասում՝ տանեն դատեն: Մեր ներքին շրջանակներում հանգիստ պայմաններում կքննարկենք ու կհայտնենք մեր որոշումը»,- շեշտեց Գ. Սահակյանը՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ ՀՀԿ խմբակցության տեսակետը հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ կներկայացվի միայն համապատասխան քվեարկությունից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս