35 րոպեի ընթացքում այդ հսկայական տունը պարզապես չէր կարող խուզարկվել. Հայկ Ալումյանը՝ Սուրիկ Խաչատարյանի տան խուզարկության մասին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը դատարանին միջնորդել էր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նախագահի աշխատակազմերից պահանջել տեղեկություններ՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ այդ պաշտոնատար անձինք մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:

Նշենք, որ այս դատարանում քննվում են Հայկ Ալումյանի բողոքները՝ կապված Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումների հետ:

Հայկ Ալումյանն ասաց, որ գործի քննության ընթացքում իրենց տեղեկություններ են հասել, որ ՀՀ նախագահն ու արդարադատության նախարարը մասնակցել են Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանեկան արարողությանը: Հայկ Ալումյանն ասաց, որ դա իրենց մոտ կասկած է առաջացրել՝ արդյոք նման պայմաններում, երբ այդ լուրը տարածվել է, դատարանը կարո՞ղ է հավասար պայմաններում քննել իրենց և Տիգրան Խաչատրյանի դատական վեճը:

Փաստաբանն ասաց, որ ինքը հունվարի 31-ին հարցումներ էր կատարել ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով հայտնել՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ նրանք մասնակցել կամ ներկա են գտնվել Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին: Հայկ Ալումյանի խոսքով՝ նախագահի աշխատակազմից մինչ այսօր պատասխան չի ստացել, իսկ արդարադատության նախարարի աշխատակազմի ղեկավարը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ նշելով, որ դա կազմում է արդարադատության նախարարի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք:

Կարդացեք նաև

Փաստաբանն այդ մեկնաբանությունը թյուրիմացություն համարեց՝ ասելով. «Նա ակնհայտորեն հաշվի չի առել, որ շարքային քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքն ավելի շատ է պաշտպանվում, քան, այսպես ասած, հրապարակային անձանցը: Կարճ ասած՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձնական և ընտանեկան կյանքը: Այսինքն՝ նրանց կողմից որևէ մեկի հարսանեկան արարողությանը մասնակցած լինել-չլինելը հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարց է, և դա չի կարող գաղտնի պահվել հասարակությունից: Դա՝ ընդհանուր առմամբ, իսկ հատկապես մեր գործի դեպքում, բացի նրանից, որ ես՝ որպես հասարակության ներկայացուցիչ կամ իմ վստահորդն իրավունք ունեինք անարգել ձևով այդպիսի տեղեկություններ ստանալ, ես նաև հիմնավորել եմ, թե քրեական գործի հետ կապված՝ այս բողոքի հետ կապված, հատկապես ինչու է ինձ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ»: Փաստաբանն ասաց, որ եթե անգամ ընդունենք, որ այդ տեղեկատվությունն անձնական կյանքի գաղտնիք է, դատարանն իր որոշմամբ կարող է ստանալ այդ տեղեկատվությունը:

«Մենք այս գործի նկատմամբ զգացել ենք որոշակի ազդեցություններ, այսպես ասեմ, որը հանգեցրել է այն որոշումների կայացմանը, որոնք մենք այսօր վիճարկում ենք: Բայց մենք չենք կարողացել այդ ազդեցությունների փաստն ապացուցել ու ցույց տալ, թե որտեղից են այդ ազդեցությունները, աղբյուրը որն է: Հիմա մենք կարծեք թե ինչ-որ փաստեր ունենք դրա հետ կապված: Ես ընդամենն ուզում եմ՝ այդ տեղեկատվությունը պաշտոնապես լինի նյութերում, որպեսզի մենք, երբ վիճարկում ենք այդ որոշումները, նաև կարողանանք ցույց տալ՝ որտեղից է եղել այդ հավանական ազդեցությունը, և ինչ կերպ է դա անդրադարձել: Եթե դատարանն այնուամենայնիվ անկախ մարմին է՝ ըստ մեր Սահմանադրության և օրենքների, ուրիշ բան է, որ, համենայն դեպս, ես կարծիք ունեմ, որ այնուամենայնիվ հանրապետության նախագահի և արդարադատության նախարարի լուրջ ազդեցությունը կա դատարանների վրա, բայց Դուք՝ որպես նախագահող, համարեցինք, որ ազեցություն չկա, ապա գոնե քննչական մարմինը և Դատախազությունն այն մարմիններն են, որոնք գործադիր իշխանության մաս են կազմում: Եվ եթե գործադիր իշխանության գլուխը և գործադիր իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը, այն էլ՝ մեկը չէ, տեղեկատվությունը նաև այն է, որ վարչապետն է մասնակցել այդ հարսանիքին և, այսպես կոչված, քաղաքական էլիտան, ապա մենք մեր բողոքի հիմնավորումների մեջ հիմնվելու ենք նաև այդ հանգամանքի վրա, որ ինչպե՞ս կարող է նախաքննությունն օբյեկտիվ ընթանալ, նախաքննության նկատմամբ հսկողությունն օբյեկտիվ լինել, եթե գործադիր իշխանությունն իր ամբողջ բարձրաստիճան կազմով, ներառյալ՝ հանրապետության նախագահին, այնքան մտերիմ են այդ ընտանիքի հետ, որ իր հարսանիքին են մասնակցում»,- ասաց փաստաբանը:

Դատախազն ու քննիչը նշեցին, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Մերժելով միջնորդությունը՝ դատարանը նշեց, որ միջնորդությունը բողոքի վերաբերյալ նյութերին չի առնչվում:

Դատարանում այսօր Հայկ Ալումյանը շարունակեց լրացնել իր բողոքները: Նա անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը եղած զենքերին: Նրա խոսքով՝ ըստ քննության վարկածի՝ Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերվել է 8 հրազեն, որոնք բոլորը, ըստ քննիչի վարկածի, օրինական թույլտվությամբ են պահպանվում նրա տանը: Փաստաբանի խոսքով՝ ըստ խուզարկություն, առգրավում կատարելու մասին արձանագրության: «Ըստ այդ արձանագրության՝ «խուզարկությունը» կատարվել է 2013թ. հունիսի 2-ին՝ ժամը 11:25-12:00-ն, խնդրում եմ ուշադրություն այս թվերի վրա, և գործողությունը կատարվել է միայն մեկ քննիչի՝ Գ. Մինասյանի ուժերով»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ խուզարկության բովանդակությունն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով՝ օրինակ, Նիկոլայ Աբրահամյանի տանը խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, չի արձանագրվել, սակայն այն տևել է 1 ժամ 20 րոպե, իրականացվել է քննիչի և 3 ոստիկանի ուժերով, Արագած Ղևոնդյանի բնակարանում էլ խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, չի արձանագրվել, սակայն այն տևել է 43 րոպե, իրականացվել է քննիչի և 2 այլ ոստիկանների ուժերով: Հայկ Ալումյանի խոսքով՝ Ավետիք Բուդաղյանի տանը ևս ոչինչ չի հայտնաբերվել, չի առգրավվել, սակայն գործողությունը տևել է 1 ժամ 5 րոպե, իրականացվել է քննիչի և 2 այլ ոստիկանների ուժերով:

«Սուրիկ Խաչատրյանի տան «խուզարկության» արձանագրության բովանդակությունն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ոչ այլ բան, քան կեղծիք, պաշտոնական կեղծիք: Իրականում Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը չի խուզարկվել, և այդքան կարճ ժամանակում և, առավել ևս, մեկ քննիչի ուժերով չէր էլ կարող խուզարկված լինել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատախազը միջամտեց՝ նշելով, որ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացվել, որը Հայկ Ալումյանի կողմից բողոքարկվել է, սա բողոքին չի վերաբերում: Նա նշեց, որ քննարկվում են հարցերը՝ արդյոք Ավետիք Բուդաղյանը հանցագործություն կատարե՞լ է, թե՞ ոչ, Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը գործե՞լ են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, թե՞ ոչ:

Հայկ Ալումյանն էլ ասաց, որ խոսելով քննիչի որոշումների թերությունների մասին՝ չի կարող չանդրադառնալ ընդհանուր առնմամբ քննության որակին: «Սա վերաբերում է քննության որակին ընդհանրապես, ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ որակի քննության արդյունքում են այդ որոշումները կայացվել»,- ասաց նա:

Շարունակելով ներկայացնել իր լրացումները՝ Հայկ Ալումյանն ասաց, որ 35 րոպեների ընթացքում «այդ հսկայական տունը պարզապես չէր կարող խուզարկվել» և, նույնիսկ, եթե այն տևեր 10 ժամ, մեկ քննիչի ուժերով այն իրականացվել չէր կարող «հենց միայն թեկուզ այն պատճառով, որ քանի դեռ քննիչը խուզարկում է սենյակներից մեկը, հետո անցնում է մյուս սենյակի խուզարկությանը, երրորդ սենյակից եղած-չեղածը կարելի է տեղափոխել այն սենյակ, որտեղ խուզարկությունն արդեն ավարտվել է»: Բացի դա՝ փաստաբանը նշեց, որ առանձնատան խոհանոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նաև խոսակցությունները, և դրանց վերծանումների մեջ երևում է, որ դեպքից հետո տան անդամները խոսել են որոշակի զենքերի մասին, օրինակ՝ ԻԺ-22-ի և Նագանի մասին, որը հետագայում Սուրիկ Խաչատրյանի տանը չի հայտնաբերվել, զենքը կտրելու մասին, սակայն քննիչը չի պարզել խոսակցությանը մասնակցած անձանց ինքնությունները, չի հարցաքննել նրանց խոսակցություններում նշված հանգամանքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս