Արթուր Սաքունցը միջնորդեց որպես վկա՝ հարցաքննել բժշկի եղբորը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործի քննությունը: Դատարանում այսօր ճառերով պետք է հանդես գային կողմերը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը միջնորդեց վերսկսել դատաքննությունը:

Արթուր Սաքունցն ասաց, որ դատաքննության ավարտից հետո ի հայտ է եկել նոր փաստը, որը չի հետազոտվել դատաքննության փուլում և հնարավոր չէր հետազոտել: Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում Լիա Միսակյանի ծնողները հայտնել են, որ երեխայի մեզի և կղանքի անալիզ վերցնելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ իրենց տեղյակ են պահել, որ լաբորատորիան չի աշխատել: Բժշկական անձնակազմի ներկայացուցիչներն էլ, ըստ նրա, դատարանում հայտնել են, որ բժշկական կենտրոնի լաբորատորիան 2012թ. դեկտեմբերի 31-ին աշխատել է, սակայն այդ օրը լաբորատորիայում հերթապահ բժիշկ չի աշխատել, իսկ անձնակազմի ներկայացուցիչներից մեկն էլ հայտնել է, որ այդ օրը լաբորատորիայի բժիշկը տնային հերթապահություն է իրականացրել, չի կարող մատնանշել, թե ով է եղել հերթապահ բժիշկը:

Արթուր Սաքունցի խոսքով՝ 2015թ. հունվարի 28-ին Լիա Միսակյանի հոր եղբայրը facebook սոցիալական ցանցում Լիա Միսակյանի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել ցանցի օգտատերերից մեկի հետ, ով խոսակցության ընթացքում հայտնել է, որ երրորդ օրվա բժշկուհին իր քույրն է եղել, և ինքն ամեն բանից տեղյակ է: Ըստ Արթուր Սաքունցի՝ խոսակցության ընթացքում այդ օգտատերը հայտնել է, որ «բայց ամսի 1-ով շատ դժվար ա բուժօգնություն ցուցաբերելը, դա բժշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն ա, որ լաբորատորիաները չեն աշխատել, ու հերթապահ բժշկի են նշանակել այդ օրով անփորձ բժշկի»: Արթուր Սաքունցը միջնորդեց վերսկսել դատաքննությունը, և որպես վկա՝ հարցաքննել բժշկի եղբորը:

Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը խնդրեց հետաձգեց դատական նիստը՝ նշելով, որ միջնորդությունը ծավալուն է, և դրան ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Պաշտպանը դատարանում միջնորդեց նաև հրապարակել քրեական գործին կցված սկավառակները, որում պատկերված էր Լիա Միսակյանը: Դատարանը հրապարակեց սկավառակը՝ որպես փաստաթուղթ: Սկավառակը ներկայացրել էր տուժող կողմը:

Դատարանում ամբաստանյալ Լիլիթ Հովհաննիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը ներկայացրեց Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովից ստացված փաստաթուղթը, որում հանձաժողովը հայտնել էր, որ իրենց իրավասության շրջանակներից դուրս է դատավարության ընթացքին միջամտելը, դատարանն անկախ է և արդարադատությունն իրականացնում է Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների համապատասխան, կարծում են, որ գործի քննության ընթացքում անաչառորեն կուսումնասիրվեն գործի բոլոր հանգամանքները, բուժաշխատողների գործողությունների համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին և ուղեցույցներին, որի արդյունքում կկայացվի օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Փաստաբանը խնդրեց փաստաթուղթը կցել քրեական գործին:

«Մեր կողմից, ըստ էության, նախորդ դատական քննության ընթացքում ներկայացվեցին նախարարի կողմից հաստատված չափորոշիչներ, ուղեցույցներ, որոնցով հիմնավորվում է, որ իմ պաշտպանյալը սխալ ախտորոշում չի կատարել, և ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել»,- ասաց պաշտպանը: Դատարանը որոշեց փաստաթուղթը կցել քրեական գործին:

 

Տեսանյութեր

Լրահոս