Աշոտ Աղաբաբյան. Հիմա պատերազմ չկա, ժողովուրդը ափերից դուրս ա եկել՝ ով ինչ ուզում-անում ա
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը տեղյակ չէ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին իշխանական վերնախավում ընթացող բանակցություններից:
168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իշխանությունները պատրաստվում են մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, և արդեն իսկ դրա շուրջ քննարկումներ են ծավալել, Աշոտ Աղաբաբյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ և չի մասնակցել նման քննարկումների:
Նրա խոսքով՝ պարտադիր կուտակային համակարգը ներդրվում է մարդկանց բարեկեցության համար, ապա մանրամասնեց. «Դա մեր գալիք սերնդի, մեր ժողովրդի բերեկեցության համար է: Չէ՞որ դա պատահական չի լինում, բոլոր երկրներում կան, ուղղակի այն երկրներում, որտեղ աշխատավարձը ցածր է, դժվար կլինի, բայց բոլոր դեպքերում՝ ճիշտ էր»:
Պատասխանելով մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընդդիմության կանխատեսումները կիրականան և օրենքը հակասահմանադրական չճանաչելուց հետո բողոքի մեծ ալիք կբարձրանա, պայթյունավտանգ իրավիճակ կստեղծվի երկրում, ՀՀԿ-ական պատգամավորը զարմացավ. «Էդ ովքե՞ր են ասում, ընդդիմադիրնե՞րը, քանի՞ հոգի են էդ ընդդիմադիրները…»:
Դիտարկմանը, թե միայն խորհրդարանի մասշտաբով 53 պատգամավոր գոնե այդ մասին խոսում է, սոցիալական ցանցում էլ մարդիկ դժգոհություն են արտահայտում, ինչը խոսում է լարված իրավիճակի առկայության մասին, ապա Աշոտ Աղաբաբյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն, ես ծնվածս օրվանից լարված իրավիճակ զգում եմ, լարված իրավիճակ միշտ էլ կա, ընդամենը կրակին բենզին մի լցրեք: Էս 23 տարվա ընթացքում շատ ցավ տեսանք, հիմա պատերազմ չկա, ժողովուրդը ափերից դուրս ա եկել՝ ով ինչ ուզում-անում ա, պատերազմ կար, բոլորը սիրով նստած էին, բոլորս մեկ էինք, ի՞նչ եք բողոքավոր դառել էսօր: Էդ նրանից ա, որ ընդդիմությունը եկավ իշխանության, իրան ինչ պետք էր վերցրեց, հիմա որ հանել-քցել են դուրս, էլ չի կարա վերցնի, բողոքում ա, դուք էլ դրան եք հավատում, հա՞»: