Ձերբակալման պահին Վալերի Պերմյակովի կրած քաղաքացիական հագուստը ռուսական կողմի՞ մոտ է
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Հանդիպման ավարտից հետո Լուսինե Սահակյանն ասաց, որ գլխավոր դատախազի հետ բազմաթիվ հարցեր են քննարկվել, մասնավորապես` կապված վարույթի, երկու քրեական գործի առկայության, սահմանը հատելու փորձի դեպքով քրեական գործ հարուցելու, Վալերի Պերմյակովի՝ ռուսակող կողմի մոտ հայտնվելու հետ:
«Ասեմ, որ բավականին մանրամասն քննարկում է եղել: Երբ մեր գործընկերներից մեկը նախաձեռնել էր, մենք դատախազությանն առաջարկեցինք, որ այդ հանդիպումը պետք է լինի զուտ աշխատանքային: Այդ նպատակով տուժողների իրավահաջորդները ներկա չէին»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ գործի արդյունավետ քննության նկատառումներից ելնելով՝ քննարկված հարցերի հետ կապված այս պահին մանրամասներ չեն կարող ներկայացնել:
168.am-ի հարցին՝ արդյոք հանդիպման ժամանակ գլխավոր դատախազից հետաքրքրվե՞լ են՝ քննության ընթացքում պարզվե՞լ է սպանության շարժառիթը, դրդապատճառը և պատասխան ստացե՞լ են, թե՞ ոչ, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Նշեմ, որ սա, ըստ էության, վարույթ իրականացնող մարմնի իրավասության տակ է: Եվ այդ հարցերը մենք քննարկում ենք վարույթն իրականացնող մարմնի հետ»:
Փաստաբանի խոսքով՝ ռուսական կողմի հետ «կատեգորիկ» ոչինիչ չեն քննարկում, որովհետև գտնում են, որ գործի արդյունավետ քննության պարտականությունը կրում է ՀՀ-ն և ՀՀ տարածքում պետք է արդյունավետ քննություն իրականացվի:
Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենց տեղեկացրել են, որ ՌԴ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության պատասխանը դեռևս չի ստացվել, իսկ գրության բովանդակությունն իրենց չի բացահայատվել՝ նկատի ունենալով, որ այն պարունակում է նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:
«Շատ հարցեր արդեն՝ սկսած այն պահից, երբ Պերմյակովն, ըստ էության, հայտնվեց ռուսների իրավասության տակ, և նրանք քրեական գործ հարուցեցին, արդեն շատ լուրջ խնդիրներ են ծագել, որի լուծումը, կարծում եմ, որ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում ոչ ոք չի կարող տալ՝ գործի արդյունավետ քննության իմաստով»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մեր հարցին՝ արդյոք քաղաքացիական հագուստը, որը ձերբակալման պահին կրել է Վալերի Պերմյակովը, արդյոք գտնվո՞ւմ է հայ իրավապահների տրամադրության տակ, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ դրանք դեռևս չեն ներկայացվել տուժողների իրավահաջորդներին. «Նախաքննական գաղտնիքի տեսակետից նրանք չեն բացահայտում, թե այդ հագուստն ում մոտ է գտնվում, բայց մենք դրանից, նաև որպես իրավաբան իմանալով քրեական գործի ընթացքը՝ գուշակում ենք, որ ամենայն հավանականությամբ այդ հագուստները գտնվում են ռուսական կողմի մոտ»: