Բաժիններ՝

Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը

Վերջին տարիներին ծնողները, աշակերտները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժգոհում էին դպրոցական դասագրքերից։ Այդ դժգոհությունները մեծ մասամբ ընդունելի էին, քանի որ 2007-2011թթ. տպագրված դասագրքերը մշակվեցին կարճ ժամանակում և անբավարար մասնագիտական փորձի պայմաններում։ Հաշվի առնելով նախորդ փորձառությունը, թվում էր, թե այս անգամ նախարարությունն ավելի լավ է նախապատրաստելու դասագրքերի տպագրության գործընթացը։ Դրա համար կային նաև որոշակի հիմքեր։

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը 2019թ. նախաձեռնեց մի քանի փորձնական դասագրքերի տպագրություն, ձևավորեց ուսուցիչների խմբեր, որոնք քննարկում էին դասագրքերի հետ կապված խնդիրներ։ Հիմնադրամը նախապատրաստեց նաև մի քանի մեթոդական նյութեր։ Մեծ ծավալի աշխատանքներ կատարեցին նաև հրատարակչությունները, որոնք ստեղծեցին հեղինակային խմբեր՝ նախապատրաստվելով դասագրքերի մրցույթին։

2021-2022 ուսումնական տարում նախարարությունը Տավուշի մարզի բոլոր դպրոցներում փորձարկեց նոր չափորոշիչները։ Ակնկալվում էր, որ նախարարությունը շատ արագ կամփոփի չափորոշիչների փորձարկումը և օգոստոս-սեպտեմբերին կհայտարարի նոր սերնդի դասագրքերի մրցույթը։ Սակայն գործընթացը հետաձգվեց, որևէ հրապարակային բացատրություն չտրվեց հետաձգման համար։ Հոկտեմբերին հանրային քննարկման դրվեցին 2–րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների ծրագրերը։ Նման քայլը տարօրինակ էր, քանի որ դասագրքեր տպագրելու ամբողջական հիմքը չափորոշիչն է, ոչ թե ծրագիրը։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամսին կատարյալ լռություն եղավ այս հարցում և հանկարծ դեկտեմբերի սկզբին նախարարությունը հայտարարեց 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի մրցույթ։

Կարդացեք նաև

Ըստ մրցույթի պայմանների, ընդամենը մեկ ամսում մասնակիցները պետք է ներկայացնեին դասագրքի, մեթոդական ձեռնարկի ամբողջական տարբերակները։ Քանի որ այս ժամկետը աբսուրդ էր, նախարարությունը վերջնաժամկետը երկարացրեց մինչև մարտի 31, ապա նաև՝ ապրիլի 21։ Այսինքն, 2 անգամ մրցույթի ժամկետը փոխվեց։ Սակայն անգամ սա անբավարար է։ 4 ամսում դասագիրք և մեթոդական ձեռնարկ գրելն անլուրջ է։ Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ դասագիրք պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 տարի ժամանակ։

Իհարկե, հրատարակչությունները վաղուց էին տեղյակ, որ 2023թ. սեպտեմբերին պետք է 4 դասարանների դասագրքեր հրատարակվեն։ Բայց այս անգամ մրցույթին կարող են մասնակցել նաև անհատներ ու խմբեր, որոնք, հնարավոր է, տեղյակ չեն եղել մրցույթի մասին՝ մինչև պաշտոնական հրապարակումը։ Մարդիկ պարտավոր չեն տեղյակ լինել, թե երբ և ինչ մրցույթներ են հայտարարվելու։ Բայց կառավարությունը պարտավոր է ապահովել հավասարություն և մրցույթի ողջամիտ ժամկետ։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետում նշվում է, որ «պատվիրատուի մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով»։ Ի դեպ, օրենքը նաև հնարավորություն է ընձեռում դատական կարգով վիճարկել այս խտրական մոտեցումը և ստանալ փոխհատուցում։

Ի դեպ, այս մրցույթը բավական ծանր վիճակի մեջ է դրել նաև հրատարակիչներին։ Հաղթելու դեպքում կառավարությունը հրատարակչությանը վճարելու է ընդամենը 6 միլիոն դրամ, այսինքն՝ 3 բարձրաստիճան պաշտոնյայի մեկ ամսվա աշխատավարձին համարժեք գումար։ Ահա այսքան է գնահատվում դասագրքի և մեթոդական ձեռնարկի նախապատրաստման արժեքը։ Եթե այս գումարից հանենք հարկերը, ապա հրատարակչությանը մնում է շատ չնչին գումար։

Առանձնացվել են նաև դասագրքի պատրաստման և տպագրության գործընթացները։ Այսինքն՝ հաղթող հրատարակչության դասագիրքը կարող է տպագրել մեկ այլ կազմակերպություն։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հեշտ չէ մեծաքանակ դասագրքեր տպագրելը, կա մտավախություն, որ այդ մրցույթը կարող է շահել օտարերկրյա որևէ ընկերություն։ Նվազեցվել է նաև հեղինակներին տրվող հոնորարի սահմանաչափը։ Եթե նախկինում հեղինակները ստանում էին մինչև 15% հոնորար, ապա հիմա այդ գումարը դարձել է 8%։ Ընդ որում, դասագիրք ու մեթոդական ձեռնարկ պատրաստելն ավելի աշխատատար է դարձել։ Սա ստեղծագործական աշխատանքի թերագնահատում է։ Եվ հենց այսպիսի վերաբերմունքի արդյունքում է, որ մարդիկ չեն ուզում զբաղվել ստեղծագործական աշխատանքով։

Այսպիսով, կտրուկ վատթարացել են հրատարակիչներին և հեղինակներին առաջարկվող պայմանները։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու իրավապահների հանդեպ առատաձեռն կառավարությունը գումարներ է խնայում պետության համար այնպիսի կարևոր գործի վրա, ինչպիսին է դասագրքերի տպագրությունը։

Բայց սա դեռ վերջը չէ։ Դասագրքերի մրցույթ հայտարարելուց շուրջ 2 ամիս անց e-draft հարթակում հանրային քննարկման են դրվում չափորոշիչները։ Այսինքն՝ նախարարությունը հայտարարում է դասագրքերի մրցույթ ու հետո քննարկման դնում չափորոշիչները։ Ի՞նչ է լինելու, եթե մարդիկ այնպիսի առաջարկ անեն, որի հիման վրա անհրաժեշտություն առաջանա չափորոշչում փոփոխություն անելու։  Ընդ որում, օտար լեզվի չափորոշիչները հրապարակված չեն, մյուսները հրապարակվել են տարբեր ձևաչափերով, կիսատ-պռատ։ Առ այսօր չկան նաև դասագրքերի գնահատման սանդղակներ։ Մարդիկ դասագիրք են գրում և տեղյակ չեն, թե ինչպես են իրենց դասագիրքը գնահատելու։

Այս ամենը հաշվի առնելով, մի քանի հրատարակչություններ և խմբեր հրաժարվել են մասնակցել մրցույթին։ Այսինքն՝ կատարվել է հսկայական աշխատանք, որը ջուրն է լցվում, քանի որ նախարարությունն ուշացրել է ծրագրերի, չափորոշիչների հաստատումը, մրցույթի հայտարարումը։

Այսօր հնարավորություն կա կասեցնելու այս ձախողումը։ Մենք պետք է կանխարգելենք ձախողումները։ Մինչդեռ լուռ սպասում ենք, որ ձախողումը տեղի ունենա, և հետահայաց ու անօգուտ սկսենք բողոքել։ Ես պատկերացնում եմ, թե որքան մարդիկ են 3-4 տարի հետո բողոքելու դասագրքերից, որքան մարդիկ են դասագրքերի հեղինակներին կարգելու իրավիճակի մեղավորներ։ Մինչդեռ այսօր կա հնարավորություն այս ձախողումը թույլ չտալու։

Տեսանյութեր

Լրահոս