«Չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի դատավոր, ով համարձակվի այս գործով որևիցե խախտում արձանագրել»
Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ
– Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժեց գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանների բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Որոշումը բողոքարկե՞լ եք Վճռաբեկ դատարան և ի՞նչ եք պահանջել դատարանից:
– Վճռաբեկ դատարանից պահանջել եմ, որպեսզի իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի արդարացման հիմքով: Բողոքում բերել եմ մի շարք փաստարկներ, մասնավորապես, որ այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող խուլիգանություն համարվել: Բացի այդ՝ բերել եմ այն փաստարկը, որ դատավճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ: Խոսքն առաջինը վերաբերում է ոստիկանների ցուցմունքներին, որը, ըստ
ՄԻԵԴ-ի հայտնած դիրքորոշման, չի կարող անձին մեղադրելու և դատապարտելու բավարար հիմք հանդիսանալ, եթե հաստատված չէ այլ ապացույցներով: Իսկ տվյալ դեպքում՝ գործով այլ ապացույցներով հաստատված չեն ոստիկանների հայտնած մի շարք տեղեկություններ, որոնք էական նշանակություն ունեին գործի համար: Բացի այդ, դատարանի կողմից թույլ են տրվել նաև մի շարք այլ խախտումներ: Դատավճռի հիմքում մասնավորապես դրվել են ոստիկանների նախաքննական ցուցմունքներ, որոնք դատաքննության ընթացքում չեն հետազոտվել, չեն հրապարակվել, հետևապես` դատարանը ոչ մի դեպքում իրավունք չուներ դրանք օգտագործել: Նշել եմ, որ որպես այդպիսին՝ տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 11-րդ և 14-րդ հոդվածների խախտում, այսինքն՝ Շանթ Հարությունյանն իր գործընկերների հետ երթ է իրականացրել, որը երաշխավորված է Կոնվենցիայով, դրա պահանջների պահպանմամբ, իսկ Ոստիկանության միջամտությունն օրինական, իրավաչափ և տվյալ պարագայում անհրաժեշտ չի եղել:
Ընդ որում, զուգահեռներ եմ անցկացրել, որ բազմաթիվ դեպքեր են եղել և՛ Հայաստանում, և՛ հատկապես Երևանում, կոնկրետ` նաև Մաշտոցի պողոտայում, երբ այլ, այսպես ասեմ, անձանց կողմից երթ է իրականացվել, և ոստիկանների կողմից որևիցե կերպ քայլեր չեն ձեռնարկվել այդ երթը դադարեցնելու ուղղությամբ, անգամ այն դեպքում, երբ երթն արտոնված չի եղել: Իսկ տվյալ դեպքում միջամտությունը կամայական է եղել, և դա պայմանավորված է եղել հենց հատկապես այն հանգամանքով, որ Շանթ Հարությունյանն ու իր գործընկերներն ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն և խիստ քննադատում են իշխանությանը, այսինքն՝ այս առումով նրանք արժանացել են խտրական վերաբերմունքի՝ կապված իրենց քաղաքական համոզմունքների հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում վերաքննիչ դատարանի որոշումը: Դրանում կարծես թե ամբողջությամբ մեջբերված էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և մի քանի պատճառաբանություններ էին ներկայացված:
– Վճռաբեկ բողոքում ես անդրադարձել եմ նաև այդ հարցին, որ, իմ խորին համոզմամբ՝ դատական ակտը չի կարող պատճառաբանված համարվել, եթե վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքում բերված փաստարկներին: Ընդ որում, եթե դատարանը գտնում է, որ բողոքում բերված փաստարկները վերաբերելի չեն գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների կամ ընդհանրապես վերաբերելի չեն գործին, ապա դրա մասին անպայման պետք է նշվի: Եթե փաստարկ է բերված, վերաքննիչ դատարանը պետք է ասի, թե ինչու է համաձայն այն փաստարկի հետ, ինչու համաձայն չէ:
Հակառակ դեպքում ի՞նչ է տեղի ունեցել: Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ copy paste տարբերակով արտատպել է առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճառաբանական մասը, դրանից հետո վճռաբեկ դատարանի մի քանի որոշումներից մեջբերումներ է արել, այնուհետև անդրադարձել մի երկու փաստաբանի բերած փաստարկների: Իսկ մյուս պաշտպանների, այդ թվում` նաև իմ բերած հիմնավորումներին որևէ անդրադարձ չի կատարել, որևիցե գնահատական չի տվել, վերացականորեն նշել է, որ՝ դատարանը, հաշվի առնելով առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալների արարքին ճիշտ իրավական գնահատական է տրվել, և նրանց արդարացնելու հիմքեր չկան:
Ես գտնում եմ, որ նման կերպ վերացական փաստարկ բերելով` դատարանը նաև խախտում է թույլ տվել՝ կապված պատճառաբանված որոշում ստանալու հետ: Բացի այդ՝ վճռաբեկ բողոքում նշել եմ, որ տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի խախտում երկու կտրվածքով: Առաջինը խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի հանրաճանաչ հայտարարությանը (Կոլումբիայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շ. Հարությունյանը հանցագործություն է կատարել.- Օ.Հ.): Երկրորդը վերաբերում է նրան, որ անթույլատրելի նյութերի պայմաններում` բոլոր տեղեկությունները կամ տվյալներն այն մասին, որ Շ. Հարությունյանն ու ընկերներն իրավախախտում են կատարել, ենթադրություններ են, այսինքն՝ չփարատված կասկածներ են, և դրանք չեն կարող մեկնաբանվել` ի վնաս մեղադրյալների, ինչն արել են և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ դատարանները:
– Վերաքննիչ դատարանում էլ խոսել էիք անմեղության կանխավարկածի խախտման մասին: Նաև Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էր խնդրել հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ անդրադարձե՞լ է սրան:
– Վերաքննիչ դատարանը վերացականորեն ասել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա: Ուրիշ բան, որպես այդպիսին, վերաքննիչ դատարանը չի նշել:
– Վերաքննիչ դատարանում հնարավորություն չունեցաք միջնորդություն ներկայացնելու, ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալների մի մասը վերջին խոսքի իրավունքից օգտվելու հնարավորություն չունեցան: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են դատարաններն այդկերպ վարվում. վերաքննիչ դատարանում Դուք նշել էիք, որ միջնորդություն ունեք:
– Ասացի, դատարանն էլ հասկացրեց, որ հերթով գալիս է, յուրաքանչյուրին միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն կտա, քանի որ առաջինը նստած էր Ինեսա Պետրոսյանը, նրանից սկսվեց, ես միջնորդության վերաբերյալ իմ կարծիքը, դիրքորոշումը հայտնեցի, պետք է շարունակվեր, բայց դատարանը կեսից հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Շանթ Հարությունյանի հետ վիճաբանության մեջ մտնելով, ինչը դատարանի համար պետք է անթույլատրելի լինի: Դատարանը չի կարող կողմի հետ վիճաբանության մեջ մտնել: Համենայն դեպս, վճռաբեկ բողոքում նշել եմ նաև, որ այս առումով զրկվել եմ ապացույց ներկայացնելու հնարավորությունից: Ասեմ, որ առանձնապես հույսեր չեմ կապում վճռաբեկ դատարանի հետ, որովհետև տվյալ գործն ակնհայտ քաղաքական կոնտեքստ ունեցող գործ է, և չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի դատավոր, ով համարձակվի այս գործով որևիցե խախտում արձանագրել և ըստ այդմ փոփոխի դատական ակտը կամ բեկանի, ուղարկի նոր քննության: Այսինքն՝ վճռաբեկը պարզապես դիտում եմ մի ատյան, որը պետք է սպառել:
– Ի՞նչ միջնորդություն պետք է ներկայացնեիք վերաքննիչ դատարանում:
– Եթե առաջին ատյանի դատարանում հետևել եք գործի քննությանը, այնտեղ մի քանի անգամ իմ համակարգչի միջոցով տեսանյութ վերարտադրվեց, որի վերաբերյալ նաև վկաներին բազմաթիվ հարցեր տրվեցին: Խնդիրը կայանում էր նրանում, որ այդ տեսանյութը գործում չի եղել, իսկ այդ տեսանյութն էական նշանակություն ուներ գործի համար, քանի որ հստակ երևում էր, որ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ խաղաղ երթը սկսում է Ազատության հրապարակից, ուղևորվում Մաշտոցի պողոտայի ուղղությամբ, և, որ բուն անօրինական գործողությունները սկսվում են հենց Ոստիկանության աշխատակիցներից: Տեսանյութում հստակ երևում է, որ մինչև Շանթ Հարությունյանի և ընկերների՝ բանուկ մաս դուրս գալը` մոտ 10 հոգի արդեն գտնվում էին երթևեկելի մասում:
Նրանցից ոչ մեկին ոստիկանները դիտողություն չեն արել, Շանթ Հարությունյանն էլ դուրս եկավ, մոտ 3-4 մետր գնալուց հետո հետևից նրան մոտեցավ ոստիկան Գեղամ Խաչատրյանը, շատ կոպիտ և արժանապատվությունը նվաստացնող ձևով թևից քաշելով՝ փորձեց նրան հանել փողոցի երթևեկելի մասից: Այս ընթացքում որևիցե ոստիկան դիտողություն չի արել, նրանց դեմքերից երևում է, ես չեմ ասում՝ անպայման լսվի, որևիցե մեկը գործողություն չէր արել, ավելին՝ երբ Շանթ Հարությունյանը մոտեցավ, 1-2 ոստիկան մի կողմ քաշվեցին, որ կարողանան դուրս գալ փողոց: Այսինքն՝ այս ամբողջը Շանթ Հարությունյանին և իր ընկերներին տեղիք էր տալիս ենթադրելու, որ, եթե մարդկանց մի մասն արդեն դուրս է եկել փողոցի երթևեկելի մաս, որևիցե խոչընդոտ չկա, որ իրենք էլ դուրս գան: Եվ այս պարագայում Ոստիկանության գործողություններն ակնհայտ անօրինական էին և ոչ համաչափ: Ես կարծում եմ, որ այս հատվածը վարույթն իրականացնող մարմինը գիտակցաբար դատարանին չի ներկայացրել: