Հայաստանի բնակչությունը պակասում է
Մեր վիճակագիրներն իրենց ավանդույթի համաձայն՝ հրապարակել են «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» տեղեկագիրը:
Այս պարբերականությամբ հրապարակվող ամենամյա տեղեկագիրը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր երկրի ժողովրդագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին: Առաջին ու հիմնական թիվը հուշում է, որ մենք՝ ՀՀ մշտական բնակիչներս, պակասում ենք: Մեկ տարի առաջ հոկտեմբերի 1-ին պաշտոնապես Հայաստանում ապրում էր 2 մլն 967 հազար 900 մարդ, իսկ այս տարի մենք պակասել ենք 1100-ով:
Երևանը, ինչպես միշտ, աճել է (այս տարի՝ 4100 բնակչով): Եվ, ինչպես միշտ, այստեղ առկա է ներքին միգրացիայի գործոնը՝ մայրաքաղաքն աճում է մարզերից տեղափոխվողների հաշվին: Երևանի բնական հավելաճն ավելի փոքր է, բայց այդ մասին՝ հետո:
Հայաստանի 10 մարզերից միայն երկուսում է նախորդ տարվա համեմատ բնակչության աճ գրանցվել: Գեղարքունիքում (բնակչությունն ավելացել է 200-ով) և Կոտայքի մարզում (400 մարդ):
Արագածոտնի մարզի ցուցանիշը նույնն է, ինչ անցած տարի (124.700 մարդ): Մնացած 7 մարզում բնակչության քանակը նվազել է: Վերջին տարիների կայուն ավանդույթի համաձայն՝ ինչքան շատ են իշխանությունները խոսում սահմանամերձ շրջանների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ու ծրագրերի մասին, այնքան շատ է պակասում այդ շրջանների բնակչությունը: Օրինակ, Տավուշի մարզում անցած տարի ապրում էր 120.800 մարդ, իսկ այս տարի՝ 119.700:
Հիմա քաղաքական ու քաղաքականամերձ շրջանակներում ամենամոդայիկը Սյունիքի մասին խոսելն է: Անցած տարի Սյունիքում ապրում էր 136.400 մարդ, իսկ այս տարի նրանց թվաքանակը 134.600 է: Բնակչության նվազման գործընթացը կամաց-կամաց սպառնում է դառնալ տենդենց: Պակասում է բոլոր խոշոր քաղաքների բնակչությունը: 2020-ի հոկտեմբերի 1-ին Գյումրին ուներ 112.500 բնակիչ, իսկ այս տարի՝ 111.400: Վանաձորում 2020-ին բնակիչների թվաքանակը 77.200 էր, այս տարի՝ 76.500:
Էական կրճատվել է, ասենք, Աբովյան քաղաքի բնակչությունը՝ 45.100-ից իջնելով 39.800-ի: Պակասել է նաև Սյունիքի մարզի բոլոր քաղաքների բնակչությունը: Նույն վիճակն է նաև Տավուշի մարզում (մարզկենտրոն Իջևանն անցած տարի ուներ 20.100 բնակիչ, իսկ այս տարի՝ 19.700): Երկրի մշտական բնակչության թվաքանակը կրճատվում է հավանաբար՝ ի հակառակ հայրենի իշխանությունների համարյա հայրական հոգածության «առ սահմանամերձ բնակավայրեր»:
Ժողովրդագրության մասին քննարկման թեման փոխելը չի նշանակում՝ անցնել ավելի թեթև թեմայի: Այս ոլորտում դիտարկման բոլոր տվյալները լուրջ վտանգներ են մատնանշում: Օրինակ, բնական հավելաճի տվյալները: Այն տարեցտարի նվազում է: 2019թ. ունեինք բնական հավելաճի 6856 մարդու ցուցանիշ (այդ տարի ծնվել էր 26.445 երեխա, իսկ գրանցված մահերի քանակը 19.589 էր): 2020-ին բնական հավելածը 5274 էր (26.558 ծնունդ, 21.284 մահ): Այս տարվա բնական հավելաճն աննախադեպ ցածր է՝ 3135 (26.809 ծնունդ, 23.674 մահ): Սա՝ մի քանի տարի առաջ (այսինքն՝ նախակորոնավիրուսային գործընթացի խորացող շարունակության հետևանք չէ): Երկու-երեք տարի միայն Լոռու մարզում էր բացասական բնական հավելաճ գրանցվում: Պարզ մարդկային բառերով՝ բացասական բնական հավելաճն այն է, երբ տվյալ տարածքում նույն ժամանակամիջոցում գրանցված մահերի քանակն ավելի շատ է՝ քան ծնունդներինը: Իսկ այս տարի մեր ժողովրդագիրներն արձանագրեցին, որ Լոռու մարզում բնական հավելաճը -368 է:
Արձանագրվեց, որ այս մարզն արդեն եզակի չէ: Բացասական հավելաճ արձանագրվել է 10 մարզերից 5-ում: Տավուշի մարզում բացասական հավելաճը -242 է, Շիրակի մարզում՝ -210, Սյունիքի մարզում՝ -32, Վայոց ձորում՝ -20:
Մայրաքաղաքի բնական հավելաճը 3.3 հազար է: Այն ավելի բարձր է հանրապետական միջին ցուցիչից, բայց բնակչության աճի ցուցանիշի հետ համադրելիս նկատելի է, որ մայրաքաղաքն աճում է ոչ միայն բնական հավելաճով, այլև ներքին միգրացիայի: Սա էլ ժողովրդագրության մյուս բացասական խնդիրների նման շարունակում է մնալ աննկատելի: Հատկապես իշխանությունների կողմից: