Նաիրա Զոհրաբյան. Մարտի 1-ի ընթացքում, երբ ԲՀԿ-ն կոալիցա էր, ի՞նչ է արել ԲՀԿ-ն, ես կուզենայի իմանալ
ԲՀԿ-ն կաշկանդված չէ և ցանկացած պահի պատրաստ է դադարեցնել իր մասնակցությունը իշխող մեծամասնության կողմից ստեղծված «գազի» ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մերժելով չորս քաղաքական ուժերի առաջարկը՝ իշխանական կուալիցիան ինքը որոշեց նույնաբովանդակ առաջարկով հանդես գալ: Մենք հատուկ իլյուզիաներ չունենք իշխանությունների իրական նպատակի մասին, բայց այն, որ մեզ պետք է հետաքրքրեն մեր խնդիրները, ակնհայտ է: Մենք որևէ կերպ կաշկանդված չենք և երբ կնկատենք միտում՝ շեղելու հանձնաժողովի աշխատանքը իրական բուն խնդիրներից, այդ ժամանակ որևէ պարտավորություն չենք ունենա մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքին»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը շատ ցավում է, որ իշխող մեծամասնությունը, ենթարկվելով կառավարության դիկտատին, տապալեց ՀՅԴ առաջարկը՝ «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում:
«Ի՞նչ էր պատահել, ԱԺ-ն ունի լրջագույն, կարևորագույն գործիք՝ ժամանակավոր հանձնաժողովի գործիքը, իսկ որ այնտեղ լրջագույն խնդիրներ, օֆշորային խիստ կասկածելի պատմություններ կան, թե ինչու է գործարանն այսօր վերածվել մետաղի ջարդոնի և բազմաթիվ այլ անպատասխան հարցեր կան»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական քննարկումներին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենք այդ հարցը համարում են խիստ սկզբունքային:
«Մենք շահագրգիռ ենք ու պնդում ենք, որ պիտի արվի հնարավորը, որ հանրությունն իմանա՝ ինչպես, ինչ հանգամանքներում, ինչ զենքերից է զոհվել տասը քաղաքացին: Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք, պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ ուղղորդվող հարցերը: Քվեարկության ժամանակ կերևա՝ որ քաղաքական ուժն է շահագրգիռ գործի բացահայտմանը, իսկ որ քաղաքական ուժերն են հակված ինչ-ինչ խնդիրներ պարտակել, թաքցնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հնչեցրած մեղադրանքին, թե բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», խորհրդարանական մյուս բոլոր ուժերը մանակից են Մարտի մեկի գործի կոծկմանը, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, թե դա «մերկապարանոց» հայտարարություն է:
«Դրա համար ենք ասում՝ մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չէ: Կա ՀՔԾ, երեկ հնչեց, թե ինչի՞ եք հանձնաժողով ստեղծում, ՀՔԾ-ն զբաղբում է: Բա եկեք ստեղծենք հանձնաժողով, տարբեր շահագրգիռ քաղաքական ուժերից կազմված, քննարկենք, այդ թվում նաև Ալիկ Արզումանյանի մտահոգությունները, տեսնենք, պարզենք, հնչեցնենք հարցեր՝ ինչո՞ւ չի կատարվել փամփուշտի նույնականացում զենքի հետ, որտե՞ղ են հիմա այդ զենքերը, եկնք քննարկենք, մեզ համար տաբու հարցեր չկան, մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ԲՀԿ-ն պատասխանատու է Մարտի մեկի համար, որովհետև իշխանության մաս է եղել այդ տարիներին, իսկ հիմա քննադատում է իշխանությանը, Ն. Զոհրաբյանը նշեց. «Մարտի մեկի ընթացքում, երբ ԲՀԿ-ն կոալիցա էր, ի՞նչ է արել ԲՀԿ-ն, ես կուզենայի իմանալ… Ես ինքս անձնապես իմ գործընկեր Արամ Սարգսյանի հետ եղել եմ Մարտի մեկի հանձնաժողովի անդամ, ես պահել եմ Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի նախնական, վերջնական եզրակացությունը: Փառք աստծո, չեմ կասկածում Նիկոյանի անկեղծությանը և նա կարող է հաստատել՝ ինչ առաջարկներ են եղել մեր կողմից, ինչ ենք ասել, ինչի տակ չենք ստորագրել: Դրա համար ենք ասում՝ եկեք նպաստենք, ստեղծենք հանձնաժողով, բաց հրապակային քննարկենք, որովհետև բոլորս էլ ասելիք ու ասելու բան կունենանք»: