«Գնել Թևոսյանին հարվածներ են հասցրել, արժանապատվությունը նվաստացրել, հայհոյանքներ տվել»
Հարցազրույց Վազգես Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ
– Պարոն Զաքարյան, լրատվամիջոցներին հայտնել էիք, որ Ձեր պաշտպանյալի նկատմամբ ևս քննության համար խորթ միջոցներ են կիրառվել: Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, և արդյոք դրա հետ կապված գործողություններ պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել:
– Դրա վերաբերյալ հաղորդում տրվել է: Ասեմ, որ Գնել Թևոսյանին հարվածներ են հասցրել, արժանապատվությունը նվաստացրել, հայհոյանքներ տվել, որի մասին Գնել Թևոսյանը հաղորդման և բացատրության մեջ նշել է:
– Հաղորդումը Հատուկ քննչական ծառայությո՞ւն է ներկայացվել:
– Ոչ, այն մարմնին, որը քննություն էր կատարում: Եկան, նաև հաղորդում վերցրեցին, դրանից հետո արդեն պետք է փոխանցվի Հատուկ քննչական ծառայություն, որ այնտեղից գան և այդ հանգամանքների շուրջ քննություն կատարեն: Բայց մինչ այժմ որևիցե տեղեկություն չկա: Չեն եկել, չեն հարցաքննել:
– Այսինքն՝ Քննչական կոմիտեո՞ւմ է ներկայացվել հաղորդումը:
– Այո, Քննչական կոմիտեին է ներկայացրել: Ես ենթադրում եմ, որ Քննչական կոմիտեն այն պետք է հասցեագրի Հատուկ քննչական ծառայությանը, այնտեղից գան, նոր շարունակեն գործով նյութեր նախապատրաստել, և այլն, և այլն: Այս պահին որևիցե բան չկա:
– Դուք նշել էիք, որ Ձեր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Ձեր պաշտպանյալը ցուցմունք տվե՞լ է, հայտնե՞լ է, թե ինչ է արել դեպքի օրը, արդյոք արթո՞ւն է եղել, թե՞ ոչ:
– Հետևյալն է, որ արթուն չի եղել, քնած է եղել, դեպքի մասին իմացել է հաջորդ օրն առավոտյան, ինչպես բոլոր մնացած կուրսանտները:
– Եթե Ձեր պաշտպանյալը նշում է, որ քնած է եղել, ինչո՞վ է Ձեզ համար բացատրվում այն հանգամանքը, որ նա այժմ մեղադրվում է սպանության մեջ:
– Այս պահին ինֆորմացիայի բացակայության պայմաններում շատ դժվար է ասել: Չեմ բացառում, որ ինչպես` Գնել Թևոսյանի, այնպես էլ` այլ կուրսանտների նկատմամբ ևս խորթ մեթոդներ կիրառված լինեն, որոնց արդյունքում ինչ-որ անձ կամ անձինք իմ պաշտպանյալի դեմ ցուցմունքներ հարկադրված լինեն տալու: Որևէ այլ բացատրություն այս պահի դրությամբ չունեմ: Համենայն դեպս, մենք նաև պահանջել ենք, որպեսզի առերեսում կատարվի այն բոլոր անձանց հետ, ովքեր Գնել Թևոսյանի դեմ ցուցմունքներ են տվել, եթե այդպիսիք, իհարկե, կան:
– Դուք նախաքննական մարմին միջնորդություններ ներկայացրե՞լ եք, դրանք բավարարվե՞լ են:
– Որոշակի միջնորդություններ արվել են, մի մասը բավարարվել է, մի մասի վերաբերյալ՝ առերեսման վերաբերյալ պատասխան չկա: Այս պահի դրությամբ ավելին չեմ կարող ասել:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ևս բռնություն է գործադրվել, սակայն նշել էր, որ չի կարող ասել, թե ում կողմից է գործադրվել: Գործով բոլոր մեղադրյալները կալանավորված են: Բացի դա, հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել: Այդ քրեական գործով էլ մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: Նա ևս կալանավորված է: