«Չեմ բացառում, որ ինչ-որ պահի չորս ուժերի միասնական ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը»

«Սերժ Սարգսյանը այլևս կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ է»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ և համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս հավաքել անհրաժեշտ ստորագրություններ՝ ԱԺ-ին պատադրելու ընդունել ժողովրդի օրակարգը:

Նա հիշեցրեց, թե չորս ուժերի համախմբվածությունը թույլ է տվել խորհրդարանում քննարկման դնել «գազի», Մարտի մեկի հարցերը, կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ: «Հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը և ես այլևս չեմ բացառում, որ ինչ-որ պահի չորս ուժերի միասնական ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ամեն դեքպում, ակնհայտ է, որ ԱԺ-ում և Ազատության հրապարակում պայքարի համակցումը էլ ավելի խեղճ վիճակի մեջ է դնելու իշխանությանը և թույլ կտա էլ ավելի նոր բարձունքներից գրոհել ռեժիմի դիրքերի վրա»,- հայտարարեց նա:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր հատվածները՝ գործարարներ, մտավորականներ, գյուղացիներ, բժիշկներ, ուսուցիչներ:

«Բոլորը հասկացել են, որ Սերժ Սարգսյանը կատարելապես ձախողել ՀՀ պետական կառավարությունը, զբաղված է բացառապես թալանով: Սերժ Սարգսյանի և նրա բարեկամական շրջապատի ագահության պատճառով նա կորցրել է անգամ խոշոր ձեռնարկատերերի աջակցությունը, որոնք տարիներ շարունակ եղել են ռեժիմի հենարանը»,- նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նա շեշտեց, թե Սերժ Սարգսյանն այնքան թույլ չի եղել, որքան հիմա, և ստեղծվել են բոլոր նախադրյալները Ս. Սարգսյանի հեռացման գործընթացը սկսելու համար: «Այսօրվա հանրահավաքի հզորությունը իսկապես ցույց է տալիս, որ եկել է նրա հեռանալու պահը»,- հավելեց նա:

Ապա Լ. Զուրաբյանը հարց հնչեցրեց հրապարկի մասնակիցներին. «Ես կարո՞ղ եմ ասել, որ սա Ազատության հրաժարակում հավաքված ողջ ժողովրդի անունի՞ց է»: Հնչեց հավաքվածների դրական պատասխանը, ինչից հետո Զուրաբյանը շարունակեց. «Ձեր այո-ն նշանակում է, որ ՀՀ-ում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը, բոլորը պետք որոշեն՝ ժողովրի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը: Եվս մեկ երկու նման հանրահավաք ու մենք Սերժ Սարգսյանին կուղարկենք պատմության գիրկը: Հանուն ազատության իրենց կյանքը տված հերոսների, Մարտի մեկին զոհված մեր եղբայրների, եկեք երդվենք, որ նրանց գործը հասցնելու ենք հաղթական ավարտի և Հայաստանը դարձնելու ենք ազատ, ժողովրդավարական երկիր: Դժվար է գտնել նրանց հիշատակը հարգելու ավելի լավ ձև»:

Տեսանյութեր

Լրահոս