Զինծառայող Ալբերտ Սաֆարյանի գործով 3 անձ կալանավորվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին փոխանցեցին, որ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գևորգ Ղազարյանը և կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը կալանավորվել են:

Ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, իսկ վաշտի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս