Ինչքան էլ հիմա փորձենք պակասեցնել նախագահի լիազորությունները՝ այս անենք, այն անենք, միևնույն է՝ դատավորների կախումը չի վերանա: Կդադարեն կախված լինել նախագահից, այս անգամ ամբողջությամբ կախման մեջ կլինեն Արդարադատության խորհրդից: Դատավորներին անկախ դարձնելու միակ մեխանիզմը հավանաբար ընտրությունների մոդելն է, որը շատ հաջողությամբ գործում է, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործը նոր դատավորի է մակագրվել: Քրեական գործը կքննի Տաթևիկ Գրիգորյանը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Տեսանյութում հստակ երևում է, որ մինչև Շանթ Հարությունյանի և ընկերների՝ բանուկ մաս դուրս գալը` մոտ 10 հոգի արդեն գտնվում էին երթևեկելի մասում: Նրանցից ոչ մեկին ոստիկանները դիտողություն չեն արել, Շանթ Հարությունյանն էլ դուրս եկավ, մոտ 3-4 մետր գնալուց հետո հետևից նրան մոտեցավ ոստիկան Գեղամ Խաչատրյանը, շատ կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող ձևով թևից քաշելով՝ փորձեց նրան հանել փողոցի երթևեկելի մասից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործի քննությունը: Դատարանում այսօր ճառերով պետք է հանդես գային կողմերը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը միջնորդեց վերսկսել դատաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Գնել Թևոսյանի հաղորդման հիման վրա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ֆինանսական բուրգի գործով քննության ընթացքում այսօր ճառով պետք է հանդես գար գործով մեղադրողը: Վերջինս, սակայն, դատական նիստին չէր ներկայացել՝ հայտնելով, որ վատառողջ է: Դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց. հաջորդը տեղի կունենա ապրիլի 2-ին:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբյանը հետազոտություններ է անցել, այժմ վիրահատական միջամտության կարիք չկա: Նրա տեղեկացմամբ՝ Հակոբ Հակոբյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հիշեցնենք, որ երեկ նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:
Հարցազրույց Վազգես Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ
«Այդ երեք պետությունները փոխադարձ խնդիրներ ունեն, որը չեն թաքցնում, և իրենք փորձում են իրենց միջև եղած առկա տարաձայնությունները հարթել: Սա է խնդիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների առաջիկա հանդիպմանը:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքվեցին՝ արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին սկզբում հոգեպես առողջ, ապա հիվանդ ներկայացնելը չի՞ նշանակում, որ ռուսական կողմը միտում ունի կոծկելու գործը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ հիվանդության առկայության կամ բացակայության մասին տեղեկություններն ընդամենը կարծիքներ են:
«Իմ կենսագրության մեջ՝ թե պաշտոնական գործունեության և թե զուտ անձնական հարթության, չի եղել երբևէ մի դեպք, որ ես որևէ խոստում տամ և խոստումս չկատարեմ: Ինչո՞ւ: Որովհետև ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ես ի վիճակի եմ իրագործելու»:
«Վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված»,- ասում է ՀՀ գլխավոր դատախազը:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը դատարանին միջնորդել էր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նախագահի աշխատակազմերից պահանջել տեղեկություններ՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ այդ պաշտոնատար անձինք մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որովայնի շրջանում սուր ցավեր ունենալու պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատաողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին փոխանցեց, որ Հակոբ Հակոբյանը ենթարկվել է լաբորատոր գործիքային հետազոտության, ինչի արդյունքում սուր վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել, նա այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, և այս պահին ստացիոնար բուժման կարիք չունի:
«Այս ամենից ելնելով կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և, հետևաբար՝ Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով հասնել նշված աշտարակի մոտ»,- նշել էր Երեմ Սարգսյանը:
«Եթե ինձ հարցաքննեն, ես կներկայացնեմ բոլոր ապացույցները, այդ թվում՝ կնշեմ այն վկաներին, որոնք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում չէին հարցաքննվել, սակայն իրենք կհաստատեն, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ պետական մարմինները ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն, իրենք կարող են միայն հետաձգել այն:
«Նման սպանությունների գործերով կրակողը միշտ հրազենները թողնում է դեպքի վայրում: Եթե ուսումնասիրեք այդ դեպքերը` կտեսնեք, որ իրականում սպանությունից հետո միշտ «քիլլերը» զենքը թողնում է դեպքի վայրում, երբեք զենք իր հետ չի տանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կարող է պայամանավորված լինել այն հանգամանքը, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունից հետո դեպքի վայրում հրազեն էր թողնվել:
Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ մամուլի կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ գործը վարույթ է ընդունվել:
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են:
Գագիկ Եգանյանի խոսքով՝ընդհանրապես եթե անձը խախտում է որևէ երկրի օրենսդրությունը, պետք է փորձի խախտման իրավաչափ լինելը վիճարկել այդ երկրի դատական ատյաններում. «Այս դեպքում այս բարդ, քիչ հեռանկար ունեցող ուղղության փոխարեն՝ Ռուսաստանի մեր գործընկերները հնարավորություն են տվել ընդամենը դիմում գրել իրենց, և նրանք պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա կրկին անգամ վերանայել անձի փակման գործը՝ որքան է դա իրավաչափ»:
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը: Ինչպես հայտնի է, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում: Կոմիտեից ի պատասխան 168.am-ի հարցի՝ տեղեկացրեցին, որ գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
«Վատ եմ գնահատում, իհարկե, շատ մտահոգիչ, ուրիշ պատասխան չունեմ»,- պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա դա թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Կոմիտեից փոխանցեցին, որ այժմ դեպքի վայրում է քննչական խումբը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Կոմիտեից փոխանցեցին նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ:
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների արդյունքում 2 մարդ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանը 168.am-ին փոխանցեց, որ 2-ն էլ հիվանդանոց տեղափոխվել են արդեն մահացած վիճակում:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների արդյունքում 1 անձ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ինքնությունը պարզելու համար, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական, որոնողական աշխատանքներ՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:
Վկան նշեց, որ երբ որոշ ժամանակ անց ինքը վերադարձել է խանութից, դեպքի վայրում վիրավորված անձանց է տեսել: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Գոռ Առաքելյանին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ, ինչին վկան արձագանքեց. «Չէ, որ ուզենար սպաներ, ոտքերին չէր խփի»: