Լևոն Տեր-Պետրոսյան. քաղաքական օրակարգը հիմա ձևավորում է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հրաշալի քառյակը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագրծակցությունը համարում է սերտ: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:

Նա նշեց, թե 1999 թվականից հետո առաջին անգամ ՀՀ օրենսդիր մարմինը վերածվել է իրական խորհրդարանի, լուրջ քաղաքական քննարկումների թատերաբեմի: ՀՀ առաջին նախագահը նշեց, թե խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետևողական, համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը հիմնավոր, փաստարկված:

«Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը կարողանում են ապահովել 40-50 ձայն, իշխող մեծամասնություն, ճիշտ է, կոճակների օգնությամբ առայժմ հաջողում է խափանել նախաձեռնությունները, բայց ամեն մի հաջողություն ոչ թե ավելացնում, այլ՝ սպառում է այդ մեծամասնության էներգիան: Ոչ իշխանական չորս ուժերը վհատվելու հարկ չունեն, պետք է նույն թափով շարունակեն իշխանությանը ռմբակոծել իրենց նախաձեռնություններով: Պետք է քաջ գիտակցեն, որ անկախ քվեարկության արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, ազդում հասարակական կարծիքի վրա՝ հասունացնելով այն պահը, երբ իշխանությունները մեն-մենակ հայտնվելու են ողջ ժողովրդի առջև»,- հայտարարեց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ քաղաքական օրակարգը հիմա ձևավորում է ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների «հրաշալի քառյակը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս