Բաժիններ՝

Գագիկ Եգանյանը՝ ՌԴ մուտք գործելու արգելքների և դրանց հնարավոր լուծումների մասին

ՌԴ մուտքի արգելանքը դրվում է Ռուսաստանի օրենսդրության պայմանները խախտելու պատճառով: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանն ասաց, որ վերջին 2 տարիների ընթացքում Ռուսաստանում թե՛ օրենսդրությունը, թե՛ պրակտիկան անընդհատ խստացվում են.

«Յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությունը ծառայեցնում է իր ներքին խնդիրների լուծման համար: Այս ճանապարհով նրանք փորձում են նաև պայքարել անկանոն միգրացիայի դեմ: Ի՞նչ խախտումների մասին է խոսքը: Խախտումները երկու տեսակի են՝ միգրացիոն օրենսդրության պահանջների խախտում (օրինակ՝ նախատեսված է, որ անձը պետք է նախկինում՝ 7 օրվա, ներկայումս՝ 30 օրվա ընթացքում հաշվառման կանգնի և այդ մասին տեղեկացնի համապատասխան ծառայությանը, սակայն ժամկետը չի պահպանվել, կամ՝ առանց վիզայի 90 օր կարող էր գտնվել ՌԴ-ում, սակայն ավելի երկար է մնացել՝ չունենալով դրա հիմքերը) կամ՝ վարչական իրավախախտումներ, արարքներ թույլ տալ (օրինակ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, օրինակ՝ խաչմերուկը կարմիր լույսի տակ անցնելը՝ անկախ այն հանգամանքից՝ տուգանքը վճարվե՞լ է, թե՞ ոչ: Եթե կա այդպիսի մեկ խախտում Մոսկվա քաղաքում կամ Սանկտ Պետերբուրգում, դա հիմք է մուտքը հետագայում արգելելու համար:

Ռուսաստանի այլ տարածքներում դա արվում է երկու նման խախտումների համար): Սա ուղղված չէ Հայաստանի քաղաքացիների դեմ: Այդ բոլոր խախտումների պատճառով մարդկանց մուտքն են արգելում: Տեղյակ եք՝ հունվարից, եթե անձը երկար ժամանակով առանց իրավունքի բնակվել է Ռուսաստանում, մինչև 10 տարով՝ նրա մուտք կարող է արգելվել՝ հունվարին ուժի մեջ մտած օրենքի համաձայն»:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ ռուսական աղբյուրների համաձայն՝ նմանատիպ խախտումներ թույլ տված օտարերկրացիների թիվը կազմում է ավելի քան 3 մլն, նրանց շարքում կան նաև ՀՀ քաղաքացիներ:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ընդհանրապես եթե անձը խախտում է որևէ երկրի օրենսդրությունը, պետք է փորձի խախտման իրավաչափ լինելը վիճարկել այդ երկրի դատական ատյաններում. «Այս դեպքում այս բարդ, քիչ հեռանկար ունեցող ուղղության փոխարեն՝ Ռուսաստանի մեր գործընկերները հնարավորություն են տվել ընդամենը դիմում գրել իրենց, և նրանք պատրաստակամություն են հայտնել դիմումի հիման վրա կրկին անգամ վերանայել անձի փակման գործը՝ որքան է դա իրավաչափ»:

Գագիկ Եգանյանի խոսքով՝ մարզերում դիմումը պետք է ներկայացնել մարզպետարաններ, Երևանում՝ Միգրացիոն ծառայություն: «Մինչև հիմա արդեն 5500 այդպիսի դիմումներ են եկել»,- ասաց Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ դիմումներն ամփոփելուց հետո կազմված փաթեթն ուղարկվում է Ռուսաստան, որտեղ գործընթաց է սկսվում:

«Այս ամբողջ գործընթացը, որպես կանոն, տևում է 2.5-3 ամիս: Իրենց ուղարկած պատասխանների 25 տոկոսը դրական են, այսինքն՝ արգելանքը վերացրել են: Բայց մի կարևոր լրացում. բոլոր այն դեպքերը, որտեղ առկա է դատարանի վճիռ, իրենք պատասխանում են, որ իրենք իրավասու չեն: Դատարանի վճիռը կարող է միայն մեկ այլ դատարանի վճռով վերացվել: Եթե հանենք նաև դատարանների վճիռ ունեցող դեպքերը, որ մենք ուղարկել ենք (չնայած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ՝ եթե դատարանի վճիռ կա, մի դիմեք մեզ, որովհետև ապարդյուն, անիմաստ է, բայց որոշ դեպքերում ներկայացվում են), ապա դրական ելքերի թիվը 30 տոկոս է, այսինքն՝ ուղարկված 3 գործից 1-ին դրական են պատասխանում»:

Լրագրողների հարցին՝ արդյոք ԵՏՄ-ն ազդեցություն ունի՞ այս գործում, Գագիկ Եգանյանը պատասխանեց, որ այն դրական ազդեցություն ունի այլ հարցերում: «Այն էապես, խիստ դյուրացնում է աշխատանքային միգրանտների հետ կապված գործառույթները, այնտեղի թղթավարությունը տարբեր հարցերի առնչությամբ»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, Տաջիկստանի կամ Ուզբեկստանի քաղաքացին ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալի, պետք է պատենտ ձեռք բերի, իսկ դրա համար պետք է քննություն հանձնի ռուսերենից, Ռուսաստանի պատմությունից և սահմանադրական կարգի, երեք հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքներ ներկայացնի, պետական տուրք վճարի (պետական տուրքի չափերը տարբեր են). «Հայաստանի քաղաքացիների համար նշածս 6 կետերից ոչ մեկն անհրաժեշտ չէ: Ազատված է ՀՀ քաղաքացին: Աշխատատեղը զբաղեցնելու հարցում մեր քաղաքացին և իրենց քաղաքացին նույն հավասար իրավունքներն ունեն»:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ քաղաքացիներն այնտեղ հիմնականում գնում են շինարարություն անելու, անկանոն են աշխատում, Գագիկ Եգանյանն արձագանքեց. «Ցանկացած երկրում, այդ թվում՝ ՀՀ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում, անկանոն աշխատանքային գործունեությունը հետապնդվում է: Ամենուրեք ստվերային զբաղվածության դեմ պայքարում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս