ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել. Վարդան Պետրոսյանի պաշտպանը որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա: 168.am-ի հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ի այդ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Վարդան Պետրոսյանի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացնելը պայմանավորված է բացառապես Վարդան Պետրոսյանի կամքով, քանի որ ուշ թե շուտ մենք օրինական կարգով ձեռք ենք բերելու դատաավտոտեխնիկական փորձագետի եզրակացությունը, որով կհաստատվի, որ իրականում ավտովթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում, այլ ոչ թե կողնակում, ինչպես ներկայացնում է տուժող կողմը, որին էլ «հավատացել են» Կոտայքի մարզի իրավապահ մարմինները: Ես խոստանում եմ՝ ուշ թե շուտ դա լինելու է:
Ցավոք սրտի, ՀՔԾ-ն, որն ի պաշտոնե պարտավոր է ստուգել՝ արդյոք դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմելիս քննիչը թո՞ւյլ է տվել ապօրինություններ, թե՞ ոչ, և արդյոք քննիչի արարքում առկա՞ է հանցակազմ, թե՞ ոչ, մերժել է քրեական գործի հարուցումը: Ես բողոքարկել եմ ՀՔԾ քննիչի այդ որոշումը ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ վերացնի այդ որոշումը և հանձնարարի հարցաքննեն ինձ, որպես հողորդում ներկայացրած անձի, ինչը քննիչները պարտավոր էին արած լինեին:
Նշեմ, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն ընդունվել է դատավարական ժամկետներն խախտմամբ, ինչը ևս այդ որոշումը վերացնելու հիմք է:
Եթե ինձ հարցաքննեն, ես կներկայացնեմ բոլոր ապացույցները, այդ թվում՝ կնշեմ այն վկաներին, որոնք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ընթացքում չէին հարցաքննվել, սակայն իրենք կհաստատեն, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի երթևեկելի մասում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ պետական մարմինները ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել այս գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն, իրենք կարող են միայն հետաձգել այն:
«Իրենք այս գործողություններով չեն կարող խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Ուշ, թե շուտ ճշմարտությունը բացահայտվելու է: Այլ հարց է, թե երբ և ինչպես դա կանենք: Անգամ ՀՔԾ-ի այս անօրինական գործողությունները օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը խոչընդոտ չեն կարող հանդիսանալ»,- եզրափակեց փաստաբանը:
Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը ՀՔԾ էր դիմել 2013թ. հունվարի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Նիկոլայ Բաղդասարյանի կողմից հաղորդումը ներկայացնելու հետո ՀՔԾ-ն նյութերն ուղարկել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան. փաստաբանը, սակայն, պնդում էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու դեպքում քննիչն իրավունք ունի որոշում կայացնել քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ ՀՔԾ-ին պարտավորեցրել էր պատասխանել հաղորդմանը: