Արամ Մանուկյան. Կամ հասնում ենք նրան, որ բացահայտվում է գործը, պատժվում են մեղավորները, կամ մենք ազգ չենք

Ազատության հրապարակում ՀԱԿ հրավիրած հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներքի ներքո: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը թվարկեց տասը զոհերի անունները, ապա նշեց, թե այսօր Ազատության հրապարակում են տասը զոհերի ծնողները, ամուսինները: Էդիկ Հարությունյանը, ով Մարտի մեկի զոհ Սամվել Հարությունյանի հայրն է, հարթակից հայտարարեց, թե ինքը զոհվածի ծնող լինելուց բացի՝ նաև այս երկրի քաղաքացի է և մասնակցում է հանրահավաքին:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր միացել է հանրահավաքին, այդ թվում նաև ազատամարտիկներին: «Ուզում եմ ասել, որ այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի և իրենց մեջ թշնամություն են մտցրել ու իրենց բարքով, պահվածքով վիրավորում են մեր ժողովրդին»,- հայտարարեց Է. Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, ինչը դուր չեկավ հանրահավաքի մասնակիներին: «Գ. Սահակյանի բառերին եմ ուզում անդրադառնալ, որ ինչ-որ մարդիկ են պետք ինչ-որ հարց լուծելու համար. ես ուզում եմ ասել, որ մենք նրանց չենք հավատում, մեր ժողովուրդը նրանց չի վստահում: Գտնում եմ, որ մեր հետագա պայքարը մեր միասնության մեջ է, մենք եթե միասնական ենք, մեզ հաղթել չի լինի, մենք բոլորին կհաղթենք»,- նշեց նա:

Արամ Մանուկյանն էլ շարունակեց իր խոսքը՝ նշելով, թե Մարտի մեկի ոճրագործության բացահայտումը միայն իրավական խնդիր չէ, դատավորների խնդիրը չէ, դա բոլորի արժանապատվության խնդիրն է: «Կամ հասնում ենք նրան, որ բացահայտվում է գործը, պատժվում են մեղավորները, կամ մենք ազգ չենք: Կամ Հայաստանի ժողովուրդը այս գործում պահաջատեր է, իշխանություններին ստիպում է բացահայտել գործը, կամ մենք ազատվում ենք այն իշխանություններից, որոնք պարտակել են Մարտի մեկը: Մենք հասնելու ենք բացահայտմանը, երբ էլ լինի, ոնց էլ լինի, դա հայ ժողի քաղաքական պատվի, արժանապատվության խնդիրն է»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս