Վկան՝ Վերնիսաժի դեպքերի մասին. «Երկու «զդարովի» երիտասարդ «պուճուրոտ» տղայի են քաշքշել»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների գործի քննությունը: Հարցաքննության ժամանակ վկա Վահան Հակոբյանը պատմեց, որ արդեն 10 տարի է՝ Վերնիսաժում շների համար դնչկալ է վաճառում, դեպքի օրը իր ճնշումը բարձրացել է, և ինքը ցանկացել է խանութ գնալ՝ օղի գնելու համար: «Որ օղի խմում եմ, դզվում է, էլի, ճնշումս, կարգավորվում է»,- ասաց նա:
Վկայի խոսքով՝ խանութ գնալու ճանապարհին ձայներ է լսել, մոտեցել է և տեսել է, որ բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղու մոտ երկու «զդարովի» երիտասարդ «պուճուրոտ» տղայի են քաշքշել: Վկա Վահան Հակոբյանը հստակեցրեց, որ ծեծվող տղան գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանն է:
Վկայի խոսքով՝ Գոռ Առաքելյանը մի պահ գնացել է, նստել իր մեքենան, սակայն նրան մեքենայից հանել են, սկսել ծեծել: Վկայի խոսքով՝ Գոռ Առաքելյանը ևս մեկ անգամ է նստել ավտոմեքենան, նրան ցանկանում էին մեքենայից հանել դուրս, սակայն չէին կարողանում: Որոշ ժամանակ անց Գոռ Առաքելյանը իջել է մեքենայից և մի քանի կրակոց արձակել, սակայն դժվարացավ նշել, թե քանի կրակոց է հնչել: Վկան նշեց նաև, որ դեպքի վայրում կանայք ասել են, թե Գոռ Առաքելյանի ավտոմեքենայում կին և երեխա կա, սակայն ինքը չի տեսել:
Վկան նշեց, որ երբ որոշ ժամանակ անց ինքը վերադարձել է խանութից, դեպքի վայրում վիրավորված անձանց է տեսել: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Գոռ Առաքելյանին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ, ինչին վկան արձագանքեց. «Չէ, որ ուզենար սպաներ, ոտքերին չէր խփի»:
Հարցին, թե ինչպիսին էր Գոռ Առաքելյանի վիճակը, վկան պատասխանեց. «Խառնված, զենքը ձեռքը»: Վկան նշեց նաև, որ դեպքից որոշ ժամանակ անց Ոստիկանությունից եկել, իրեն տարել. «Եկան, ինձ գործից կտրին, տարան, զոռով էլ տարան»: