Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը

Վերջին պարտությունը և Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածի կորուստը, հնարավոր նոր պատերազմի հավանականությունն ու  Հայաստանի կլանման թուրքական սպառնալիքը ստիպեցին կրկին վերադառնալ պատմությանը և արժևորել նրա խորհուրդը։ Շեղումն այդ խորհրդից, մեր խորը համոզմամբ, պատճառ դարձավ պատերազմի բռնկման և նրա անհաջող ընթացքի համար։ Պատմության խորհուրդը, թվում է՝ պարզունակ ու դյուրըմբռնելի է։ Անտեսելով, սակայն պատմության դասերը և տուրք տալով արևմտյան խոստումներին, հայ ժողովրդին առաջնորդեցին կործանարար ու վտանգավոր ուղղով։ Հետևանքը Լեռնային Ղարաբաղի մեծ հատվածի կորուստն էր, հայ ժողովրդին պառնացող բնաջնջման նոր վտանգը։

Հայ ժողովրդի անկախության համար մղված պայքարի արդեն անցյալ դարձած դարաշրջանի դեպքերն ու իրադարձությունների ընթացքը պետք է որ հայ ժողովրդի գիտակից հատվածներին հուշեին այն ճշմարտությունը, որ հոգեվարքի մեջ հայտնված ԽՍՀՄ փլուզման ակունքները սկիզբ են առնում Արևմուտքում, որ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը վերածվեց ընդդեմ Ռուսաստանի մղվող գերտերությունների հերթական խաղաքարտի։ Արթնացնելով հայ ժողովրդի ազգային իղձերը՝ Արևմուտքը մի կողմից՝ ներշնչում էր հայ ժողովրդին, որ ազգային հարցում Մոսկվան գործել է ընդդեմ հայ ժողովրդի, մյուս կողմից՝ նրա գլխի տակ փափուկ բարձ դնելով, հույս տալիս, որ ազգային պայքարի ու անկախության կերտման պայքարում օժանդակելու է հայ ժողովրդին։

Այդ օժանդակությունը, իհարկե, սահմանափակվում էր Հայաստանի տնտեսությունն ու գիտակրթական պոտենցիալը վերացնել պարտադրող վարկային պարտավորություններով և անբովանդակ բարեփոխումներով, որոնց համար առատորեն տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելի էին ստրկացնում «անկախ» Հայաստանը։ Բնավ, որևէ ջանք չգործադրելով հասնելու իր իսկ դաշնակից Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանների ապաշրջափակմանը, Թուրքիայի արևմտյան դաշնակիցները մեկը մյուսի ետևից հայ ժողովրդի գիտակցության մեջ էին ներարկում այն գաղափարը, որ նրա դժբախտությունների պատճառը ռուսական և խորհրդային ժառանգությունն է և, այդ ժառանգության պատճառած չարիքը։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկվում էր՝ որպես այդ ցավալի ժառանգության բաղկացուցիչ մաս։ Արևմտյան քարոզիչներն ու նրանց հայկական հանձնակատարները, սակայն, բնավ ցանկություն չունենալով լուսաբանել այդ ժառանգության ստեղծման ակունքներում իրենց մասնակցության չափաբաժինը, ինչպես նախորդ դարաշրջանում, այնպես էլ մեր օրերում, հայ ժողովրդի և նրա Արցախում պահպանված հատվածին կարողացան համոզել, որ սատար են նրանց ազգային պայքարին։

Վերջին երեք տասնամյակներին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում Արևմուտքի դիրքորոշումը բնավ չտարբերվեց ժամանակին Օսմանյան Թուրքիայում ազատագրման ձգտող հայ ժողովրդին տրված կեղծ այն խոստումներից, որի աղետալի վերջաբանը գրվեց Առաջին աշխարհամարտի տարիներին՝ հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի կենսագործմամբ։ Հայ ժողովրդի ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև պատերազմի ավարտից հետո, երբ Թուրքիայում իշխանության եկած ազգայնական շարժման ղեկավար Մուսթաֆա Քեմալը ճկուն խորամանկության շնորհիվ, մի կողմից՝ կարողացավ լեզու գտնել համաշխարհային հեղափոխության ձգտող երիտասարդ բոլշևիկյան իշխանությունների հետ՝ համոզելով վերջինիս, որ պատրաստ է կռվել իմպերիալիզմի դեմ, մյուս կողմից՝ ստանալով Մեծ Բրիտանիայի աջակցությունը, ձեռնամուխ եղավ նոր Թուրքիայի հիմնադրմանը։

Համաշխարհային դիվանագիտության այս մրցապայքարում, զուրկ լինելով քաղաքական խոհեմությունից, հայ ժողովուրդը կրկին հայտնվեց երկընտրանքի առջև՝ թույլ տալով ճակատագրական սխալներ։ Անխոհեմության գլխավոր պատճառը, մեր կարծիքով, հայ ժողովրդին պարտադրված արտաքին քաղաքական սխալ կողմնորոշումն էր։Այդ կողմնորոշման և հայ-ռուսական հարաբերություններիպատմական խորհրդի մասին էլ, մեր կարծիքով, այժմեական ու հրատապ է մերօրյա քննարկումը։

Դարեր ի վեր կորցնելով պետականությունը և գտնվելով օտար նվաճողների՝ մահմեդականների տիրապետության տակ, հայ ժողովուրդը հաշտվել էր այն մտքի հետ, որ սեփական ուժերով ազատագրման հասնելու ձգտումները դատապարտված են անհաջողության։ Բագրատունիների թագավորության անկումից, ապա՝ Կիլիկիայում հայոց թագավորության կործանումից հետո, հայ ժողովրդի ազգային-ազատագրական միտքը տևականորեն ննջում էր։ Ազգային ինքնության պահպանման և հայ ժողովրդի մշակութային ավտոնոմիան կենտրոնացավ մեծավ մասամբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ։ Իսկ եկեղեցին իր էությամբ և առաքելությամբ անկարող էր գլխավորել ժողովրդի հնարավոր զինված շարժումն ու պայքարը ընդդեմ զավթիչների։

Ազգային-ազատագրական պայքարի և օտարի լծից ազատագրվելու ջահակիրը դարձավ Իսրայել Օրին, ով 1677թ․ Էջմիածնի գաղտնի ժողովում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից ընտրված պատվիրակների ու հոր՝ Մելիք Իսրայելի հետ, 1679թ․ մեկնեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ․ Պոլիս։ Կ․ Պոլսում մահանում է կաթողիկոսը, իսկ Իսրայել Օրին 1680թ․ անցնում է Վենետիկ, ապա՝ 1683թ․ լինում Փարիզում։ Հաստատվելով Դյուսելդորֆում, նա 1698թ․ Դյուսելդորֆի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին, ապա՝ Վիեննայում կայսր Լեոպոլդ I-ին է ներկայացնում Հայաստանի ազատագրման իր ծրագիրը, որի հիմքում ընկած էր եվրոպացիների օժանդակությամբ հայկական թագավորության վերականգնումը։ Նրան Դյուսելդորֆում և Վիեննայում մերժում են, որից հետո նա ուղևորվում է Տոսկանայի՝ Ֆլորենցիայի դքսի մոտ՝ գրեթե նույն ծրագրով։

Վերադառնալով հայրենի Սյունիք, 1699թ․ Անգեղակոթի ժողովում, Իսրայել Օրին Սյունյաց մելիքներին է ներկայացնում Հայաստանի ազատագրման իր ծրագիրը և 11 մելիքներից ստանալով վերջիններիս անունից եվրոպական արքունիքներին և Ռուսաց ցար Պետրոս Մեծին խնդրագրեր ներկայացնելու մաքուր, բայց կնքված թղթեր, կրկին ուղևորվում է Եվրոպա։ Եվրոպայում վերջնականապես հասկանալով, որ Արևմուտքի օժանդակությամբ հայ ժողովրդի ազատագրման ծրագիրը անգործուն երազանք է, Իսրայել Օրին ճանապարհորդում է Մոսկվա՝ 1701թ․ հյուրընկալվելով Պետրոս Մեծի արքունիքում։ Նրան ջերմորեն ընդունում են միայն ռուսաց արքունիքում, որտեղ էլ Իսրայել Օրին հուլիսի 25-ին ներկայացնում է ռուսաց ցարի կազմակերպվելիք արշավանքի միջոցով պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման իր ծրագիրը և այդ ծրագրում  հայկական զինված ուժերի մասնակցության մասին երաշխիքներ տրամադրում։ Հայկական զինված ուժերը պահպանված էին միայն Սյունիքում և Արցախում, որոնք իրենց աշխարհագրական և լեռնային բարենպաստ դիրքի կարողացել էին պահպանել իրենց որոշակի կիսաանկախ կարգավիճակը։ Իսրայել Օրու ծրագիրը, սակայն, կյանքի կոչվեց ավելի քան մեկ դար անց։ Իսրայել Օրին վախճանվեց 1711թ․ Աստրախանում, անհասկանալի հանգամանքներում։

Ազգային ազատագրական պայքարում այս նոր շրջադարձը բեկումնային եղավ հայ ժողովրդի կյանքում՝ նրա քաղաքական մտահորիզոնում ծնունդ առավ ռուսական կողմնորոշումը։ Այդ կողմնորոշումն էր, որ հիմք դրեց պարսկական տիրապետության ներքո գտնվող հայ ժողովրդի ազատագրման գործընթացին։ Արևելյան Հայաստանի ազատագրման Իսրայել Օրու ծրագիրն ավարտվեց ավելի քան մեկ դար անց։

1804-1813թթ․ ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն անփոփոխ, 1813թ․ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանում ստորագրված պայմանագրով Ռուսաստանին միացվեց ներկա Դաղստանը, Ադրբեջանը, Արցախը, Զանգեզուրը, Շիրակը, Լոռի-Փամբակն ու Ղազախ-Շամշադինը։ Երևանի խանության ազատագրման համար Ռուսաստանը հարկադրված եղավ մի նոր պատերազմ մղել Պարսկաստանի դեմ։ 1826-1828թթ․ ռուս-պարսկական հերթական պատերազմի արդյունքում, երկար պաշարումից հետո, հաջողվեց գրավել անառիկ համարվող Երևանի բերդը։ 1828թ․ փետրվարի 21-ին Պարսկաստանի Թուրքմենչայ գյուղում կնքված մի նոր պայմանագրով ավարտվեց Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացման գործընթացը, որի արդյունքում Ռուսաստանին անցան Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները, ինչպես նաև այն շրջանները, որոնք Ռուսաստանին էին անցել դեռևս Գյուլիստանի պայմանագրով։

Արարատ լեռը, որը նույնպես գտնվում էր պարսկական տիրապետության ներքո, անցնում էր Ռուսական կայսրությանը։ Պայմանագրի մշակմանը մասնակցած Ալեքսանդր Գրիբոյեդովի և ռուսական արշավանքին ամեն կերպ իր նվիրական աջակցությունը բերող Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու ջանքերով կազմակերպվեց հայերի ներգաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1828-29 թթ.-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից  8 հազար հայ ընտանիք՝ շուրջ 45 հազար մարդ, գաղթեց և բնակություն հաստատեց Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվեցին պետական հարկերից ու տուրքերից: Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստեց ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրեց Անգլիայի դիրքերը Պարսկաստանում։ Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության շնորհիվ փոխվեց ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34%-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և  գոյատևման հաստատուն և ապահով կենտրոնը:

Հայ ժողովրդի ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ծնունդը պատահական չէր, այն համընկնում էր դեպի Արևելք ձգտող Ռուսական կայսրության մեծապետական և ծավալապաշտական ձգտումներին։ Նախընտրելով ցարիզմը պարսկական և թուրքական տիրապետությունից, հայ ժողովուրդը փրկվեց սեփական հայրենիքում ֆիզիկական բնաջնջման վտանգից, ինչի մասին խոսում են ժողովրդագրական տվյալները՝ նախքան Երևանի խանության, Արցախի, Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների ու Զանգեզուրի Ռուսաստանին միացումը։

Ի շնորհիվ Ռուսաստանի առաջխաղացման, հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ էլ ավելի բարեկարգել իր համայնքներն ու մշակութային կյանքը Ռուսական կայսրության ողջ տարածքում, մասնավորապես՝ Կովկասում։ Ռուսաստանի միջոցով արևելահայությունը սկսեց առնչվել՝ ինչպես ռուսական, այնպես էլ՝ եվրոպական առաջադեմ մշակույթի հետ, նպաստելով Կովկասում հայ ժողովրդի առաջընթացին։

Փ․ Ասիա և Մերձավոր Արևելք ձգտող Ռուսական կայսրության առաջխաղացման մեջ իր ազատագրական ձգտումները սկսեց կապել նաև Օսմանյան Թուրքիայի տիրապետության ներքո գտնվող հայ ժողովրդի արևմտյան հատվածը։ Ավա՛ղ, այդ ձգտումները այդպես էլ իրականություն չդարձան, նախ՝ Ռուսական կայսրության հաղթարշավը արգելակող՝ ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ՝ Օսմանյան Թուրքիան ամբողջությամբ գաղութացրած, Առաջին աշխարհամարտում նրա գլխավոր դաշնակից կայզերական Գերմանիայի գործուն ջանքերով։ Մեծ տերությունների խարդավանքներին ու սին խոստումներին խաբված հայ ժողովուրդը զոհաբերվեց այդ տերությունների շահերի ու բանակների բախման հորձանուտում՝ ենթարկվելով Օսմանյան Թուրքիայում համակարգված բնաջնջման և ցեղասպանության քաղաքականությանը։

Հայկական հարցի միջազգայնացման գործում եվրոպական տերությունների ներգրավումը, մեր խորը համոզմամբ, եղավ այն գլխավոր պատնեշը, որը կանխարգելեց հայ ժողովրդի արևմտյան հատվածի ազատագրման գործընթացին։ Զուրկ լինելով քաղաքական հեռատեսությունից և առաջնորդվելով առաջադեմ  Եվրոպայի կեղծ խոստումներով, Օսմանյան տիրապետությունից ազատագրվել ձգտող հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծ մասը, կամա թե ակամա, շեղվելով ռուսական կողմնորոշումից, իր ազատագրման հույսերը սկսեց նորից կապել եվրոպական տերությունների հետ, դառնալով նրանց ձեռքին խաղալիք՝ Օսմանյան կայսրության ժառանգությանը տիրանալու վերջիններիս ձգտումներով:

Իրականում, սակայն, այդ տերությունները ձեռնամուխ եղան օգտագործել հայ ժողովրդի կյանքում ծնունդ առած քաղաքական կուսակցությունները՝ մեծավ մասամբ Հայ հեղափոխական դաշնակցությանը, իրենց իսկ աշխարհաքաղական նպատակների իրացման համար։ Հայ ժողովրդի քաղաքական կյանքում ազգային միասնական ծրագրի բացակայությունը և ռուսական կողմնորոշումից շեղումը պատճառ հանդիսացան նրա արևմտյան նորանոր դեգերումների համար։ Հայ ժողովրդի արևմտյան կողմնորոշումն իսպառ հակասում էր Ռուսաստանի ազգային շահերին, և տարօրինակ չէ, որ նույն Ռուսաստանի համար, երբեմնի վստահելի ու արտոնյալ հայ ժողովուրդը վերածվեց կասկածելի ու Ռուսական կայսրության ամբողջականությանը սպառնացող, օտարի ձեռքերին միջոց դարձած անհուսալի ժողովրդի։ Հայ ժողովրդի քաղաքական կյանքում 19-րդ դարի վերջին ծնունդ առած կուսակցությունները ռուսական ցարիզմը սկսեց դիտարկել՝ որպես կայսրությանը սպառնացող մի նոր վտանգ։ Եվ պատահական չէ, որ ցանկացած հեղափոխական ու արտաքին ազդեցության տակ գործող կուսակցություն ու շարժում ցարը դիտարկում էր՝ որպես իր տիրապետությանն ու անձին ուղղված սպառնալիք։ Ռուսական արքունիքում հայերի, որպես հավատարիմ ժողովրդի, վարկանիշը փոխարինվեց անվստահելի ու վտանգավոր տեսիլքով։

Հայ ժողովրդի արևմտյան կողմնորոշման վերածննդի համար առանցքային նշանակություն ունեցավ ոչ միայն 19-րդ դարավերջին հայ քաղաքական կուսակցությունների ծնունդը, այլև դրան նախորդած ռուս-թուրքական պատերազմը։ 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում միջազգային դիվանագիտության առարկա դարձած Հայկական հարցը և այդ հարցում եվրոպական տերությունների միջամտությունը, կամա թե ակամա, հայ ժողովրդի տարբեր շրջաններում արթնացրեցին նրա արևմտյան դեգերումները, որը հակասում էր Ռուսաստանի մեծապետական շահերին։ Օսմանյան տիրապետության ներքո գտնվող հայ ժողովրդի ազատագրման համար խոչընդոտ սկսեցին ստեղծել եվրոպական տերությունները։ Այդ տերությունները, սակայն, հմտորեն շեղում էին հայ ժողովրդի հայացքը դեպի իրենց՝ եվրոպական մայրաքաղաքներ։

Հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկան առաջին կնճիռները։

Այդ կնճիռները ժամանակի ընթացքում էլ ավելի խորացան, քանզի Ռուսաստանի իշխանությունները սկսեցին հայ ժողովրդին դիտել՝ որպես Արևմուտքի ձեռքին գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի պետական շահերի։ Հայ ժողովրդին մահմեդական նվաճողներից ազատագրող, անշուշտ, զարգացմամբ տասնյակ տարիներով Արևմուտքից ետ մնացող ու թերի զարգացած Ռուսաստանը, որը հայ ժողովրդից, թերևս, մշտամնա երախտիքն էր ակնկալում, սկսեց նրանց նկատմամբ խորը կասկածամտություն տածել։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր չէր միայն հայ ժողովուրդը։ Նրան մոլորեցնողները նույն արևմտյան առաջադեմ քաղաքակրթությունն էր, որի ազատությունների և հեղափոխությունների փորձն ու պատմությունը ոգևորել էր հայ ազգային-ազատագրական պայքարի «հեղափոխական» գործիչներին։ Կամա թե ակամա, Ռուսական կայսերական և ազգային շահերի դեմ պայքարող Արևմտյան տերությունները հայ ժողովրդի Ռուսաստանի դեմ գործող ընդդիմադիր ուժերին վերածեցին վերջինիս դեմ կիրառվող կարևորագույն գործիքի։ Հայ ժողովուրդը միակը չէր Ռուսաստանի բազմազգ ժողովուրդների ցանկում, որոնք սկսեցին օգտագործվել՝ Ռուսաստանից, ապա՝ ԽՍՀՄ-ից «ազատագրման» Արևմուտքի պայքարում։

Հայ ժողովրդի քաղաքական անխոհեմությունից և անշրջահայացությունից սկսեցին օգտվել ոչ միայն եվրոպացիները, այլև նրանց օսմանյան, ապա՝ քեմալական դաշնակիցները։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը ձեռք բերեց, դարեր ի վեր կորցրած, բայց դեպքերի զարգացմամբ իրեն պարտադրված անկախությունը։ Այն, որ այդ անկախությունը տարերային կերպով ծնունդ առավ 1917թ․ փետրվարյան, ապա՝ հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում Անդրկովկասում ստեղծված ժամանակավոր անիշխանության հանգամանքներում, այլևս որևէ կասկածի տեղիք չի տալիս։ Ինչպես Հայաստանի Առաջին Հանրապետության ծննդյան, այնպես էլ նրա կործանման հեղինակները հետապնդում էին միանգամայն այլ նպատակ՝ Ռուսական մեծապետական ժառանգության ոչնչացումը։

Կամա թե ակամա, քաղաքական և դիվանագիտական մտքից, պետության ղեկավարման դարավոր  փորձից զուրկ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարները ընկան նույն այն թակարդը, որի մեջ հայ ժողովուրդը հայտնվել էր Օսմանյան Թուրքիայում։ Ազատության գաղափարներ ներշնչող հայ ժողովրդի արևմտյան հովանավորները նետեցին նրան թուրքական երախը և թույլ տվեցին հոշոտել նրան արդեն Կովկասում։

Հայ-ռուսական հարաբերությունների մեջ առաջացած կնճիռներին ավելացավ ևս մեկը՝ թուրք-բոլշևիկյան մերձեցումը, որը սկիզբ դրվեց 1919թ․ Թուրքիայում կենտրոնական՝ Կ․ Պոլսի իշխանությունը մերժող թուրք ազգայնական շարժման ղեկավար Մուսթաֆա Քեմալի կողմից, երբ վերջինս Վ․ Լենինին ուղղված իր նամակով նրան առաջարկեց համաշխարհային հեղախոխության իրականացման գործում իր և թուրք ժողովրդի օժանդակությունն ու մասնակցությունը։ Փոխարենը՝ Վ․ Լենինն ու բոլշևիկյան կառավարությունը ճանաչեցին թուրքական Ազգային ուխտը, որի գլխավոր զոհը Հայաստանն էր։ Պատմության մեջ անհնարին թվացող քեմալ-բոլշևիկյան մերձեցումը, որքան էլ տարօրինակ թվա, ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի դեմ, այլ հենց նույն ռուսական ազգային շահերի։ Մեր խորը համոզմամբ, հայ պատմագրությունն այդ մերձեցմանն ու դրա լուսաբանմանը հատկացրել է ոչ բավարար ուշադրություն։ Ընդհանրապես չի լուսաբանվել այդ մերձեցման հակառուսական ուղղվածությունը։

Ավելին, այդ մերձեցմանը հաջորդած հայ-թուրքական պատերազմը, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումն ու հայ ժողովրդի հաշվին կատարված տարածքային կորուստները մեկնաբանվել են՝ որպես միայն հայ ժողովրդի կորուստներ։ Խոսքը գնում է 1921թ․ մարտի 16-ի Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական  «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի և նրան հաջորդած ու վերջինիցս գրեթե ոչնչով չտարբերվող՝ 1921թ․ հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի մասին։ Թուրք-բոլշևիկյան մերձեցումը դիտելով միայն ընդդեմ հայ ժողովրդի ուղղված դավադրություն, հայ ժողովրդի «անկախության և ազատության» գաղափարներով սնված պատմաբանները, կամ մոռանում են, կամ էլ պարզապես չեն ցանկանում ընդունել այն ճշմարտությունը, որ Մոսկվայում ընթացող թուրք-բոլշևիկյան բանակցությունների և դրա հետևանքով ստորագրված պայմանագրի զոհը ոչ միայն հայ ժողովուրդն էր, այլև՝ Ռուսաստանը։ Այն նույն Ռուսաստանը, որը Կարսի, Արդահանի, Արդվինի և ընդհանրապես հայ ժողովրդի ու թուրքական տիրապետությունից նրա ազատագրման համար բազում պատերազմներ էր մղել ընդդեմ սուլթանական Թուրքիայի՝ զոհաբերելով իր հազարավոր զավակների կյանքը։ Մեզ համար, սակայն, անվիճելի է, որ Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի ազգային շահերի դեմ, որ բոլշևիկյան իշխանության տրոցկիստական թևն առաջնորդվում էր ոչ թե Ռուսաստանի ու հայ ժողովրդի ազգային շահերով, այլ՝ ընդդեմ այդ շահերի։

Իրենց հեղափոխական համարող Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներից և նրանց շահերը սպասարկող պատմաբաններից որևէ մեկը մինչ օրս չի անդրադարձել առաջին հայացքից բնական թվացող այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի Առաջին Հանրապետության հեղափոխական ղեկավարությունը առաջինը չմեկնեց հեղափոխական բոլշևիկների առաջնորդ Վ․Լենինի հետ համագործակցության սեփական ձեռքը, փոխարենը, վարելով անհեռատես քաղաքականություն, օժանդակեց, որպեսզի այդ ձեռքը մեկնի Քեմալ Աթաթյուրքը։

Պատասխանը, թվում է՝ պարզ է։ Արևմուտքից երբեք գործնական օժանդակություն չստացած հայ ժողովուրդը, կամա թե ակամա, ևս մեկ անգամ զոհ դարձավ Արևմուտքի խարդավանքներին՝ նպաստելով թուրք-բոլշևիկյան ժամանակավոր մերձեցմանը և հայ-ռուսական ընդհանուր շահերի զոհաբերմանը։

Այդ սխալը, սակայն, միակը չէր։ Երբ Մեծ Բրիտանիայի անմիջական օժանդակությամբ Անդրկովկասում ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետությունը, որի առաջին և գլխավոր զոհը դարձան հայերը, Հայաստանի Առաջին Հանրապետության «անկախության և ազատության» արևմտյան սպասավորները կանխեցին ռուսական բանակի նախկին գեներալ զորավար Անդրանիկի և նրա զորքի հաղթարշավը դեպի Արցախ։ Ենթարկվելով անգլիական բանակի հրամանատարության, մասնավորապես՝ գեներալ Թոմսոնի անմիջական պահանջներին և Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ալ․ Խատիսյանի հորդորներին, 1918թ․ դեկտեմբերի 4-ին գեներալ Անդրանիկը դադարեցնում է դեպի Շուշի իր հաղթարշավը և վերադառնում Գորիս։ Արդեն Գորիսից, հիասթափված Արևմուտքի օժանդակությանը հույս դրած Ալ․ Խատիսյանի կառավարության վարած անհեռատես քաղաքականությունից, զորավար Անդրանիկը տեղեկացնում է վերջինիս, որ պատրաստվում է լքել անգամ Զանգեզուրը։ Անգլիական խոստումներին ունկնդրող Հայաստանի կառավարիչների,անգլիացիների և ռուսական կողմնորոշման հետևորդ Անդրանիկ զորավարի փոխհարաբերություններն ավարտվեցին նրա ամբողջական մեկուսացմամբ և, ի վերջո, Հայաստանից հեռացմամբ։ Անգլիացիներն ու Դաշնակցության պարագլուխները ատում էին զորավարին՝ հիմնականում նրա ռուսական կողմնորոշման պատճառով։

Այս դեպքերին հաջորդած, Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածներն ու Շուշի քաղաքի հայ բնակչության 1920-ի մարտի 23-ի ողջակիզումը իր տրամաբանությամբ շատ մոտ է ուղիղ մեկ դար անց՝ 2020թ․ նոյեմբերին Շուշի քաղաքի անկման ողբերգության հետ։ 1920թ․ մարտին քաղաքի հայ բնակչությանը անպաշտպան թողնելու և ողջակիզվելու որպես գլխավոր պատճառ դիտարկվում է դավաճանությունը։ Քաղաքի և հայ ժողովրդի ոչնչացման պատմությունը մինչ օրս պատված է անհասկանալի թվացող մշուշով։

Այնուամենայնիվ անվիճելի է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ոչնչացման և հայ ժողովրդի տարածքային կորուստների հիմքում ընկած էր նրա արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Եթե ժամանակին Սյունյաց ու Արցախի մելիքներն իրենց ազատագրման պայքարում գլխավոր դաշնակից էին դիտարկում Ռուսաստանը, որի շնորհիվ, ավելի քան մեկ դար տևած դեպի Արևելյան Հայաստան կատարած ռուսական առաջխաղացումը ավարտվեց Իսրայել Օրու ծրագրի իրագործմամբ, ապա՝ հայ իրականության մեջ վերածնված ու Արևմուտքից ներմուծված «ազատության» գաղափարները հայ ժողովրդին առաջնորդեցին դեպի նորանոր արկածախնդրություններ և արհավիրքներ։

Առաջին Հանրապետության պատմության մեջ արձանագրված, ապա՝ բոլշևիկների կողմից լեգիտիմացված հայ ժողովրդի կորուստները վերջինը չէին։

Արդեն անցած դարի 80-ական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում սկիզբ դրված «պերեստրոյկա» քաղաքականության կախարդանքին տրված հայ ժողովուրդը սկսեց մի նոր՝ սեփական արդյունաբերությունն ու տնտեսությունն ավերող, ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու ու դրան հաջորդած «անկախության» համար պայքարը։ Թվում է, պատմության դասերը պետք է քաջածանոթ լինեին  «անկախության» համար պայքարող և Լեռնային Ղարաբաղի ճակատագրով մտահոգված հայ ժողովրդի նոր ղեկավարության համար և նրանց պետք է առաջնորդեին պատմության խորհրդով։

Այս առումով, հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանի պատմության լուսաբանման ոլորտում, թվում է, թե ամեն ինչ արձանագրված ու հանրության դատին է հանձնված։

Խորհրդային Հայաստանում, հայ ժողովրդի պատմության լուսաբանման գործում հայազգի բազմաթիվ պատմաբաններ ու նաև կուսակցական գործիչներ, գիտակցելով հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման հրամայականը, իրենց առջև խնդիր էին դրել արժևորել և լուսաբանել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում Ռուսաստանի գործնական ու բարերար ազդեցությունն ու նրա փրկարար առաքելությունը։ Անկախության տարիներին սկսեցին այդ աշխատությունների վերանայումը և պատմության նենգափոխումը։

Պատմությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու և այն նենգափոխելու արդյունքն այսօր Հայաստանում գերիշխող հակառուսական հիստերիան է, որի ակունքներում, ինչպես նախկինում՝ արևմտյան ֆինանսավորումն է և դրանով պայմանավորված՝ հայ «փրկիչների» բախտախնդրությունը։ Խորհրդային Հայաստանի տնտեսության և գիտության ոչնչացման մեջ իրենց ավանդը ներդրած այդ արկածախնդիրների գործունեության արդյունքն էր նաև Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղված պայքարը, որը չնայած արտահայտում էր հայ ժողովրդի դարավոր իղձերը, բայց իր շեղված ընթացքով և մերօրյա վախճանով, թվում է, որ վաղուց արդեն կանխորոշված էր շարժման արևմտյան կազմակերպիչների ու նրանց թրքախոս դաշնակիցների կողմից։

Պատմաբանների գալիք սերունդը, տասնամյակներ անց միայն, կկարողանա հրապարակ հանել ԽՍՀՄ քայքայման գործում «անկախության» համար պայքարի հայազգի հանձնակատարների գործունեության իրական դրդապատճառները և տալ նրանց անդրօվկիանոսյան հրահանգիչների անունները։ Կասկածից վեր է, սակայն, այն փաստը, որ ԽՍՀՄ քայքայման և նրա ժառանգության ու թողած հարստության համար մղվող պայքարում Խորհրդային Հայաստանին վերագրված էր բացառիկ դերակատարություն։

ԽՍՀՄ ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն իր կարգավիճակով  յուրահատուկ էր, մեծաքանակ իր սփյուռքով, արտերկրում տարաբնույթ շահեր սպասարկող բախտախնդիրներով և մատուցած ծառայություններով, նաև՝ պատմության պատճառած, դեռ չբուժված ու ցավոտ բազմաթիվ ազգային վերքերով։ ԽՍՀՄ շրջանում ժառանգած վերքերից ամենացավոտը արցախահայության կարգավիճակն էր, որի ճակատագիրը մի կողմից անհավանական թվացող ռուս-թուրքական մերձեցման, նաև հայ իրականության մեջ ծնունդ առած դաշնակցական կուսակցության արևմտամետ կողմնորոշման արդյունքում, 1921 թվականի հուլիսի 4-ի Կովբյուրոյի որոշմամբ հանձնվեց Ադրբեջանին։

Հետագա տարիներին, ձեռնամուխ լինելով Ղարաբաղի հայաթափման ու թրքացման ծրագրի կենսագործմանը, պատմական Ղարաբաղից ջլատվեց նրա գերակշիռ մասը և, նրանից թողնելով ¼-ը, Խորհրդային Ադրբեջանը ստեղծեց ԼՂԻՄ-ը՝ կանխորոշելով նրա հետագա ճակատագիրը։ Այս փաստերն անվիճելի են։ Անվիճելի է և նաև այն, որ Արցախի ճակատագրի հարցում խորհրդային ժառանգությունն ամենացավոտն էր։

Հայ հասարակական-քաղաքական միտքն անկարող գտնվեց գտնել հիմնախնդրի լուծման գործնական ուղի։ Գլխավորապես գտնվելով օտարների ներգործության տակ և անկարող լինելով սեփական ուժերով հետամուտ լինելու ազգային-ազատագրական իղձերի իրականացմանը, այդ միտքը շեղվեց պատմական իր ընթացքից, կամա թե ակամա դառնալով սեփական ագգային իղձերի ու շահերի գերեզմանափորը։ Իսկ այդ ավանդական ընթացքը ձևավորվել էր դեռևս երեք դար առաջ՝ հիմք դնելով՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Արևելյան Հայաստանի պարսկական տիրապետությունից ազատագրմանն ու Ռուսական կայսրության միացմանը։

Օգտագործելով հայ ժողովրդի քաղաքական մտքի տկարությունը, ՆԱՏՕ-ն և նրա դաշնակից Թուրքիան հետամուտ եղան Կովկասում իրենց գլխավոր նպատակի իրագործմանը՝ կտրելու ողջ Հյուսիսային ու Հարավային Կովկասը Ռուսաստանից։ Քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի հեռացմամբ կանգնելու է ոչնչացման վտանգի առջև, Արևմուտքի հանձնակատարները ձենամուխ եղան հայ ժողովրդի լայն շրջաններում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսության նախաձեռնմանը, ապա՝ համոզելու հայ ժողովրդին, որ ի զորու է թյուրքական աշխարհի հետ խաղաղ համակեցության և, որ նրան պարտադրված հայ-ռուսական ռազմական դաշինքն արտահայտում է միայն Ռուսաստանի մեծապետական շահերը։ Արդեն անկախության տարիներին Հայաստանում լայն գործունեություն ծավալեցին այն ուժերը, որոնք սկսեցին հայ ժողովրդին սնել ազգակործան տեսիլքի վերածված այն կեղծ առասպելով, փորձելով համոզել նրան, որ Հայաստանի անդամահատման և նրա դժբախտությունների պատճառը ոչ թե նրա քոչվոր հարևաններն ու նրանց արևմտյան դաշնակիցներն են, այլ՝ Ռուսաստանը։

Ավելին, քննադատելով Ռուսաստանի դերը հայ ժողովրդի կյանքում, և հղվելով Մոսկվայի պայմանագրի ու ԼՂԻՄ-ի կարգավիճակի գործում ոչ հայանպաստ դիրքորոշման վրա, ազգակործան գաղափարաբանության հեղինակները սկսեցին հայ ժողովրդին ներշնչել այն անիրատեսական ցնորամտությունը, որ նրա ազգային-ազատագրական պայքարի գործում ռուսական կողմնորոշումն այլընտրանք ունի։

Այդ այլընտրանքը, սակայն, մեր համոզմամբ, հայ ժողովրդի իսպառ բնաջնջմանը հանգեցնող թուրքական և նրանց դաշնակիցների ծրագրերն են։

Պատմության նենգափոխման լավագույն միջոցը այն պատառիկներով ու քարոզչական նպատակներով դրվատված լուսաբանումն է։ Կեղծելով պատմության ոգին ու նրա խորհուրդը, հայ ժողովրդի կյանքում ի հայտ եկած նոր բախտախնդիրների նպատակը դարձավ հայ-ռուսական հարաբերություններում կնճիռների հայտնաբերումը։ Դրանց մեջ առանցքային նշանակություն ուներ թուրք-բոլշևիկյան մերձեցումը և հայ ժողովրդի շահերի օտարումը։ Բնավ չցանկանալով մանրամասնել 1920թ․ սեպտեմբերի 23-ին հայ-թուրքական պատերազմի, 1920թ․ հոկտեմբերին Կարսի անառիկ բերդի անկման, նույն թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդայնացման, դեկտեմբերի 3-ին արդեն լիազորություն չունեցող Հայաստանի դաշնակցական կառավարության և քեմալականների միջև Ալեքսանդրապոլում ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրի պատճառները, կարևոր ենք համարում, սակայն, ընդունել, որ հայ-ռուսական հարաբերությունները ծուռ հայելու մեջ ներկայացնել ցանկացողները արդարացի են նրանում, որ Հայաստանի Առաջին Հանրապետության պարտությունը հետևանքն էր թուրք-բոլշևիկյան անհնարին  թվացող մերձեցման։ Ընդ որում, պատմության զեղծարարները զլանում են խոստովանել, որ բոլշևիզմն իր սկբնական շրջանում, տրոցկիստական թևի գերակայության շրջանում, գործում էր հենց բուն Ռուսական կայսրության ազգային ու պետական շահերի դեմ, որ անհեթեթ է վաղ բոլշևիզմը Ռուսաստանի ազգային շահերի հետ ընդհանրացնելը։ Ավելին, տրոցկիստական ժառանգությունից ազատվել ձգտող ԽՍՀՄ-ը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, փորձեց չեղյալ հայտարարել Մոսկվայի 1921թ․ մարտի 16-ի պայմանագիրը, ետ պահանջելով Կարսը, Արդահանն ու Արդվինը։ Խորհրդային բանակը պատրաստվում էր հատել Արաքսը և առաջանալ Փ․ Ասիա։ Իհարկե, այդ ծրագիրը իրականություն չդարձավ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործուն ջանքերի շնորհիվ։ Ու․ Չերչիլն այդ գործում վճռորոշ դեր խաղաց՝ կանխելով խորհրդա-թուրքական, Արևմուտքի շահերին վնասակար պատերազմը։

Մեզ համար անվիճելի է այն ճշմարտությունը, որ ռուս-թուրքական թվացյալ մերձեցման և հայ ժողովրդի շահերի օտարման հիմքում ընկած է եղել Ռուսաստանի մտավախությունը առ այն, որ հայ ժողովրդի արևմտյան կողմնորոշումը կարող է հանգեցնել իր համար անթույլատրելի կորուստների՝ պարտադրելով նրան լեզու գտնելու իր դարավոր ախոյան Թուրքիայի հետ։

Այս առումով՝ պետք չէ մոռանալ նաև, որ Արցախի ազատագրումը և այն Ռուսաստանի հետ միացումը կատարվել է 1813թ․ Գյուլիստանի պայմանագրով, որ Ռուսաստանը Արցախը դիտել և շարունակելու է դիտել՝ որպես իր պատմական ժառանգության բաղկացուցիչ մաս։ Այդպիսի ժառանգության մաս է համարվում՝ Աբխազիան, Օսիան, Ղրիմը, Ուկրաինան և ետխորհրդային այն տարածքները, որոնք Ռուսաստանը փորձում է վերամիավորել։

Լեռնային Ղարաբաղի հարցի ու կարգավիճակի շահարկումները Արևմուտքում և Արևմուտքի միջոցով արցախահայության ճակատագիրը լուծելու անկարողությունը, պետք է վաղուց արդեն հուշած լիներ հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ հայ քաղաքական ուժերին, որ որևէ մեկը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մտադրություն չունի։ Արցախը վերամիավորելու և այնտեղ հայ ժողովրդի ներկայությունն ապահովելու ձգտում ուներ և դեռ ունի միայն Ռուսաստանը։

Հայ ժողովրդի քաղաքական կյանքում գործող որևէ ուժ մինչ օրս չկարողացավ որպես արցախահայության ճակատագրի քաղաքական լուծման հնարավոր լուծում դիտարկել ԼՂՀ-ն՝ ազատագրված տարածքների հետ միասին, հանրաքվեի միջոցով Ռուսաստանին միացնելու և հայ-ռուսական ավելի խորը ռազմաքաղաքական ինտեգրացիայի ուղին։ Թերևս, այդ սխալն էլ ճանապարհ հարթեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նորանոր կորուստների համար։

Հայ-ռուսական կողմնորոշման և այդ կողմնորոշմանը վնասող որոշ դրվագների մեր կողմից անդրադարձը նպատակ ուներ, իր բազմաթիվ ցավոտ վերքերով հանդերձ, արժևորելու այդ հարաբերությունների դրական դերը հայ ժողովրդի կյանքում։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման մեջ ծնունդ առած ռուսական կողմնորոշման ավելի քան երեք դարը և նրա պարտադրած խորհուրդը կայանում է նրանում, որ այդ կողմնորոշման արդյունքում ազատագրված հայ ժողովրդի մի հատվածը մերօրյա Հայաստանում կարողացավ վերագտնել իր ազգային ավտոնոմիան, ստեղծել ազգային պետական բոլոր ինստիտուտները, աննկարագրելի զարգացման հասցնելով իր դարավոր, բայց վտանգված մշակույթը։ Գրեթե թաթարացված և մահմեդականացված Արևելյան Հայաստանը վերածվեց աշխարհի հայության հավաքատեղիի։ Այդ հարաբերություններում առաջացած կնճիռները, սակայն, կրկին վտանգի տակ դրեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավար Ալիևը Երևանը սկսեց վերանվանել Էրիվան՝ ադրբեջանաթաթարական խանության մայրաքաղաք, իսկ Զանգեզուրը՝ թաթարական ժառանգության բաղկացուցիչ մաս։

Համատարած ապատեղեկատվության և գլոբալիզացիայի պարտադրող բթացման պայմաններում, թվում է, թե հայ ժողովրդի մեծագույն հատվածը կորցրել է ինքնապահպանման բնազդը, չգիտակցելով, որ նման ընթացքը կարող է հասցնել մի նոր բնաջնջման։ Հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, մեր խորը համոզմամբ՝ կրկին վտանգված է։ Կասկածից վեր է, որ Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը, առանց որի օժանդակության և ներկայության՝ հայ ժողովրդին սպառնում է թուրքական ստամոքսը։ Սրանում է պատմության խորհուրդը, որից շեղումը հանգեցրեց մի նոր պատերազմի և նորանոր կորուստների։ Այդ կորուստները կարող են էլ ավելի ցավալի դառնալ, այն պարզ պատճառով, որ անգամ վերջին անդառնալի կորուստներից հետո, Հայաստանում գտնվում են բախտախնդիրներ, ովքեր օտար շահերին զինվորագրված, կամ գուցե կիսագրագիտությունից պարտադրված, հայ ժողովրդի ազգային-ազատագրական ծրագրերը տեսնում են Ռուսաստանի թուլացման և, ընդհանրապես՝ նրա ախոյան երկրների հաղթանակի մեջ։ Այս կործանարար գաղափարների համար, ցավոք սրտի, Հայաստանում առկա են բոլոր բարենպաստ պայմանները՝ անկաշկանդ ֆինանսական հոսքեր, որի գլխավոր աղբյուրը ԱՄՆ-ը և նրա շրջակայքում ձևավորված «ժողովրդավարական» ու «ազգային» կեղծ ու հրապուրիչ գաղափարների խոհանոցն է։ Առաջին հայացքից վեհ ու կլանող, բայց կեղծ այս գաղափարների հեղինակների ու նրանց հայաստանյան հանձնակատարների նպատակն այլ է՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ԼՂՀ ու ՀՀ տարածքից ռուսական ռազմական ուժերի դուրսբերումը, ապա՝ Հայաստանի ոչնչացումը։

Պատմությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելով, Արևմուտքի ու նրա դաշնակից՝ Թուրքիայի շահերի սպասավորները Հայաստանում կիրառում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները, վեր հանում հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները, այդ կնճիռներն ուռճացնելով, իսկ պատմությունը կեղծելով, փորձում հայ ժողովրդին մատուցել այն կեղծիքը, որ հայ ժողովրդի կյանքում Ռուսաստանը, անկախ նրա բոլշևիկյան անցյալից, բացասական դեր է խաղացել՝ նպաստելով հայ ժողովրդի շահերի ոտնահարմանն ու նրա ազգային իղձերի ձախողմանը։

Մտքից բոբիկ, բայց լուրջ քաղաքական հենարան ու հովանավորներ ունեցող այդ ուժերին հաջողվեց անել այն, ինչն անկարող էին անել թուրք-ադրբեջանական հրոսակները՝ համոզել հայ ժողովրդի մի հատվածին, որ թյուրքերը փոխվել են այն աստիճան, որ պատրաստ են հայ ժողովրդի հետ վերականգնել «քիրվայությունը»՝ բարեկամությունը, որ հայ ժողովրդի ներկա տնտեսական տկարության և էներգետիկ կախվածության պատճառը ռուսական քաղաքականությունն է և, որ Ռուսաստանի հեռացմամբ հայ ժողովրդի կյանքում լուսավոր փոփոխություններ են ակնկալվում։ Արդյունքը՝ ԼՂՀ-ի զգալի հատվածի կորուստն էր։ Նման ուղեգծի շարունակության վախճանը կարող է դառնալ ողջ Հայաստանի կորուստը։ Դրանում, թվում է, որ Հայաստանում որևէ գիտակից մարդ այլևս չպետք է կասկածի։

Հայաստանից ռուսական զինվորի հեռացման դեպքում, Թուրքիայի ու նրա դաշնակից Ադրբեջանի համար անհրաժեշտ են ընդամենը մի քանի ժամ, որպեսզի ամբողջապես բռնազավթեն Հայաստանի վերջին բեկորներն ու սրի քաշեն հայ ժողովրդին։ Իսկ իրենց հայ համարող բախտախնդիրների մեկ այլ խմբակի հավաստիացումներն այն մասին, որ Իրանը կարող է ձախողել այդ ծրագրերի իրականացումը, նույն քաղաքական ռոմանտիզմի շարքից են, ինչպիսին հայ-թուրքական քիրվայությունն է։ Քաղաքականության մեջ ռոմանտիզմն անհարիր է։ Ժողովուրդների համար այն կարող է գերեզմանաքար դառնալ։

Իսկ թե ինչո՞ւ մեր պատմական ու ավանդական դաշնակիցը նպաստեց 20-րդ դարի առաջին քառորդին Արցախի ու Նախիջևանի օտարմանը, հայ պատմագրության գրեթե բոլոր ներկայացուցիչները կամ թերի են լուսաբանում, կամ լուսաբանում են քաղաքական պատեհապաշտության համատեքստում։ Անհերքելի է, սակայն, որ «անկախության» համար մղվող պայքարի և նրան հաջորդող տարիների հայ պատմագրությունը և կուսակցական նեղմիտ շահերով թելադրվող՝ ինչպես ՀՀՇ-ական, այնպես էլ՝ ՀՅԴ-ական քարոզչամեքենան հայ ժողովրդի մոտ արմատավորեց արատավոր և հայ ժողովրդի համար կործանարար այն տեսակետը, որ հայ ժողովրդին պատկանող պատմական հողերի ու նրա ժառանգության օտարումը Ռուսաստանի վարած հակահայկական քաղաքականության արդյունքն էր և, որ հայ բոլշևիկներն այդ գործում նպաստել են Հայաստանում լենինյան ինտերնացիոնալի ապազգային ծրագրերի կյանքի կոչմանը։ Հակառուսական տրամադրությունների տարածման գործը, որի ֆինանսավորման աղբյուրներն ակունք են առնում հարևան Թուրքիայի ու նրա անդրօվկիանոսյան դաշնակիցների գանձարաններում, դրանց հեղինակների համար հանդիսանում է այն կարևոր երաշխիքը, որի շնորհիվ հնարավոր կլինի սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, կտրել Հայաստանը իր ավանդական ռուսամետ դիրքորոշումից, դուրս մղել Ռուսաստանին հարավային Կովկասից։

Այս ծրագիրը նոր չէ, այն գործել է դեռևս Հայկական հարցի գոյության ողջ ընթացքում, ընդհուպ մինչև նրա հուղարկավորումը 1923թ․ Լոզանի կոնֆերանսում, երբ հայ ժողովրդի արևմտյան «փրկիչները», ձեռք մեկնելով Քեմալական Թուրքիային, պատմության գերեզմանատուն ուղարկեցին Հայկական հարցը՝ ճանաչելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որի առանցքում ընկած էր հայ ժողովրդին պատմական հայրենիքից զրկելու փաստը։

Վերջաբանի փոխարեն, ընդհանրացնելով հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման ավելի քան երեք դարը, կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության Հայաստանի ապագա ճակատագիրն այսօր Ռուսաստանի ձեռքերում է։ Այդ հարցում հայ ժողովուրդը կարող է միայն շահող դուրս գալ, եթե ունկնդրի Ռուսաստանի ցանկություններին և այդ ցանկությունների համատեքստում կառուցի իր ապագան։ Իսկ դրացի Թուրքիայի ու նրա դաշնակիցների հետ հայ ժողովրդի առնչությունները կարող են անվտանգ լինել միայն այն պարագայում, երբ հարաբերությունների երաշխավորը դառնա Ռուսաստանը։ Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղի հարցը հայանպաստ լուծում կստանա միայն այն պարագայում, երբ Ռուսաստանը համոզված լինի, որ հայերի միջոցով և օգնությամբ վերականգնելու է իր կայսերական սահմանները։

պգթ Տիգրան Սարուխանյան,

12 սեպտեմբերի, 2021թ, Բեռլին

Տեսանյութեր

Լրահոս