Գալուստ Սահակյան. Ես չլվացվեմ էլ՝ լվացված կթվամ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քննարկումների ժամանակ անդրադառնալով իշխող մեծամասնության կողմից հնչեցված գնահատականներին ասել էր, թե դրանցից հետո «լվացվելու ցանկություն է առաջանում», որովհետև դրանց մեջ «քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր»:
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե դա Ն. Զոհրաբյանի անձնական կարծիքն է, ապա հավելեց. «Ով լվացվելու կարիք ունի՝ օճառ էլ կա, ամեն ինչ էլ կա: Իմիջիայլոց, օճառը կարելի է օգտագործել և լվացվելու համար և այլ պարագաներում՝ քաղաքական նպատակներով»:
Մեր ճշտող հարցին, այսինքն՝ ընդունո՞ւմ եք, որ իշխող մեծամասնության ներկայացուցիչներ որոշ ելույթներ իսկապես «կեղտոտ» էին, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Դրանք անհատական կարծիքներ են, որոնք բնութագրական չեն: Ես այն անձնավորությունը չեմ, ով պետք է անհատի խոսքերը վերլուծի: Ով անլվա է, ամբողջ հասարակությունը դա տեսնում է, օրինակ, հիմա որ ես չլվացվեմ էլ՝ լվացված կթվամ»: