
Լյուդմիլա Սարգսյան. Մարտի 1-ի էջը փակված չէ և չի կարող փակվել՝ որքան էլ իշխանությունը դրան ձգտի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե ուրախ կլիներ այսօր շնորհավորել հավաքվածների գարնանային առաջին օրը, բայց Մարտի մեկից հետո այն իր իմաստը կորցրել է:
«Որովհետև վեց տարի մեզ համար Մարտի մեկը կորստի, ողբերգության օր է դարձել: Ուզում եմ ողջունել, իմ հպարտություն արտահայտել, որ այսօր հրապարակն այսքան մարդաշատ է, ինչը նշանակում, է, որ Մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել՝ որքան էլ իշխանությունը դրան ձգտի»,- նշեց նա:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ:
Նա նշեց, թե իրենք բազմաթիվ փորձեր են արել իշխանությանը ուշիմության կոչ անելու, հասկացնելու, որ միևնույն է՝ Մարտի մեկի հանցագործներին պետք է գտնել, բայց իշխանությունները դա չեն հասկացել:
«Եթե իրենք չանեն, ապա մենք ենք գտնելու, իսկ մենք դրանց տեղը լավ գիտենք: Այո, դիմադրությունը մեծ է, ոչ մի հանցագործ չի օժանդակում իր հանցագործության բացահայտմանը»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանը ասաց, թե իշխանություններն այնքան անգիտակից են, որ չեն հասկանում՝ բռնազավթումից հետո գոնե իր գոյությունը մի փոքր պետք է արդարացնեն, պետք է գնան ինքնամաքրման ճանապարհով, բայց «անուղղելի են ու հույս դնել, որ կփոխվեն՝ միանաշանակ է, ոչ, պատասխան են տալու արտագաղթի, սոցիալական ծանրագույն վիճակի համար»: Նա նաև հորդորեց միասնական լինել՝ նշելով, որ միայն այդ պարագայում իշխանությունները կգնան զիջման: