«Ռոբերտ Քոչարյանի հանցախմբի հետ միասին Պուտինն էլ է ենթարկվելու պատասխանատվության». Երթի մասնակիցները ՌԴ դեսպանատան առջև
Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկել է երթը դեպի նախագահական նստավայր: Երթին, բացի քաղաքացիական ակտիվիստներից, մասնակցում են նաև որոշ քաղաքական գործիչներ: Երթի մասնակիցները կանգ առան Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև, որտեղ ՀԱԿ նախկին անդամ, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարճատև ելույթ ունեցավ:
«ՌԴ նախագահ Պուտինը՝ Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի հետ միասին ողբերգություն է իրականացրել մարդկության դեմ: Մենք դատապարտում ենք Պուտինի կողմից իրականացվող ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, համարում ենք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն է կազմակերպել կիևյան սպանդը, որը երբեք չի մոռացվելու և Ռոբերտ Քոչարյանի հանցախմբի հետ միասին Պուտինն էլ է ենթարկվելու պատասխանատվության: Մենք կոչ ենք անում՝ ձեռքներդ հեռու Հայաստանից և ձեռքներդ հեռու Ուկրաինայից»:
Նույն հայտարարությունը Դավիթ Շահնազարյանը հնչեցրեց նաև ռուսերեն լեզվով: Դրանից հետո երթի մասնակիցները շարունակեցին քայլել Գրիգոր Լուսավորիչ փողոցով: Նրանց և ոստիկանների միջև փոքր բախում տեղի ունեցավ: Ոստիկանները պահանջեցին քայլել մայթերով, սակայն երթի մասնակիցները չենթարկվեցին այդ պահանջին և շարունակեցին քայլել փողոցով: