Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, ինչպես և սպասվում էր, կրկին օրակարգ է բերվել, այսպես կոչված, «անկլավների» փոխանակման թեման:

Ընտրություններում բոլոր արտաքին ուժերի, այդ թվում՝ ադրբեջանական առնվազն քարոզչական աջակցությամբ  իշխանությունը պահպանելուց հետո եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը: Եվ Նիկոլ Փաշինյանը սկսել է «անկլավների» փոխանակման, իրականում՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներն Ադրբեջանին հանձնելու հիմնավորման քարոզչությունը:

Այդ հարցում նրան օգնության է եկել… Ադրբեջանի դրամական միավորը, որի վրա իբրև թե Արծվաշենը պատկերված է «անկլավի» տեսքով, ինչը Փաշինյանի համար բավարար է Հայաստանի ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար:

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանի հայտարարությունն այդ մասին հերթական մանիպուլյացիան էր, քանի որ իրականում 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե՝ որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ՝ Ադրբեջանի տարածքի մի մաս:

Կարդացեք նաև

Ադրբեջանական փողը, նրա վրա, ինչպես երևում է՝ մոգական ազդեցություն ունի և ծառայում է ոչ միայն Հայաստանում իշխանությունը պահպանելու, այլ նաև դրա դիմաց ստանձնած պարտավորությունների կատարման քարոզչություն իրականացնելու համար:

Հաշվի առնելով 2020 թ. պատերազմից հետո իշխանության կողմից կատարված սատանայական քայլերն ու դրանց մարսումը, շատ մեծ հավանականությամբ, Փաշինյանը հաջողելու է նաև անկլավների հանձնման հարցում: Հաջողելու է, որովհետև նա լայն առումով կարողացել է անկլավի վերածել Հայաստանն ու հայկականությունը:

Ֆիզիկական իմաստով անկլավն օտար պետության տարածքում գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածքն է: Ոչ քարտեզի վրա, բովանդակորեն Հայաստանն այսօր գրեթե ամբողջությամբ ադրբեջանական անկլավ է՝ դրանում տեղի ունեցող գործընթացների իմաստով:

Ֆորմալ առումով Հայաստանն Ադրբեջանին չի պատկանում, բայց նրան է պատկանում հայկական քաղաքականության բովանդակությունը: Իսկ դրա խորքային, անտեսանելի պատճառներից մեկն այն է, որ անկլավի է վերածվել նաև հայկական մտածողությունն ու հանրային իմունիտետը՝ ընդհանուր առմամբ:

Պետությունները գոյատևում և կենսունակ են լինում առաջին հերթին՝ ներքին հանրային դիմադրողականությամբ, հիմնարար նշանակություն ունեցող հարցերում հանրային կոնսենսուսի առկայությամբ: Ողբերգությունն այն է, որ անկլավիզացիայի է ենթարկվել ոչ միայն Հայաստանի պետական քաղաքականությունը, այլ հասարակության հավաքական մտածողությունը և դրանից բխելիք կամ դրա կողմից հանդուրժվող քաղաքական միտքը:

Հանրային կոնսենսուսը կայացել է միայն ամեն գնով լավ ապրելու և այդ նպատակն իրականացնելու ճանապարհին որևէ միջոցի մեջ խտրություն չդնելու հարցի շուրջ: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնապես քարոզվող լավ ապրելու համար այս փուլում Ադրբեջանին, այսպես կոչված, անկլավները հանձնելուց հետո վաղը հանդուրժվելու է նաև, օրինակ, Սևանի ավազանի մի մասը կամ ամբողջն Ադրբեջանին տրամադրելը, և այդպես շարունակ:

Այսօրվա իրականությունը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ինչ-որ պահի հանձնվել են հասարակության հավաքական մտածողության սահմաններն ու կարմիր գծերը՝ հանրային դիմադրողականությունը վերածելով նյութական ու այսրոպեական վայելքներով կամ դրանց պատրանքներով շրջափակված անկլավի:

Հանրային դիմադրողականությունն այլևս կարող է արթնանալ միայն այն դեպքում, երբ վտանգի տակ կլինի ահա այդ «լավ կյանքի» վերացական անկլավը, որը դեռևս շարունակելու է իր գոյությունը, այդ թվում՝ ադրբեջանական փողի՝ մանաթի շնորհիվ: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի գործող իշխանությունը:  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031