«Եթե ընդունենք, որ Արդարադատության խորհուրդը ամբողջ կազմով հրեշտակներից բաղկացած լինի, միևնույն է՝ դատավորի կախումը դրանով չի վերանա»

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը 2014թ. հոկտեմբերի 5-9-ը Հայաստան կատարած այցելությունից հետո զեկույց է հրապարակել: Զեկույցը վերաբերում է ՀՀ-ում արդարադատության իրականացմանը, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների քննության արդյունավետությանը, կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը: Զեկույցի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

– Պարոն Ալումյան, հանձնակատարն իր զեկույցում անդրադարձել է դատական իշխանությանը՝ ներկայացնելով մի շարք մտահոգություններ: Ինչպե՞ս եք գնահատում զեկույցը:

– Լիովին կիսում եմ Մարդու իրավունքների հանձնակատարի մտահոգությունները՝ կապված Հայաստանի դատական իշխանության կախյալ վիճակի և յուրաքանչյուր առանձին դատավորի կախյալ վիճակի հետ:

– Զեկուցում նշված է, որ հանձնակատարի տարբեր զրուցակիցները փաստել են, որ դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և լիազորությունների դադարեցման ընթացակարգերը չեն նպաստում դատավորի անկախությանը, մասնավորապես` պայմանավորված այդ գործընթացում հանրապետության նախագահի գերակա դերակատարմամբ: Համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

Կարդացեք նաև

– Այդ մասով էլ համաձայն եմ: Ընդ որում, ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հատվածի վրա, որտեղ նա ասում է, որ Հանրապետության նախագահը կարող է առանց որևէ հիմնավորման այս առումով որոշումներ ընդունել, և վիճարկման որևէ մեխանիզմ չկա: Ես, ճիշտն ասած, ինքս էլ միշտ այդ մտահոգությունն ունեցել եմ, որովհետև, երբ ծանոթանում ենք նախագահի համապատասխան հրամանագրերի հետ, այնտեղ գոյություն չունի ոչ մի պատճառաբանական մաս: Այսինքն՝ նա կասի՝ այո՞, թե՞ ոչ, համաձայն կլինի՞ Արդարադատության խորհրդի որոշմանը, թե՞ ոչ, ստացվում է լրիվ կամայական որոշում՝ առանց որևէ հիմնավորման: Սա այդ դաշտը լիովին փակ, անհասկանալի, անկանխատեսելի է դարձնում:

– Այդ առումով հանձնակատարը խորհուրդ էր տվել վերանայել դատավորների ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման ընթացակարգերը՝ նշելով, որ պետք է սահմանափակվեն նախագահի հայեցողական լիազորությունները: Ձեր կարծիքով՝ արդյոք նախագահի լիազորությունները սահմանափակելու անհրաժեշտություն կա՞:

– Գոնե ինչ-որ չափորոշիչներ պիտի լինեն, թե որ դեպքում նախագահը պետք է այս կամ այն որոշումը կայացնի, ինչ հանգամանքների վրա հիմնվելով: Ես գուցե ավելի հեռուն գնացող մի բան ասեմ: 1995 թվականից դատարաններին անկախացնելու փորձ է արվում: Տարբեր մոդելներ են աշխատեցվել, Արդարադատության խորհրդի կազմի հետ կապված` 2 անգամ սահմանադրական փոփոխություններ են եղել: Սկզբում Սահմանադրության մեջ մի մոդել էր, հետո այդ մոդելը փոխվեց սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ նորից նպատակ ունենալով անկախացնել դատավորներին: Մեզ մոտ դա չի ստացվում: Եթե ընդունենք, որ Արդարադատության խորհուրդը նույնիսկ ամբողջ կազմով հրեշտակներից բաղկացած լինի, միևնույն է՝ դատավորի կախումը դրանով չի վերանա:

Դատավորն այս անգամ էլ կախված կլինի հրեշտակների կամքից: Դատավորների կախումը կարող է վերանալ միայն, եթե մենք անցնենք գոնե առաջին ատյանի դատարանի դատավորների ընտրության մեխանիզմին: Այսինքն՝ դատավորներն իրենց պաշտոնը ստանան ընտրությունների միջոցով: Չէ՞ որ տրամաբանական է. եթե գործադիր իշխանության գլուխն ընտրության միջոցով է ստանում իր պաշտոնը, օրենսդիր իշխանությունն ամբողջությամբ ընտրովի է, ապա տրամաբանական է, որ դատական իշխանությունն էլ ընտրովի լիներ, այլ ոչ թե` նշանակովի: Սա է իմ կարծիքը:

Ինչքան էլ հիմա փորձենք պակասեցնել նախագահի լիազորությունները՝ այս անենք, այն անենք, միևնույն է՝ դատավորների կախումը չի վերանա: Կդադարեն կախված լինել նախագահից, այս անգամ ամբողջությամբ կախման մեջ կլինեն Արդարադատության խորհրդից: Դատավորներին անկախ դարձնելու միակ մեխանիզմը հավանաբար ընտրությունների մոդելն է, որը շատ հաջողությամբ գործում է, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

– Ըստ զեկույցի՝ հանձնակատարը մի շարք տեղեկություններ է ստացել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների՝ որպես նրանց որոշումների վրա ազդելու նպատակ հետապնդող ճնշման լծակի կամ նրանց պատժելու նպատակ հետապնդող մեխանիզմի անարդար կիրառության մասին:

– Կարգապահական վարույթները հենց պատժելու նպատակ էլ պետք է ունենան: Ուրիշ բան է, որ դրանք օգտագործվում են անձնական հաշիվներ մաքրելու համար: Իմ կարծիքով՝ հենց դրա մասին է հանձնակատարի ասածը, որ այդ մեխանիզմներն օգտագործվում են ոչ թե կոնկրետ խախտման դեպքում համաչափ պատժի համար, այլ միևնույն բանը մի քանի դատավորներ կարող են արած լինել, բայց կպատժվի այն մեկը, որի հետ անձնական հաշիվներ կան մաքրելու, որը, օրինակ՝ իրեն այս ընթացքում այնքան էլ հնազանդ չի դրսևորել:

– Հանձնակատարին մտահոգել են տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: Ի՞նչ եք կարծում` այսպիսի երևույթներ կա՞ն Հայաստանի դատական համակարգում:

– Ես կարծում եմ՝ այստեղ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանների դատավորների մեղքի բաժինն է գերակշռում, որովհետև ես կարծում եմ, որ շատ հաճախ իրենք, ուղղակի չուզենալով իրենց վրա վերցնել պատասխանատվությունը, գերադասում են գործը վերցնել ու վազել վճռաբեկ: Իհարկե, այդ երևույթը գոյություն ունի, բայց գոյություն ունի ոչ այնքան վճռաբեկ դատարանի նախաձեռնությամբ, դա իմ անձնական դիտարկումն է, իհարկե: Դրա նախաձեռնողը ոչ այնքան վճռաբեկ դատարանն է, այլ հենց այդ ստորադաս դատարանների դատավորներն են նախաձեռնողները՝ իրենց վրայից պատասխանատվությունը վայր դնելու կամ, այսպես ասենք, երաշխավորված լինելու, որ իրենց հետագայում չեն ասի՝ ինչո՞ւ դուք այսպիսի որոշում կայացրիք: Դրա համար էլ իրենք շատ հաճախ գերադասում են նախապես համաձայնեցնել իրենց դատական ակտերը: Իսկ դա շատ վատ երևույթ է:

– Զեկույցում նաև նշված է, որ հանձնակատարին մտահոգում է իրավապահ մարմինների կատարած խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին բողոքների արդյունավետ քննության բացակայությունը, «որը հանգեցնում է մեղավորների անպատժելիությանը և նման բռնության կրկնությանը»: Ի՞նչ եք կարծում՝ նման բողոքների վերաբերյալ քննությունն անարդյունավե՞տ է կատարվում, և ո՞րն է դրա պատճառը:

– Ես կարծում եմ՝ մեզ մոտ անարդյունավետ են քննվում խոշտանգումների վերաբերյալ ստացված տվյալները: Դա կապված է նրա հետ, որ մեր իրավապահ մարմինները ոչ մի կերպ չեն կարողանում հասնել պրոֆեսիոնալիզմի այն մակարդակին, որպեսզի առանց մարդուն խոշտանգելու` կարողանան բացահայտել գործը: Իրենց թվում է, թե գործի բացահայտման ամենաարդյունավետ ճանապարհը խոշտագումների միջոցով անհրաժեշտ ցուցմունքներ ստանալն է: Դա խոսում է իրենց ցածր պրոֆեսիոնալ մակարդակի մասին: Որքան ավելի պրոֆեսիոնալ է լինում քննիչը, այնքան ավելի քիչ են իրեն անհրաժեշտ լինում զարտուղի ճանապարհով ձեռք բերված ապացույցներ:

Տեսանյութեր

Լրահոս